Որոնք էին Սերժ Սարգսյանի հարցազրույցի հիմնական մեսիջները

«Սերժ Սարգսյանի հարցազրույցի հիմնական մեսիջն այն էր, որ Հայաստանը Սերժ Սարգսյանի ղեկավարության շրջանում կարողացել է շատ բարդ իրավիճակում հասնել լուրջ հաջողությունների, և այդ հաջողություններից ամենակարևորն այն է, որ Հայաստանի իրավիճակը ստաբիլ է, ու Հայաստանը զարգանում է»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:

Նրա խոսքով՝ այդ հիմնական մեսիջից բխող հետևությունն այն է, որ այդ կայունությունն ու զարգացումն ավելի կխորանան, եթե կուրսի շարունակականությունն ապահովվի.

«Կարծես թե Սերժ Սարգսյանը նաև ուզում էր ցույց տալ, որ այդ կուրսի շարունակականությունը կապահովվի, քանի որ ինքը մնալու է իշխող քաղաքական վերնախավի առաջնորդը: Թեև նա չնշեց՝ ինչ է որոշել, բայց իր խոսքի ենթատեքստն այն էր, որ նա չի հեռանում և շարունակելու է ղեկավարել երկիրը՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն կգրավի»:

Է. Վարդանյանը նկատեց, որ Ղարաբաղի հետ կապված՝ Ս. Սարգսյանը նշում էր, որ իր ձեռքբերումն այն է, որ շփման գծում վերջին շրջանում իրականացվել են լուրջ միջոցառումներ, որոնք խոչընդոտելու են Ադրբեջանի տարբեր տեսակի գործողությունները.

«Դա նշվում էր՝ որպես վերջին շրջանի ձեռքբերում: Նաև փորձ էր արվում ինչ-որ տեղ քողարկել կամ մոռացության մատնել այն լուրջ խնդիրները, որոնք կային, ապրիլյան պատերազմը՝ իր բազմաթիվ խնդիրներով, և ուշադրությունը կենտրոնացնում էր վերջին մի քանի ամիսների վրա: Մեսիջը նաև այն է, որ հետայսու նման բաներ չեն լինելու, և հնարավորինս խաղաղ իրավիճակ է լինելու՝ Ղարաբաղի կոնֆլիկտի հետ կապված»:

Քաղաքագետն ընդգծեց, որ Ս. Սարգսյանի մեսիջը նաև այն էր, որ հենց իր ջանքերի շնորհիվ է եղել, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է.

«Փորձ էր արվում ցույց տալ, որ այն, որ 2013-ին չստորագրվեց համաձայնագիրը, Հայաստանի մեղքը չկար, և, վերջիվերջո, Հայաստանը կարողացավ համոզել ԵՄ-ին, և կնքվեց այդ համաձայնագիրը, ու, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատ բալանսավորված է: Ս. Սարգսյանն ուզում էր հանրությանը հղել այն մեսիջը, որ՝ «ես ծայրահեղական քաղաքականություն չեմ վարում և կախվածություն չունեմ ինչ-որ մի կենտրոնից և կարողանում եմ հնարավորինս Հայաստանի շահերին սպասարկող արտաքին քաղաքականություն վարել ու չվնասել Հայաստանի իմիջին», և այլն»:

Հարցին՝ հաշվի առնելով այն մեսիջները, որոնք Դուք առանձնացրեցիք նախագահի ելույթում, և այն, որ օրերս ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ականները հիմնականում կողմնորոշված են և Ս. Սարգսյանին են տեսնում՝ որպես վարչապետ, կարելի՞ է ասել, որ հող է նախապատրաստվում, որ 2018-ին Ս. Սարգսյանը նշանակվի վարչապետի պաշտոնում՝ Է. Վարդանյանն այսպես պատասխանեց.

«Կարծում եմ՝ այո: Բացի դրանից, այլ ՀՀԿ-ականներ նույնպես բարձրաձայնել են, որ ՀՀԿ-ն հակված է Ս. Սարգսյանին պաշտպանել, և ինչ-որ տեղ պետք է նաև խնդրել Ս. Սարգսյանին, որ ստանձնի այդ պաշտոնը: Այսինքն՝ իրենք ունեն ցանկություն՝ տեսնելու Ս. Սարգսյանին այդ պաշտոնում, ու պատրաստ են հանդես գալ խնդրանքով: Այս ամեն ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ սկսվել է խոշոր PR քարոզարշավ Ս. Սարգսյանին վարչապետ նշանակելու ուղղությամբ»:

Քաղաքագետ նկատեց, որ այս քարոզարշավի շրջանակներում կհնչեն տարբեր հիմնավորումներ, թե իրավիճակ է փոխվել, այն ժամանակ Ս. Սարգսյանն ընդամենն իր մոտեցումներ է ցույց տվել, փորձել է ասել, որ սահմանադրական փոփոխությունները որևէ կապ չունեն նրա իշխանության շարունակականության ապահովման հետ.

«ՀՀԿ-ականները և ՀՀԿ-ին պաշտպանող ուժերը կասեն, որ այդ սահմանադրական փոփոխությունները շատ կարևոր փոփոխություններ էին և բացարձակապես կապ չունեին Սերժ Սարգսյանի իշխանության շարունակականության ապահովման հետ, և դրա համար էլ Ս. Սարգսյանը դա շեշտել էր:

Կասեն, որ հիմա շատ մեծ անհրաժեշտություն կա, որ այս քաղաքական կուրսը շարունակվի, դրա համար պետք է Ս. Սարգսյանը լինի երկրի ղեկավարը: Հիմնականում համոզելու քարոզարշավ է լինելու, որ՝ «եկեք խնդրենք, աղաչենք Ս. Սարգսյանին, որ հենց ինքը լինի վարչապետ», ու ստացվելու է այնպես, որ, չնայած ինքը խոստում էր տվել և ասել էր, որ չի հավակնում լինել վարչապետ, բայց հանրությունը պահանջում է, խնդրում է, աղաչում է, ու Ս. Սարգսյանն էլ կասի, որ՝ «ես որևէ մտադրություն չունեի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու, բայց այնքան համոզեցին, խնդրեցին, ես էլ պատասխանատու մարդ եմ, չեմ ուզում, որ իմ պատճառով, իմ կապրիզի պատճառով՝ իմ երկիրը տուժի, ու գնում եմ այդ զոհողությանը»: Իմ կարծիքով՝ մոտավորապես այսպիսի քարոզարշավ է իրականացվելու»:

Է. Վարդանյանը գտնում է՝ վարչապետ Կ. Կարապետյանը չի հեռանա քաղաքական դաշտից. «Հնարավոր է՝ փոխվարչապետի պաշտոնում շարունակի իր գործունեությունը, հիմնականում զբաղվի տնտեսական բնույթի խնդիրներով»:

Քաղաքագետը չի մտածում, որ Կ. Կարապետյանի համար այդ որոշումը կլինի անակնկալ. «Մտածում եմ՝ որոշակի քննարկումներ, տարաձայնություններ իշխող քաղաքական վերնախավի ներսում եղել են, միգուցե եղել է նման գաղափար, որ Կ. Կարապետյանն է լինելու վարչապետ, բայց, ամեն դեպքում, հասկանալի էր, որ միշտ էլ խոսվել է այդ մասին հենց ՀՀԿ-ականների կողմից, որ իրենց միանձնյա առաջնորդը հենց Ս. Սարգսյանն է, ու նա ինչ որոշի՝ դա էլ լինելու է: Կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը պետք է հասկանար, որ ամեն ինչ կախված է Ս. Սարգսյանից: Կարծում եմ՝ ռուսաստանյան համակարգի հայաստանյան մոդիֆիկացիան է լինելու՝ այդ Պուտին-Մեդվեդև տանդեմի: Ակնհայտ բոլորը գիտեն, որ այդտեղ առաջնորդը Պուտինն է, այստեղ էլ՝ Սերժ Սարգսյանը, բայց այստեղ կա երկրորդ անձը, որն էլի լուրջ դերակատարություն ունի՝ Մեդվեդևը, Հայաստանի պարագայում՝ Կարեն Կարապետյանը կլինի»:

Տեսանյութեր

Լրահոս