Անի Պողոսյանը և Արթուր Բարսեղյանը դարձան Լողի հայկական դաշնության 2017 թվականի գավաթակիր
Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցի լողավազանում անցկացվեց Լողի հայկական դաշնության գավաթի առաջնությունը:
Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Մասնակցեցին Հայաստանի շուրջ 70 լավագույն լողորդներ (տղաներ եւ աղջիկներ): Մեկնարկները տրվեցին բոլոր լողաոճերում, սակայն տղաների եւ աղջիկների մեկական գավաթակիրները որոշվեցին երկու լողատարածությունների արդյունքում միավորների հանրագումարով՝ համաձայն Լողի միջազգային ֆեդերացիայի աղյուսակի:
Աղջիկների մեջ Հայաստանի գավաթակիր դարձավ Անի Պողոսյանը, ով նաեւ հանրապետության նոր ռեկորդ սահմանեց, տղաների մեջ՝ Արթուր Բարսեղյանը: Եվս երկու լողորդ՝ Լեւոն Իշխանյանը (բրաս) եւ Ռուբեն Ղարիբյանը (դելֆին) սպորտի վարպետի նորմա լրացրեցին:
Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ գավաթի այս խաղարկությունով ավարտվեցին ընթացիկ մրցաշրջանում ներհանրապետական մրցումները, սակայն երեք լողորդ՝ Արթուր Բարսեղյանը, Լեւոն Խաչատրյանը եւ Լեւոն Վարդանյանը, մոտ օրերս Ռուսաստանում կմասնակցեն Վլադիմիր Սալնիկովի միջազգային մրցաշարին: