Բաժիններ՝

Nokia-ի ներդրումները Հայաստանում և հայկական հակակոռուպցիոն խաղ. Շաբաթը՝ հայկական IT-ում

168.am-ը շարունակում է ամփոփել հայկական IT ոլորտում ամեն շաբաթ տեղի ունեցած կարևոր իրադարձությունները:

«NOKIA» -ն՝ Հայաստանում ներդրումների մասին

Շաբաթվա սկզբին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց «NOKIA» ընկերության ներկայացուցիչներին՝ Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի հետ հարաբերությունների կառավարման ղեկավար Օլաֆ Շուլցի գլխավորությամբ։

Օլաֆ Շուլցը նախարարին ներկայացրել է վերջին շրջանում ընկերության իրականացրած ծրագրերը՝ ընդգծելով, որ դրանք ընդգրկում են նաև թվային տնտեսության ոլորտը։ Ինչպես նաև, Հայաստանում ընկերության հեռանկարային գործունեությունը և այն ծրագրերը, որոնց ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։

Առաջարկներ են հնչել նաև հայկական կողմից: Նախարարը «NOKIA»-ի ներկայացուցիչներին առաջարկել է Հայաստանում, բացի առևտրային ներկայացուցչությունից, R&D լաբորատորիա ստեղծել՝ հաշվի առնելով բարձրակարգ մասնագետների և նախադրյալների առկայությունը Հայաստանում։ Բացի այդ, քննարկվել են Հայաստանում 5G ցանցի ներդրման հնարավորությունները և «NOKIA» ընկերության հնարավոր աջակցության մասին:

4-րդ անգամ՝ միջազգային Hour of Code-ում

Տեղի ունեցավ «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը, որը Երևանում կազմակերպվել էր արդեն 4-րդ անգամ։ Միջոցառմանը մասնակցում էր 300-ից ավելի դպրոցական Հայաստանի տարբեր համայնքներից:

Հիշեցնենք, որ համաշխարհային ՏՏ ընկերությունները միջոցառման համար մշակում են ծրագրավորման տարբեր խնդիրներ՝ խաղերի տեսքով, որոնք մասնակիցները փորձում են լուծել մենտորների օգնությամբ։ Հայաստանում անցկացվող միջոցառման գործընկեր Microsoft ընկերությունը, հիմնվելով հայտնի Minecraft խաղի վրա, միջոցառման համար մշակել էր հատուկ խաղ՝ «Հերոսի ճանապարհը» (Hero’s Journey) անվանմամբ։

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը նշում է, որ ամեն տարի մեծանում է միջոցառման նկատմամբ հետաքրքրությունը: «Մեկ անգամ միջոցառմանը մասնակցած թե՛ մենթորները, թե՛ մասնակիցները միշտ վերադառնում են հաջորդ տարվա միջոցառմանը։ Հիմնական պատճառն այն ոգևորվածությունն է և հետաքրքվածությունը, որով ավարտվում է ամեն տարվա «Ծրագրավորման ժամը». չէ՞ որ այդ հետաքրքրությունն է նրանց ինչ-որ մի օր կայացած ծրագրավորող դարձրել կամ դարձնելու»,- նշում է Արտաշես Վարդանյանը:

Միջոցառմանը որպես մենտորներ՝ ներգրավված էր 50-ից ավելի ծրագրավորող առաջատար հայկական ՏՏ ընկերություններից, որոնք փորձեցին մասնակիցներին իրենց տարիքին համապատասխան խաղերի միջոցով բացատրել ալգորիթմներ, գործառույթներ, սովորեցնել գրել իրական կոդ։

Նշենք, որ միջոցառումը տեղի է ունենում աշխարհի 180 երկրում՝ համախմբելով միլիոնավոր մասնակիցների:

Զինվորականները՝ IT ոլորտում

ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «ՀայԹեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, հայտարարեց մրցույթ` պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև՝ զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով:

Մրցույթին կարող են մասնակցել 2017թ. ձմեռային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաև՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով` ծրագրավորում, ցանցեր, կիբեռանվտանգություն: Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 25-ը:

Հակակոռուպցիոն խաղ՝ թումոցիների կողմից

168.am-ը պատմել է«ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աշակերտների կողմից ստեղծված հակակոռուպցիոն խաղի մասին:

«ԹՈՒՄՈ»-ի սաները ստեղծել են ուսուցողական հակակոռուպցիոն եռաչափ խաղ, որի միջոցով յուրօրինակ ձևով ներկայացված են կոռուպցիայի հետևանքները և առաջարկված են լուծումներ: «Նետոյի առասպելը» անունը կրող խաղում երեխան հնարավորություն ունի ճամփորդելու կախարդական աշխարհում, որը հագեցած է կոռուպցիոն երևույթներով, ինչպիսիք են յուրացումը, կաշառքը, չարաշահումները, և խաղացողի առաջադրանքն է՝ օգնել քաղաքի բնակիչներին՝ ընտրել ճիշտ լուծումներ դրանց դեմ: Նախագիծն իրականացնում են «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները՝ ծրագրավորման բաժնի ղեկավար Հարմիկ Ազարյանի ղեկավարությամբ, Եվրամիության հետ համագործակցությամբ:

Խաղն արդեն հասանելի է App Store-ում ու Google Play- ում: Թե՛ Android-ի, և թե՛ iOS-ի օգտատերերը կարող են խաղալ այս խաղն անվճար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս