«Մոռանում ենք, որ եթե ինչ-որ բանի շուրջ հետևողական չաշխատենք, այդ խնդիրը վաղ թե շուտ նորից կկրկնվի»

Հայաստանի խորհրդարանը նոր Սահմանադրությամբ ունի բոլոր գործիքները՝ գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար: Ազգային ժողովում «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» խորագրով միջազգային սեմինարի ընթացքում նման կարծիք հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի նախագահ, հայկական ատլանտյան ասոցիացիայի գործադիր տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը։

«Խորհրդարանը պետք է լինի հակակշիռ գործադիրի թափանցիկ աշխատանքները ապահովելու համար։ Սակայն երբեմն թափանցիկության մեջ մեզ մոտ բացակայում է հետևողականությունը։ Երբ ինչ-որ բանով այսօր կամ երեկ զբաղվել ենք, չի նշանակում, որ պիտի վաղը մոռանանք այդ մասին, քանի որ նոր խնդիր է ծագել: Իսկ մենք այդ խնդիրն ունենք և շատ դեպքերում հետևողական չենք մեր արած գործերի նկատմամբ: Մենք մոռանում ենք, որ եթե ինչ-որ բանի շուրջ հետևողական չաշխատենք, այդ խնդիրը վաղ թե շուտ նորից կկրկնվի կամ նոր խնդիրներ կձևավորվեն», – ասաց Թևան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ պետական պաշտոնյաները պետք է հրապարակայնացնեն, բացատրեն ու հիմնավորեն իրենց գործողությունները՝ աշխատանքի լիարժեք թափանցիկություն ապահովելու համար։

Ըստ Թևան Պողոսյանի՝ վերը նշվածներից ամենադժվարը հիմնավորումների մասն է։

Կարդացեք նաև

«Հրապարակայնությունը հաշվետվության հրապարակման տեսքով լինում է, բացատրություններ մեկ-մեկ անում են, երբ նեղն են ընկնում, իսկ հիմնավորումներն ամենաթույլ, խոցելի տեղն է, որովհետև շատ ժամանակ չեն հիմնավորվում որոշումները, թե ինչու ընդունվեց ինչ-որ բան», – ասաց Պողոսյանը:

Նա այն կարծիքին է, որ ցանկության դեպքում խորհրդարանը կարող է հիմք դնել բարձր մակարդակի վերահսկողություն իրականացնելու մշակույթին:

Տեսանյութեր

Լրահոս