Թոմաս Շրապելը հակասություն չի տեսնում ՀՀ-ի` ԵԱՏՄ հետ անդամակցության և ԵՄ հետ հարաբերությունների խորացման միջև
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկաս տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելը կարծում է, որ Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար մեծ նշանակություն ունի: Պատգամավորն այս մասին հայտարարեց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի 24-ին կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ:
«Այս համաձայնագիրը հիմնված է Եվրամիության անդամ երկրների ու Հայաստանի համընդհանուր հետաքրքրությունների վրա, որոնք ուղղված են մարդու իրավունքների հարգման, ժողովրդավարության զարգացմանը. այստեղ կարեւոր են իրավական պետության սկզբունքները, կայուն զարգացումը»,- ասաց նա:
Թոմաս Շրապելի խոսքով՝ համաձայնագիրը նաեւ պետք է նպաստի առևտրի, ներդրումների զարգացմանը:
«Այս համաձայնագիրն այնպես է կազմված, որ հակասություն չպետք է լինի Հայաստանի կողմից ԵԱՏՄ շրջանակում ստանձնած պարտավորությունների հետ: Ընդհակառակը՝ Բրյուսելի հետ բանակցությունների ժամանակ կարեւոր է եղել այն, որ պայմանագրի առանձին դրույթները չհակասեն ՀՀ անդամակցությանը ԵԱՏՄ-ին: Սա ոչ թե «կամ-կամ»-ի հարց է, այլ՝ «եւ-եւ»-ի: Մենք համոզված ենք, որ ԵԱՏՄ անդամակցությունը եւ Հայաստանի հարաբերությունների խորացումը ԵՄ հետ հակասություն չեն»,- ասաց Թոմաս Շրապելը` ընդգծելով, որ միգուցե այս համաձայնագիրը հնարավորություն լինի Հայաստանի Հանրապետության համար ԵՄ-ԵԱՏՄ-ՌԴ եռանկյունու շրջանակում դառնալու առանձնահատուկ դեր ունեցող երկիր:
Բրյուսելում նոյեմբերի 24-ին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: