«Լավ ապրելու միակ բանաձևն աշխատելն է». Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում տնտեսական աճ ապահովելու նպատակով: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով երկրում սոցիալական լարվածությունը մեղմելու համար կառավարության քայլերին:
«Լավ ապրելու միակ բանաձևը աշխատելն է և բարեկեցության միակ ճանապարհը տնտեսական աճն է, և կարծում եմ այս առումով կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր տնտեսական աճը լինի շոշափելի»,- ասել է նա։
Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում պետք է ավելի շատ ապրանքներ արտադրվեն, ավելի շատ աշխատատեղեր ստեղծվեն: Նա որպես ամենակարևոր խնդիրներից մեկն է նշել բարձր վճարվող աշխատատեղերի հարցը։
«Երբ խոսում ենք, ասում ենք 2018թ-ին աշխատավարձ չի բարձրանալու, դա այդպես չի, դրույքաչափերը չեն բարձրանալու, բայց մարդիկ ավելի շատ աշխատավարձ են ստանալու: Կլինի այնպես, ինչպես արդեն նշեցի. 2017 թվականի համար էլ նշված չէր աշխատավարձերի աճ, բայց այս տարվա հոկտեմբերին հանրապետությունում միջին աշխատավարձը 4.8 տոկոսով ավելին է, քան 2016թ. հոկտեմբերին: Նույնը լինելու է նաև 2018 թվականին։ Այսինքն՝ ոնց ուզենք-չուզենք, հընթացս աճ լինելու է, դա շատ մեծ չի լինելու, ուղղակի մենք պետք է ձգտենք, որ աշխատավարձերի աճը լինի առաջանցիկ, քան թե գնաճը, սա է կարևորը: Կարծես թե մենք հիմա այդ շրջանակներում ենք»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Նա նշել է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության առջև շատ հստակ խնդիր էր դրված և խնդիրը բառացիորեն հետևյալն էր՝ հասնել արդյունավետ կառավարման։ «Այո՛, տնտեսական աճի կոնկրետ խնդիրներ չէինք դրել, որովհետև դա պայմանավորված էր մեր ինտեգրացիոն պրոցեսներում տեղի ունեցող որոշակի հարցերով և այլն, և այլն։ Բայց ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը և նրա գլխավորած կառավարությունն իրենք իրենց առջև են խնդիր դրել, և այդ խնդիրը 5-6 տոկոս տնտեսական աճն է։ Եվ եթե մարդն ինքն իր առջև խնդիր է դնում, եթե կառավարությունն իր առջև խնդիր է դնում և այդ խնդիրը խորը հակադրության մեջ չի մտնում քո պատկերացումների հետ, պարտադի՞ր է, արդյոք, հայտարարել դրա մասին։ Ես կարծում եմ, դա էլ վատ ցուցանիշ չէ։ 5 տոկոսանոց տնտեսական աճը մեզ հնարավորություն կտա օգտվել այդ աճի արդյունքներից, դա տեսանելի և շոշափելի կլինի»,- հայտարարել է Ս. Սարգսյանը։