«Դեռևս ձևավորվող ԵԱՏՄ-ն Հայաստանին օգուտներ ստանալու հնարավորություն է տալիս»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է ԵԱՏՄ-ից դուրս գալու՝ քաղաքական որոշ ուժերի առաջարկներին: Նա նշել է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին առաջարկներում ռացիոնալություն չի տեսնում:
«Ես այստեղ տեսնում եմ ուղղակի որոշակի շահերի ծառայելու ցանկություն կամ որոշակի համոզվածություն, որը գալիս է նյութին մինչև վերջ չտիրապետելուց։ Ես որևէ լուրջ փաստարկ չեմ լսել: Եթե իրոք նրանք համոզված են, կարող են լուրջ փաստարկներ բերել»,- ասել է նա: Հարցին, թե 2018թ. հունվարի 1-ից 900 ապրանք կարող է թանկանալ, Սերժ Սարգսյանն արձագանքել է. «Դրանք էական ազդեցություն չեն կարող ունենալ ո՛չ թռիչքային գնաճի առումով, ո՛չ էլ տնտեսությանը խոչընդոտելու առումով»:
Օրերս ՀՀ ԱԺ նիստում մերժվել էր «ՀՀ մասով ԵՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» նախագիծը, որը ներկայացվել էր «Ելք» խմբակցության կողմից։ Կողմ էր քվեարկել՝ 6, դեմ՝ 76 պատգամավոր: «Ելքը»՝ որպես հիմնավորում, նշել էր այն, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետընթաց է գրանցել:
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 29-ին ստորագրված «ԵՏՄ մասին» պայմանագիրն ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 1-ին: Միության շրջանակներում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժման ազատությունը, տնտեսության տարբեր ոլոտներում համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության իրականացումը: Միության նպատակն է՝ անդամ պետությունների տնտեսական կայուն զարգացման համար պայմանների ապահովումը` բնակչության կենսամակարդակի բարձրացման, համակողմանի արդիականացման, ազգային տնտեսությունների կոոպերացման և մրցունակության բարձրացման միջոցով:
Մեզ հետ զրույցում Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն անդրադարձավ և՛ Հայաստանում ԵԱՏՄ-ի մասին հնչող դժգոհություններին, և՛ իշխող կուսակցության փաստարկներին: Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ համամիտ է ՀՀ նախագահի հետ, ինքը ևս երբեք որևէ լուրջ տնտեսական հաշվարկ, փաստարկ չի լսել, թե ինչու պետք է Հայաստանը դադարեցնի անդամակցությունը ԵԱՏՄ-ին:
Ըստ նրա՝ այդպիսի փաստարկներ իրականում կարելի է բերել: «Այդ հաշվարկները չեն արվում, այլ պարզապես ուժերը, որոնք դեմ են ՀՀ-ի ԵԱՏՄ անդամակցությանը, առաջնորդվում են իրենց քաղաքական կողմնորոշմամբ, հակառուսականությամբ, և այլն, և այլն:
ՀՀ-ում հակառուսականության համար կան որոշակի պատճառներ, որոնք Ռուսաստանը ժամանակի ընթացքում փորձում է լուծել, բայց քաղաքականությունը բարդ արվեստ է. խնդիրները մեկ օրում չեն լուծվում, այդ խնդիրների կողքին մոռացվում է նույնիսկ այն դրականը, որը ՀՀ-ն ստանում է ՌԴ-ի հետ գործընկերության շնորհիվ` էժան սպառազինություն, էներգակիրներ, տնտեսական օգուտներ, բայց այս ամենը եկեք ԵԱՏՄ-ից զատ դիտարկենք, քանի որ ԵԱՏՄ-ն առանձին կառույց է, այն ունի իր զարգացման տեմպերը, և ժամանակը ցույց տվեց, որ լիովին պայմանավորված չէ ՌԴ-ի կամքով»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն նոր ձևավորված տնտեսական կառույց է: Ըստ նրա՝ մինչ այս միության ձևավորումը բազմիցս է քննարկվել, թե ինչ ուղի պետք է անցնի այս միությունը կայանալու համար:
«Դա պահանջելու է տասնյակ տարիներ, դրանից հետո էլ, հարց է՝ կկայանա՞ այսօր նման կառույցը, թե՞ ոչ: Ես փորձեմ մի փոքր մասնագիտական մոտեցում ցուցաբերել այս հարցում: Եվրասիական տնտեսական միությունը նոր ձևավորվող կառույց է, այն ձևավորվեց, ըստ էության, մի ժամանակահատվածում, երբ Ռուսաստանը տնտեսական ճգնաժամի մեջ էր և չկարողացավ անհրաժեշտ միջոցները ներդնել այս ծրագրի հաջող մեկնարկի համար, որից հաջորդ փուլում ծագեցին խնդիրներ Բելառուսի և Ղազախստանի հետ, դրանք շարունակվում էին մինչև վերջերս:
Այսինքն` միությունը սկսեց գործել ցնցումների անկայուն միջավայրում, հարևանությամբ` պատերազմ, բացասական միտումներ, դեռևս չկայացած ինտեգրացիա, դրան չհարմարված անդամ-երկրներ, այս պայմաններում սխալ է գնահատական գործընթաց սկսել, ավելին, պնդել, թե նպատակահարմար չէ այդ ինտեգրացիան ՀՀ-ի համար: Այո, անդամակցությունից հետո գուցե այս միությունը որևէ արդյունք չտար ՀՀ-ին, ինչը բնական եմ համարում, ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի տնտեսական ինտեգրացիան սկսի աշխատել այնպես, որ օգուտները տեսանելի լինեն: Բայց նույնիսկ այս պարագայում ԵԱՏՄ պաշտոնյաները հայտարարում են որոշակի օգուտների մասին, որ Հայաստանն արդեն ստանում է:
Փաստ է, այդ մասին խոսվել է, որ Հայաստանից ԵԱՏՄ շուկա Հայաստանի արտահանումն աճել է 50 տոկոսով: Ավելին, Հայաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ապրանքաշրջանառությունն ակտիվացել է, ապրանքաշրջանառությունն աճել է շուրջ 20 տոկոսով, եթե չեմ սխալվում: Այս թվերը ոչ միայն ԵԱՏՄ-ն էր ներկայացնում, այլև հենց ՀՀ պաշտոնյաները, ու սրանք այն թվերն են, որոնք փոխվել են Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունից հետո, բայց տարեցտարի ևս այս ցուցանիշներն աճել են»,- ասաց Սիմոնովը:
Նրա խոսքով, այո, կան խնդիրներ, այս կառույցում Ռուսաստանը ևս խնդիրներ ունի, ամենամեծ բեռը դրված է հենց ՌԴ-ի վրա, չեն պնդում, թե խնդիրներ չկան: Ըստ Սիմոնովի՝ այդ խնդիրները մեծամասամբ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական բնույթի են:
«Ընկալում կա, որ Ռուսաստանը պետք է վճարի, լուծի բոլոր խնդիրները, օգուտները ստանան մյուս երկրները՝ պահպանելով իրենց ինքնիշխանությունը, բայց սա համատեղ աշխատանք է, զիջումների պետք է գնան բոլոր երկրները, այնինչ, ինչպես Հայաստանը, այնպես էլ՝ մյուսները, դժգոհում են ինչ-ինչ հարցերից, պայմաններ են թելադրում, որոնց Ռուսաստանն այս միությունը պահպանելու համար փորձում է ընդառաջ գնալ, փորձագիտական քննարկումներն անընդհատ բնույթ են կրում:
Օրինակ` մի քանի անգամ փորձ եղավ քննարկել ԵԱՏՄ-ում ընդհանուր արժույթ ստեղծելու հարցը, որը կխորացներ և կդյուրացներ ինտեգրացիան, բայց այն մի քանի անգամ հետաձգվեց, քանի որ Ռուսաստանը հավակնում է այս հարցում որոշակի առաջատար դիրքեր ունենալ, քանի որ իր ներդրումը մեծ է ԵԱՏՄ-ում, իսկ մյուս երկրները դա մերժում են, ցանկանում են իրենք արժութային ինքնիշխանություն ունենալ: Բոլոր խնդիրներն ըստ էության հանգում են այս տրամաբանությանը: Բայց մենք արդեն ունենք մաքսային, տնտեսական միասնական տարածք, դրան հաջողվել է հասնել:
Բայց այս ինտեգրացիան շատ ավելի արագ կլինի, եթե ունենանք միասնական արժույթ: Օրինակ` Գերմանիան համարվում է ԵՄ-ի ֆինանսական լոկոմոտիվը բրեքսիթից հետո, բայց Գերմանիայի մասնաբաժինը եվրոպական բյուջեում շատ փոքր է, եթե համեմատենք Ռուսաստանի հետ, ու հասկանալի է, որ Ռուսաստանն ավելիին է հավակնում: Տարաձայնություններն այս հարցերում են, բայց դրանք հաղթահարելի են ժամանակի ընթացքում»,- ասաց Սիմոնովը:
«Ռուսաստանը գլոբալ քաղաքականության» մեջ ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկիանովը կիսում է և՛ ԵԱՏՄ-ին դեմ ուժերի, և՛ ՀՀ նախագահի կարծիքը: Սակայն, ըստ նրա՝ պետք է իմանալ` եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, չի միանա Եվրամիությանը: «Եվրամիությունը պատրաստ չէ ընդունել Հայաստանին, դա միանշանակ է, նման պատրանքներ պետք չէ ունենալ:
Գուցե այդ պատրանքները թույլ չեն տալիս գնահատել Ռուսաստանի հետ գործընկերությունը և Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Այնուամենայնիվ, ԵԱՏՄ-ն ներկայումս տրանսֆորմացվել է տնտեսական ինտեգրացիոն կառույցի, որը հավակնում է դառնալ քաղաքական, Հայաստանը զարգացնում է իր քաղաքական կապերը Եվրոպական միության հետ: ՀՀ-ն ունի խնդիր, որը սահմանի բացակայությունն է այս կառույցի հետ:
Ձևավորվող կառույցը չէր կարող հենց սկզբից գործել այնպես, ինչպես ներկայումս ԵՄ-ն է գործում, բոլոր համակարգերի լիարժեք աշխատանքի համար ժամանակ և միջոցներ են անհրաժեշտ: Հայ-ռուսական գործընկերությունը բավականին ամուր հիմքեր ունի, հենց այդ պատճառով էլ ՀՀ-ն՝ չունենալով ընդհանուր սահման ԵԱՏՄ անդամ երկրների հետ, միացել է այս միությանը»,- ասաց Լուկիանովը:
Նրա խոսքով՝ այն հանգամանքը, որ ԵՏՄ-ն դարձել է տնտեսական կառույց, այն շատ ավելի լայն հեռանկարներ ունի, որոնք արդեն ներկայումս ուրվագծվում են: Նրա փաստմամբ՝ ԵԱՏՄ-ն արդեն աշխատում է Չինաստանի հետ: Լուկիանովի խոսքով՝ ծրագրեր կան աշխատելու Իրանի հետ, որում ՀՀ-ն լուրջ դերակատարություն կստանձնի, որից օգուտներ կստանա, Հայաստանը կամուրջ կդառնա ԵԱՏՄ-ի և Իրանի միջև: Այս ուղղությամբ, նրա գնահատմամբ, աշխատելու դեպքում՝ Հայաստանը կարող է ԵԱՏՄ օգուտներից զատ՝ այլ օգուտներ ստանալ «Բացի այս ամենը, յուրաքանչյուր երկիր ինքը պետք է առկա հնարավորությունները ջանա իրացնել, աշխատել այս տարածքում, ես տեսնում եմ, որ ԵԱՏՄ անդամ երկրներն այդ աշխատանքը չեն ցանկանում իրականացնել»: