
««Ողջամտորեն» բառը սարքել եք մանտրա, որ կոնկրետ կալանավորի վերաբերյալ կոնկրետ քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ ոնց ուզեք, այդ բառը շահարկեք». Նաիրա Զոհրաբյան

«Ինչո՞ւ կառավարությունը կոնվեերային սիստեմով մերժեց «Ծառուկյան» դաշինքի շատ կարևոր առաջարկը, որը բխում էր Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների դեմ հանձնաժողովի առաջարկից՝ տեսաձայնագրել ձերբակալված, կալանավորված անձանց հարցաքննությունները»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ն. Զոհրաբյանի խոսքով՝ կառավարությունը խոստացել էր՝ նոր Քրեադատավարական օրենսգիրք է բերվելու, և այնտեղ պետք է ներառեին իրենց առաջարկությունը. «Հերթական անգամ կառավարությունն իր խոսքի տերը չեղավ»:
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ի պատասխան՝ ասաց. «Մենք ապացույցի ձեռքբերման նոր տեսակների մասին այստեղ չենք խոսում, հետևաբար՝ ես ձեր հարցին այդ առումով չեմ կարող պատասխանել»:
Ն. Զոհրաբյանը նաև բողոքեց նախագծում առկա «ողջամտորեն» բառից. ««Ողջամտորեն» բառը սարքել եք մանտրա միայն նրա համար, որ կոնկրետ կալանավորի վերաբերյալ կոնկրետ քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ ոնց ուզեք, այդ «ողջամտորեն» բառը շահարկեք»:
Ա. Հովհաննիսյանն էլ հայտարարեց, որ այդ բառն իրենք չեն հորինել. «Մենք հենց այդ նույն արտահայտությունները վերցրել ենք Սահմանադրության 65-րդ հոդվածից»: