«4.5 տոկոս տնտեսական աճն ամոթալի է». Թաթուլ Մանասերյան
«Որոշ ապրանքների գծով կլինեն մաքսատուրքեր, բայց դա շատ մեծ չի լինելու, և գնաճը հիմնականում դրանով չէ պայմանավորված»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թաթուլ Մանասերյանը:
Նրա խոսքով՝ հասարակության կեսն աղքատ է, քանի որ կան մարդիկ, ովքեր աշխատում են, բայց չեն հաղթահարել աղքատության շեմը. «Այսինքն՝ կան աշխատող աղքատներ: Հաստատ բնակչության կեսը չի կարող կենսապահովման զամբյուղը ձեռք բերել այն գներով, ինչ կա: Այդ ապրանքախմբերը պետք է միշտ թիրախավորված լինեն կառավարության կողմից, ինչը չի արվում: Շատ կարևորում եմ Կենտրոնական բանկի վարած դրամավարկային քաղաքականությունը, որով թիրախավորվում է գների կայունությունը, բայց միայն ԿԲ-ի վարած դրամավարկային քաղաքականությամբ գնաճը զսպել հնարավոր չէ: Մենք ներմուծող երկիր ենք ու ներմուծում ենք ոչ միայն ապրանքները, այլև՝ դրանց գները: Շատ դեպքերում տեղի են ունենում մանիպուլյացիաներ, այսինքն՝ ներմուծում ենք որևէ ապրանքախումբ, որից Հայաստանում էլ կա, ու ոչ մեկին հայտնի չէ, թե իրականում Հայաստանն ինչքանով է ինքնաբավ այդ ապրանքի մասով, ու թացն ու չորը խառնելով՝ ոմանք գերշահույթներ են ստանում և բերում են գնաճի: Այսինքն՝ սա բազմագործոն երևույթ է, որը պահանջում է կառավարության բոլոր օղակների համակարգված, թիմային աշխատանքը, միայն ԿԲ-ին ասել՝ դու պատասխանատու ես գնաճի համար, արդարացի չէ»:
Տնտեսագետն ընդգծեց, որ եկամուտների աճը հետ է ընկնում գների աճից. «Պետությունը տարբեր մեթոդներով փորձում է դա զսպել, բայց իրական եկամուտները չեն աճում: Պետությունը պետք է ամեն ինչ անի, որ մարդիկ աշխատեն ու իրենց եկամուտները ստանան»:
Խոսելով 4.5-5 տոկոս տնտեսական աճի մասին՝ Թ. Մանասերյանն ասաց, որ դա ամոթալի թիվ է. «Ամոթալի է այդ թիվը: Ես վերադարձել եմ Արցախից, ծանոթացել եմ Արցախի տնտեսությանը, մտադիր եմ ավելի մանրակրկիտ զբաղվել Արցախի տնտեսության հարցերով, երկնիշ թվով տնտեսական աճը գնացեք և Արցախում տեսեք: Կարծում եմ՝ այնտեղ տարին կփակվի 17 տոկոս տնտեսական աճով, և սա սկիզբն է: Պետք է մեր տնտեսության որոշ ղեկավարներն այցելեն Արցախ ոչ միայն՝ հպանցիկ, այլև հասկանան, թե գաղտնիքը որն է: Արցախը մեզ համար կարող է լավագույն օրինակը լինել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: