«Տարկետումը չի հանվել». Սերժ Սարգսյան
Տարկետումը չի հանվել, փոխվել է տարկետման փիլիսոփայությունը, տրամաբանությունը: «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Իսկ ո՞վ է ասել, որ եթե մենք ունենանք շատ մի հանճարեղ զորակոչիկ անպայման այդ հանճարեղ զորակոչիկին մենք տանելու ենք բանակ: Այդպիսի բան չկա, կառավարությունն իր որոշումներով դա կարող է անել, բայց կառավարությունը համոզված պետք է լինի, որ այդ զորակոչիկը հանճարեղ է, այլ չի մտածում հանճարեղ դառնալու մասին, որովհետև մտածողներ, ցանկացողներ որպես այդպիսին շատ-շատերն են: Եվ ասել, գիտեք, ես ցանկություն ունեմ դառնալ հանճարեղ գիտնական կամ հանճարեղ արվեստագետ դրա համար թողեք, որ ես չմասնակցեմ հայրենիքի պաշտպանությանը, ինձ համար մի քիչ ընդունելի չէ: Երկրորդ՝ մեր բոլոր սովորողներին, ինչպես հայտնի է ծրագրերից մեկով առաջարկվում է տարկետման իրավունք՝ պայմանով, որ ավարտելուց հետո ծառայեն հայկական բանակում որպես սպաներ: Եվ այսպես կարելի է շարունակել: Իհարկե, ընդդիմադիրները, ովքեր չեն ցանկանում, որ այդպես լինի ներկայացնում են, որ իբրև վերացվում է տարկետման իրավունքը. չի՛ վերացվում տարկետման իրավունքը»,- ասել է նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով, մշտապես նշվում է այն մասին, որ սոցիալական անարդարություն կա, որ հարուստների զավակները չեն ծառայում, պետական պաշտոնյաների զավակները չեն ծառայում:
«Իսկ հարց է առաջանում, առաջին հերթին այսօրվա գործող տարկետման իրավունքից ո՞վ է օգտվում՝ սոցիալապես անապահով խա՞վը, ակնհայտ է չէ, որ ավելի բարեկեցիկ ընտանիքների երեխաներն ավելի մեծ հնարավորություն ունեն ուսանելու բարձրագույն ուսումնական հաստատություններում: Հիմա դրանով այդ անարդարությունն էլ է վերացվում, սա ազդելու է նաև կրթության համակարգի վրա, բուհական համակարգի վրա, բարձրանալու է բուհական համակարգի որակը, ուսուցման որակն է բարձրանալու և բուհերում սովորելու են նրանք, ովքեր իրոք ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալ և ոչ թե նրանք, ովքեր բուհերն օգտագործում են բանակից խուսափելու համար»,-ասել է նա:
Արդեն շրջանառության մեջ է դրված բարձրագույն կրթության մասին նոր օրենքը: Նախագահը կարծում է, որ այնտեղ ևս էական փոփոխություններ կան: Նա ընդգծել է, որ տեսանելի ապագայում հինգ-տասը տարվա կտրվածքով պետք է բեկումնային փոփոխություն ունենանք բարձրագույն կրթության համակարգում:
Նախագահն անդրադարձավ լրագրողի այն հարցին, թե միգուցե ինչ-որ մի փուլում պետական բարձր պաշտոններ ստանալու ժամանակ բանակում ծառայելը դառնա պարտադիր:
«Նախ պետք է ասեմ, որ ես չգիտեմ հիմա գործող օրենքով դեպք, երբ որ օրենքի դրույթների խախտմամբ է, որ ինչ-որ մարդկանց երեխաներ խուսափում են դրանից, այսինքն՝ օգտվում են դրանից: Երբ որ այդ հնարավորությունը սահմանափակում ենք, նշանակում է՝ մենք հավասարություն ենք սահմանում, գոնե ցանկանում ենք այդպես անել:
Ինչ վերաբերվում է Ձեր ասածին, ապա ես կատեգորիկ դրան դեմ եմ երկու պատճառով. Նախ, նրանք, ովքեր բանակում չեն ծառայել և չեն ծառայել օրենքի շրջանակներում, ապա նրանք ինչո՞վ են մեղավոր, ո՞րն է նրանց մեղքը, եթե ասում ենք մենք օրենքի երկիր ենք ուզում դառնալ, եթե խոսում ենք օրենքի գերակայության մասին, ապա մարդու մոտ հարց կառաջանա չէ՞, դուք ինձ հնարավորություն եք տվել օգտվելու, ես օգտվել եմ այդ հնարավորությունից, ինչու՞ եք հիմա սահմանափակում իմ իրավունքները: Երկրորդ՝ բոլոր հասարակություններում էլ, այդ թվում մեր հասարակությունում կան մարդիկ, ովքեր չեն ծառայում ելնելով առողջական վիճակից կամ ընտանեկան դրությունից:
Իսկ ո՞վ է ասել, որ օրինակ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող, նույնիսկ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող մարդիկ չեն կարող պետական ապարատում լավ ծառայել: Այսինքն՝ մենք ոչ թե պետք է փորձենք սահմանափակել ուրիշների իրավունքը, այլ պետք է խրախուսենք այն մարդկանց, ովքեր հավելյալ ջանք են ներդրել հայրենիքի պաշտպանության գործում»,-հավելել է նախագահը: