ԿԺԴՀ-ն հրաժարվում է ԱՄՆ-ի հետ երկխոսել իր միջուկային ծրագրի շուրջ. «Նոդոն սիմբուն»
ԿԺԴՀ-ն մերժել է առանց նախապայմանների երկխոսություն սկսելու ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի առաջարկությունը: Այդ մասին ասված է այն մեկնաբանության մեջ, որը դեկտեմբերի 19-ին հրապարակել է «Նոդոն սիմբուն» թերթը:
«Բանակցություններ առաջարկելով մեզ՝ Միացյալ Նահանգները դրանով իսկ ցանկանում են Փենյանի վրա բարդել Կորեական թերկաղզում իրադրության սրվելու պատասխանատվությունը»,- ընդգծում է թերթը: Հոդվածի հեղինակի կարծիքով՝ Վաշինգտոնը ցանկանում է այդ հրաժարումն օգտագործել այն բանի համար, որ «համապատասխան տրամադրվածություն ստեղծի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում եւ նոր պատժիչ բանաձեւեր ընդունի ԿԺԴՀ-ի նկատմամբ, ներառյալ ծովային շրջափակումը»:
«Մեր դիրքորոշումն անփոփոխ է մնում. մենք շարունակելու ենք ամրապնդել սեփական միջուկային ուժերը»,- հավելել է թերթը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը դեկտեմբերի 12-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկխոսություն սկսել Հյուսիսային Կորեայի հետ՝ չառաջադրելով նախնական պայմաններ: «Մենք պատրաստ ենք առաջին հանդիպումն անցկացնել առանց նախնական պայմանների»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդում:
«Եկեք հանդիպենք, խոսենք եղանակի մասին, եթե կուզեք»,- նշել է պետքարտուղարը եւ հավելել. «Բայց ի վերջո մենք պետք է նստենք դեմառդեմ եւ սեղանին դնենք քարտեզը՝ ճանապարհային այն քարտեզը, թե ինչի վրա պետք է համատեղ աշխատենք»:
Թիլերսոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ձգտում Փենյանի վարչակարգի փոփոխման, ինչպես նաեւ պատճառներ չի փնտրում Հյուսիսային Կորեային հարված հասցնելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: