«Սերժ Սարգսյանն ակտիվորեն պատրաստվում է 2018 թվականի ապրիլ ամսին». Քաղաքագետ
«Սերժ Սարգսյանն արդեն քարոզարշավ է տանում տարբեր բանագավառներում»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Նրա խոսքով՝ նախագահն այդ քարոզարշավը տանում է՝ թե՛ հեռուստաեթերում, թե՛ հակակոռուպցիոն ծրագրերով, թե՛ մարզերում տեղի ունեցող օբյեկտների բացմանն ակտիվ մասնակցությամբ. «Սերժ Սարգսյանն ակտիվորեն պատրաստվում է 2018 թվականի ապրիլ ամսին, երբ նրա լիազորությունները կդադարեն: Նա այս պահի դրությամբ, երևի, ամենահավանական թեկնածուն է, որ կղեկավարի հանրապետությունը՝ արդեն որպես վարչապետ»:
Գ. Համբարյանի խոսքով՝ ՀՀԿ-ական գործիչները շարժվում են սցենարին համապատասխան. «Սերժ Սարգսյանը ոչինչ չի ասում, բայց ՀՀԿ-ի ներկայացուցիչները՝ Գալուստ Սահակյանը, Էդուարդ Շարմազանովը, ավելի երիտասարդ ՀՀԿ-ականները, խոսում են այդ մասին: Սա սցենար է, որով առաջնորդվում են ՀՀԿ-ում, և լռելով՝ նախագահը թույլ է տալիս, որ իր ցանկություններն արտահայտվեն նույն ՀՀԿ-ի տարբեր ներկայացուցիչների շուրթերով»:
Քաղաքագետը նկատեց, որ այս պահի դրությամբ վարչապետի հիմնական թեկնածուն Սերժ Սարգսյանն է, բայց նախագահը պատրաստվում է նաև ֆորսմաժորային իրավիճակներին.
«Պատահական չէ, որ Ս. Սարգսյանն իր հարցազրույցում մեծ գովեստներ շռայլեց գործող վարչապետ Կարեն Կարապետյանին, որը շատ շռնդալից մտավ քաղաքականության մեջ, բայց նրա կառավարության ձեռքբերումները շատ թույլ և հասարակության համար ոչ նշմարելի են: Այստեղ երկու տարբերակ կա, թե ինչու Ս. Սարգսյանն այդպես բարյացակամ արտահայտվեց Կարեն Կարապետյանի մասին. Նախ՝ այն, որ, եթե Ս. Սարգսյանի ծրագրերն առաջ գնան, որպես սփոփանք՝ Կ. Կարապետյանին կառաջարկվի առաջին փոխվարչապետի պաշտոնը: Իսկ եթե ֆորսմաժորային իրավիճակներ լինեն, ու ինչ-որ առումով որևէ ուժ կամ ուժեր դեմ դուրս գան Սերժ Սարգսյանին ու չցանկանան նրան տեսնել՝ որպես ՀՀ վարչապետ, լինի դա ներքին թե արտաքին ուժերից, ապա Կարեն Կարապետյանը, դառնալով վարչապետ, ավելի մեղմ կվերաբերվի Սերժ Սարգսյանին»:
Ինչպես հայտնի է, «Ելք» խմբակցությունը հայտարարել է նախագահի իր թեկնածուի մասին, որը պետք է քննարկեն «Ծառուկյան» խմբակցության հետ: Գ. Համբարյանի խոսքով՝ շատ ողջունելի է, որ նրանք փորձում են այսպիսի ակտիվությամբ հասարակության ուշադրության կենտրոնում լինել, բայց, ըստ նրա, ընդդիմությունը ոչ մի շանս չունի.
«Նախագահն ընտրվում է ԱԺ-ի կողմից, որտեղ պարզ մեծամասնությունը գտնվում է ՀՀԿ-ի ձեռքում, իսկ արդեն որպես ՀՅԴ-ի հետ կոալիցիոն գործընկեր՝ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն է կազմում, ու իրենք շատ հեշտությամբ կարող են իրենց շարքերից ընտրել նախագահին:
«Ելքի» և «Ծառուկյան» խմբակցության գերակտիվությունը կարող է օգուտ տալ միայն ՀՅԴ-ին, որը կարող է իր՝ ԱԺ-ում ունեցած մի քանի ձայներն ավելի թանկ «վաճառել» ՀՀԿ-ին: Չեմ կարծում՝ ՀՀԿ-ն շատ հեշտությամբ, սկուտեղի վրա, թեկուզ՝ նոմինալ նշանակություն ունեցող նախագահի պաշտոնը կհանձնի ընդդիմությանը»: