Նոր մոտեցում. ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարությունը փոխվեց

Պետություն, որը պատրաստ չէ հաղթել պատերազմը բոլոր ուղղություններով, ի վիճակի չէ կանխել պատերազմը, հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ ներկայացնելով ԱՄՆ-ի նոր ազգային անվտանգության ռազմավարությունը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Փաստաթուղթը, նախագահի խոսքով, մշակվել է առաջնորդվելով Ամերիկայի պատմական դերի վրա.

«Մենք ազատագրել ենք գերված ժողովուրդներ, նախկին թշնամիներին դարձրել լավագույն բարեկամներ, զարգացրել, աղքատությունից դեպի բարգավաճում ուղեկցել տարածաշրջաններ»:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարությունն ունի երեք հիմնասյուն՝ նշում է Դոնալդ Թրամփը: Առաջինն է՝ քաղաքացիների պաշտպանությունը երկրի ներսում, ինչը նշանակում է ապօրինի ներգաղթի, ահաբեկչության եւ միջազգային քրեական ցանցերի դեմ պայքար.

«Պետություն, որը չունի սահմաններ, պետություն չէ»:

Երկրորդ հիմնասյունն է ամերիկյան տնտեսական բարգավաճման ապահովումը.

«Տնտեսական հզորությունն ու բարգավաճումն անհրաժեշտ են արտերկրում Ամերիկայի հզորության եւ ազդեցության պահպանման համար: Ցանկացած պետություն, որը զոհաբերում է իր բարգավաճումը հանուն անվտանգության, արդյունքում երկուսից էլ կզրկվի»:

Տնտեսական զարգացումն ապահովելու համար նախագահ Թրամփը նախատեսում է կրճատել հարկերը եւ վերակառուցել երկրի ենթակառուցվածքները, ինչը նշանակում է նոր ճանապարհներ, օդանավակայաններ, կամուրջներ:

ԱՄՆ-ի անվտանգության ռազմավարության երրորդ հիմնասյունը խաղաղության ապահովումն է.

«Թուլությունը հակամարտություն է առաջացնում, իսկ պաշտպանության առավել հուսալի միջոցը հզորագույն ուժն է»:

ԱՄՆ-ի նախագահը նախատեսում է ավելացնել պաշտպանական ծախսերը, արդիականացնել երկրի Զինված ուժերը, առավելության հասնել տիեզերքում եւ ամրապնդել դաշինքները:

«Ռուսաստանն ու Չինաստանի մարտահրավեր են նետում ամերիկյան ազդեցությանը, արժեքներին եւ բարեկեցությանը: Մենք կփորձենք գործընկերություն կառուցել այս եւ այլ երկրների հետ, սակայն՝ միայն պահպանելով մեր ազգային շահերը»:

Միեւնույն ժամանակ, Դոնալդ Թրամփն ընդգծում է՝ Միացյալ Նահանգները չի ցանկանում որեւէ մեկի պարտադրել իր ապրելակերպը, սակայն, միշտ պատրաստ է պաշտպանել իր արժեքները:

«Մենք նոր դաշինքներ ենք կնքելու նրանց հետ, ովքեր կիսում են մեր արժեքները եւ միասնական շահերը դարձնելու ենք միասնական նպատակներ»:

Դոնալդ Թրամփի խոսքով, ապագայի աշխարհը, որը տեսնում է Ամերիկան, կազմված է սեփական քաղաքացիներին եւ հարեւաններին հարգող հզոր, անկախ պետությունների միասնությունից:

Տեսանյութեր

Լրահոս