Բաժիններ՝

«Գահերի խաղ»-ից Սանսան պատմել է սերիալի վերջաբանի մասին

Բրիտանացի դերասանուհի Սոֆի Թյոռները, որը «Գահերի խաղը» սերիալում մարմնավորել է Սանսա Սթարքին, արդեն կարդացել է ավարտական եթերաշրջանի սցենարը: Նա սերիալի վերջաբանի նկատմամբ դերասանական կազմի արձագանքի մասին պատմել է The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում։

«Երբ բոլոր դերասանները հավաքվեցին, մենք արագորեն աչքի անցկացրեցինք սցենարը, եւ դա միաժամանակ դառն էր ու սրտառուչ: Ու նաեւ՝ շատ ծանր»,-նշել է Թյոռները: Նրա խոսքով՝ սցենարի եզրափակիչ մասում իրենք բարձրաձայն ընթերցել են «Գահերի խաղի ավարտը» արտահայտությունը, եւ գրեթե բոլորը հեծկլտացել են, իսկ հետո սկսել են ծափահարել սերիալի շոուրաներներին:

«Ամեն անգամ, երբ մենք ստանում ենք սցենարը, անորոշություն է առաջանում. «Մեռնելու եմ արդյոք այս եթերաշրջանում»: Այն, որ ես արդեն այսքան ժամանակ դիմացել եմ, ինձ անհավատալի է թվում՝ հաշվի առնելով մահերի քանակը սերիալում: Մենք մեր թեորիաներն ունեինք այն մասին, թե ինչ տեղի կունենա,- ով կմահանա, իսկ ով կհաղթի: Այժմ մենք հաստատ գիտենք»,-ընդգծել է դերասանուհին:

«Գահերի խաղը» 2011 թվականից թողարկվում է HBO ալիքով: Սանսա Սթարքը՝ Թյոռների դերակատարմամբ, լորդ Նեդ Սթարքի ավագ դուստրն է եւ սագայի գլխավոր հերոսուհիներից մեկը: Սերիալի յոթերորդ եթերաշրջանն ավարտվել է օգոստոսի 28-ին, իսկ վերջին էպիզոդը հավաքել է ռեկորդային թվով դիտումներ: Ֆենթեզի սագայի եզրափակիչ մասը կթողարկվի 2019 թվականի սկզբին, սակայն պրեմիերայի ստույգ ամսաթիվը չի բացահայտվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս