
Windows 10-ում վտանգավոր խոցելիություն են գտել նշանաբառերի հափշտակման համար

Windows 10-ում տեղակայված Keeper նշանաբառերի մենեջերում վտանգավոր խոցելիություն է հայտնաբերվել, որը թույլ է տալիս հափշտակել օգտատերերի տվյալները: Դրա վրա ուշադրություն է հրավիրել Google-ի մասնագետ Թրեւիս Օրմանդին։
Նշվում է, որ ճիշտ նույնպիսի խոցելիություն էր գտնվել ավելի քան մեկ տարի առաջ: Բրաուզերի համար ֆիրմային պլագինը պարունակում է սխալ, որը ցանկացած կայքի թույլ է տալիս հափշտակել Keeper-ում պահված նշանաբառերը:
Օրմանդիի խոսքով՝ ինքը խնդրին բախվել է միայն համակարգի թեստային տարբերակում, սակայն Reddit-ում քննարկումների ժամանակ օգտատերերը հայտնել են խոցելիության առկայության մասին նաեւ ռելիզային տարբերակում: Microsoft-ի ներկայացուցիչն Ars Technica հրատարակությանը հայտարարել է, որ կորպորացիան արդեն թողարկել է շտկմամբ նորացում. «Մենք գիտենք այդ հավելվածում առկա խոցելիության մասին, եւ մշակողներն արդեն թողարկել են նորացում օգտատերերի պաշտպանության համար»: