Բաժիններ՝

ԱՄՆ-ում ավելի քան 100 մարդ է հայտնվել հիվանդանոցներում երկաթուղային վթարից հետո

Amtrak երկաթուղային ընկերության արագընթաց գնացքը, որը Սիեթլից մեկնել էր Փորթլենդ, դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգում դուրս է եկել ռելսերից: Վթարի հետեւանքով հոսպիտալացվել է ավելի քան 100 մարդ, զոհվել է առնվազն վեց հոգի:

Վթարը տեղի է ունեցել կտրուկ շրջադարձից եւ վերգետնյա կամուրջ մտնելուց հետո: Առնվազն երկու վագոն է ընկել I-5 ավտոմայրուղու վրա՝ կազմալուծելով տրանսպորտի երթեւեկությունն ԱՄՆ-ի հյուսիս – արեւմուտքի ամենածանրաբեռնված ճանապարհին, որը տանում է Կանադայից մինչեւ Մեքսիկա:

CHI Franciscan Health բժշկական հիմնարկությունների ցանցի տվյալներով՝ Թաքոմայի եւ արվարձանների հիվանդանոցներ է տեղափոխվել ավելի քան 75 մարդ, իսկ հաշվի առնելով հարեւան բնակավայրերի հիվանդանոցները, հոսպիտալացվածների թիվը գերազանցել է 100-ը: Նրանցից չորսը ծանր վիճակում են:

Իշխանությունների կողմից հաստատված՝ զոհերի թիվը, եթե հավատանք CNN հեռուստաընկերության տվյալներին, առայժմ հասնում է երեքի: Associated Press (АР)գործակալությունը հայտնել է վեց զոհվածների մասին:

Տրանսպորտի անվտանգության ազգային վարչության պաշտոնական ներկայացուցիչ Բելլա Դին Զարը հայտարարել է, որ խոսել վթարի պատճառների եւ զոհերի թվի մասին վաղաժամ է:

Վաշինգտոնի նահանգապետ Ջեյ Ինսլին դեկտեմբերի 18-ին արտակարգ իրադրության ռեժիմ է սահմանել նահանգում:

Amtrak-ում հավաստել են, որ այդ գնացքը դեկտեմբերի 18-ին կատարում էր առաջին երթը երկաթուղու նոր ճյուղով, որը կառուցվել է 180,8 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ նախագծի շրջանակներում: Նախագծի նպատակն է՝ արագացնել ուղեւորների փոխադրումը Սիեթլի (Վաշինգտոնի նահանգ) եւ Փորթլենդի (Օրեգոնի նահանգ) միջեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս