Իտալական պատերա՞զմ, թե՞ հայկական համառություն. Մամուլը՝ Մխիթարյանի մասին
Մինչ շատերը շտապում են Մխիթարյանին ուղարկել Իտալիա, երկրպագուների, փորձագետների և լրագրողների մյուս մասը համոզված է, որ Մխիթարյանը դեռ ասելիք ունի Անգլիայում:
Վերջին շաբաթներին թե՛ հայկական, թե՛ միջազգային մամուլը քննարկում է Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը, հայ երկրպագուները գրոհում են Մոուրինիոյին սոցցանցերում, իսկ մամուլն ամեն փոքրիկ արտահայտություն ընկալում է՝ որպես հրաժեշտի խոսք:
Արդյո՞ք պետք է ամեն ինչ դրամատիկացնել և պե՞տք է Մոուրինիոյի ամեն խոսքն ընդունել՝ որպես դատավճիռ: Սկսենք սկզբից:
Երբ Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ չհայտնվեց մանչեսթերյան ակումբի հայտացուցակում, երկրպագուները նորմալ ընդունեցին: Մինչ այդ Մխիթարյանը պարբերաբար դուրս էր գալիս փոխարինման, և նրա խաղաժամանակն ավելի ու ավելի կարճ էր դառնում: Անգլիական մամուլը փորձեց գտնել պատճառները՝ Մխիթարյանը վատառողջ է, ունի մկանային լարվածություն, և այլն: Վերջին խաղերում առանձնապես ոչնչով չտպավորող Մխիթարյանի բացակայությունը մարզավիճակի հետ կապեցին հաջորդ երկու խաղերի դեպքում ևս:
Միայն այն բանից հետո, երբ փոքր հնարավորություն ստանալուց հետո Հենրիխը կրկին հայտացուցակում չէր, անգլիական մամուլը սկսեց գրել, որ Մխիթարյանի ու Մոուրինիոյի հարաբերությունները լարված են, կամ էլ Մոուրինիոն պատժում է հայ ֆուտբոլիստին: Գրեթե բոլոր հրապարակումներում նշվում էր այն, որ Հենրիխը նախորդ մրցաշրջանի այս հատվածում ևս իրեն լավ չէր դրսևորում և չէր խաղում: Սակայն, հիմա Մոուրինիոյի քայլերն ավելի հասկանալի են, քանի որ Մխիթարյանն արդեն իսկ մանչեսթերյան ակումբի կայացած ֆուտբոլիստ է և չունի հարմարվելու խնդիր:
Հետո սկսվեցին խոսակցությունները հեռանալու մասին: Առաջին վարկածը «Բորուսիա» վերադարձն էր: Անգլիական մամուլը չէր հավատում, որ Մխիթարյանը կգնա «Բորուսիա»՝ հիշելով, թե ինչ դժվարությամբ դորտմունդյան ակումբը բաց թողեց Մխիթարյանին, և, թե ինչեր խոսեց Մխիթարյանի հետևից վիրավորված Վատցկեն՝ դորտմունդցիների տնօրենը: Բացի այդ, Մխիթարյանի գինն աճել է, դորտմունդյան ակումբի ֆինանսական խնդիրները՝ ևս:
Խոսակցությունների հաջորդ ալիքն «Ինտերից» էին: Միլանյան ակումբի հետաքրքության մասին իտալական մամուլը զգուշորեն էր խոսում, քանի որ, եթե Մխիթարյանին գնել իրենց թույլ չեն կարող տալ դորտմունդցիները, ապա միլանյան ակումբի համար այս խնդիրն ավելի բարդ էր: Կար տարբերակ, որ Մխիթարյանը կարող է դառնալ պայմանագրի մաս և հեռանալ մանչեսթերյան ակումբից, սակայն այդ խոսակցությունները ևս շատ չքննարկվեցին: «Ինտերի» ոչ պաշտոնական տեսակետը հստակ էր. Մխիթարյանին ակումբը սիրով կընդունի, սակայն չունի նրան ո՛չ գնելու, ո՛չ էլ վարձակալելու հնարավորություն:
Բացի այդ, իտալական քննարկումներում նշվում էին, որ Մխիթարյանը միանշանակ կմնա մանչեսթերյան ակումբում: Չնայած սրան՝ մամուլը գրում է, որ Մխիթարյանի համար սկսել է իտալական պատերազմ:
Հասկանալով, որ «Ինտերի» տարբերակն այնքան էլ հնարավոր չէ՝ իտալական մամուլը կենտրոնացավ «Յուվենթուսի» վրա: Թուրինյան ակումբը պայքարում էր Մխիթարյանին ձեռք բերելու համար դեռևս նախորդ մրցաշրջանում: Այս տարբերակը, կարծում ենք, ավելի հավանական է, քանի որ Մխիթարյանի գործակալ Ռայոլան լավ հարաբերություններ ունի «Յուվենթուսի» հետ, վերջինս էլ՝ ունի ֆինանսական բոլոր հնարավորությունները Մխիթարյանին գնելու համար:
Մխիթարյանի հեռանալու մասին խոսակցություններն ավելացան, երբ Մխիթարյանն առաջարկեց հանդիպել մարզչի հետ: Սա նշանակում է, որ Մխիթարյանը ևս չի հասկանում մարզչի քայլերը և ցանկանում է հասկանալ՝ ինչ է պետք անել: Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում, սակայն դրանից հետո Մխիթարյանը կրկին չէր խաղում:
Հետո մամուլին խոսելու հերթական հնարավորությունը տվեց Մոուրինիոն՝ նշելով, որ բոլոր ֆուտբոլիստներն էլ իրենց արժեքն ունեն, և կարող են հեռանալ, եթե ունեն լավ առաջարկ: Սրա հետ մեկտեղ՝ պետք է ուշադրություն դարձնել նրան, որ Մոուրինիոն շեշտեց, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի սիրահար չէ, նպատակներ չի կազմում և որոշումները թողնում է միան ղեկավարությանը: Առաջին հերթին, մանչեսթերյան ակումբը դեռևս չի ստացել Մխիթարյանի համար լավ և շահավետ առաջարկ, իսկ մանչեսթերյան ակումբի ղեկավարությունն էլ շահագրգռված չէ Մխիթարյանին վաճառելով՝ հաշվի առնելով այն ներդրումները, որ արվել են Մխիթարյանի համար:
Երեկ արդեն ESPN պարբերականը ներկայացրել է Մխիթարյանի չխաղալու իր վարկածը, որից ևս հետևում է, որ Մխիթարյանի և Մոուրինիոյի մեջ ժամանակավոր լարվածություն է:
Ըստ պարբերականի՝ Մխիթարյանն ու Մոուրինիոն վիճել են: Դա տեղի է ունեցել «Բրայթոնի» հետ խաղից հետո: Մոուրինիոն դժգոհ է եղել հայ ֆուտբոլիստի խաղից և արտահայտել է իր դժգոհությունը հանդերձարանում՝ բոլորի ներկայությամբ: Դրանից հետո Մխիթարյանն ու Մոուրինիոն շարունակել են բուռն քննարկումները մանչեսթերյան ակումբի բազայում:
Կհեռանա՞ Մխիթարյանը, թե՞ ոչ: Համեմատելով և վերլուծելով միջազգային մամուլի բոլոր հրապարակումները, կարծում ենք, որ ոչ: Մխիթարյանի՝ այլ ակումբ տեղափոխվելը հնարավոր կլինի այն դեպքում, երբ մանչեսթերյան ակումբը ստանա շատ շահավետ առաջարկ: Մխիթարյանի՝ այլ ակումբ տեղափոխվելը չեն կանխատեսում նաև անգլիական պարբերականները՝ նշելով, որ արդեն լավ են ճանաչում Մոուրինիոյի ոճը, և վերջին տարիներին տեսել են, թե որքան համառ է հայ ֆուտբոլիստը:
Սիրարփի Աղաբաբյան