«Արդշինբանկը» ստորագրել է 25 մլն դոլարի Առևտրի ֆինանսավորման պայմանագիր Սիթիբանկի և Ասիական զարգացման բանկի հետ

«Արդշինբանկը» Սիթիբանկի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ ստորագրել է 25 մլն ԱՄՆ դոլարի Առևտրի ֆինանսավորման ակումբային պայմանագիր (Club Trade Finance Facility): Գործարքի մի մասը երաշխավորվել է Առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո ԱԶԲ-ի կողմից տրամադրված ծածկույթով:

Այս գործարքն Արդշինբանկի հետ իրականացրած Սիթիբանկի առաջին Առևտրի ֆինանսավորման ակումբային պայմանագիրն է: Այս գործիքի ներքո ստացված վարկային միջոցները կուղղվեն Բանկի խոշոր կորպորատիվ հաճախորդների արտահանման և ներմուծման գործարքների ֆինանսավորմանը` նպաստելով Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերի` ներառյալ էներգետիկայի, հանքարդյունաբերության և առևտրի ոլորտում իրականացվող առևտրային գործարքների ծավալների ավելացմանը:

«Մենք հպարտ ենք, որ առաջատար դիրք ենք զբաղեցնում մեր կորպորատիվ և ՓՄՁ հաճախորդներին անհրաժեշտ առևտրի ֆինանսավորման գործիքներ տրամադրելու հարցում: Այս գործարքը ոչ միայն թույլ կտա ընդլայնել մեր հաճախորդների բազան, այլև կնպաստի Հայաստանի կայուն տնտեսական աճին», – նշեց Արդշինբանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բազմամյա գործընկերներ Սիթիբանկին և Ասիական զարգացման բանկին արդյունավետ համագործակցության և գործարքի բարեհաջող իրականացման համար»:

«Մեր նպատակն է հաճախորդներին տրամադրել իրենց պահանջներին համապատասխան առևտրի ֆինանսավորման լավագույն գործիքները: Սիթիբանկի գործունեության աշխարհագրությունը և առևտրի ֆինանսավորման ոլորտում ունեցած փորձը հնարավորություն են տալիս մեզ խթանել զարգացող երկրների աճը և նպաստել վերջիններիս առաջընթացին»,- նշեց  Չաֆիկ Հադդադը` Եվրոպա, Միջին Արևելք և Աֆրիկա տարածաշրջանների Սիթիբանկի  Ֆինանսական կազմակերպությունների և Թղթակցային հարաբերությունների, Գանձապետարանի և Առևտրային գործիքների գծով տնօրենը:

«Ձեռնարկելով Արդշինբանկի համար նախադեպը չունեցող առևտրի ֆինանսավորման այս գործարքը` մենք համագործակցել ենք ոլորտի մի շարք մասնագետների հետ, որպեսզի կարողանանք առաջարկել Բանկի առևտրի ֆինանսավորման պահանջներին համահունչ լուծումներ»:

«Ասիական զարգացման բանկն ուրախ է, որ Արդշինբանկի և Սիթիբանկի հետ միասին մասնակցում է այս գործարքի իրականացմանը»,- նշեց ԱԶԲ-ի Հարաբերությունների գծով մենեջեր Նանա Խուրոդզեն,- այս գործարքը թույլ կտա Արդշինբանկին ընդլայնել իր առևտրի ֆինանսավորման գործառնությունները` աջակցելով ավելի շատ ներմուծող և արտահանող կազմակերպություններին` այդ թվում փոքր և միջին ձեռնարկություններին, ինչն իր հերթին կնպաստի Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին:

2012 թվականից սկսած ԱԶԲ-ն իր Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում աջակցել է Հայաստանում շուրջ  55.9 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով 159 առևտրային գործարքի իրականացմանը, որից 95.6%` ուղղված ՓՄՁ-ների ֆինանսավորմանը:

***

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին: Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով www.ardshinbank.am կայքը կամ զանգահարելով (012) 22-22-22 հեռախոսահամարով:

 Սիթիբանկը, հանդիսանալով առաջատար գլոբալ բանկ, ունի մոտ 200 միլիոն հաճախորդների հաշիվներ և գործում է ավելի քան 160 երկրում: Սիթին իր հաճախորդներին, ձեռնարկություններին, պետական մարմիններին և կազմակերպություններին տրամադրում է ֆինանսական պրոդուկտների և ծառայությունների լայն շրջանակ՝ ներառյալ անհատական բանկային ծառայությունների մատուցում և վարկավորում, կորպորատիվ և ներդրումային գործունեություն, արժեթղթերի բրոքերային ծառայություններ, գործարքային սպասարկում և հարստության կառավարում:

Ասիական զարգացման բանկը հիմնադրվել է 1966 թվականին, որի նպատակն է տնտեսական աճի, կայուն զարգացման և տարածաշրջանային ինտեգրման միջոցով նպաստել Ասիայում և Խաղաղ օվկիանոսում աղքատության նվազեցմանը: ԱԶԲ-ն ունի 67 հիմնադիր-անդամ, որից 48-ը տարածաշրջանից: 2016թվականի դրությամբ ԱԶԲ-ի օժանդակությունը կազմել է 31.7 միլիարդ ԱՄՆ դոլար, որից 14 միլիարդ ԱՄՆ դոլարը` համատեղ ֆինանսավորման տեսքով:

Հիմքում ունենալով ԱԶԲ-ի AAA վարկային վարկանիշը` Առևտրի ֆինանսավորման ծրագիրը տրամադրում է երաշխիքներ և վարկեր ավելի քան 200 գործընկեր բանկերին՝ ուղղված առևտրի աջակցությանը, ինչպես նաև Ասիայում ավելի շատ ընկերություններին ներմուծման և արտահանման գործունեության իրականացմանը: Առևտրի ֆինանսավորման հատուկ մասնագետներով և 24-ժամյա արձագանքման հնարավորությամբ, ծրագիրը հանդիսանում է առևտրի միջազգային համայնքի հիմնական գործընկերը՝ տրամադրելով արագ, հուսալի և աջակցող օժանդակություն տարածաշրջանի ամենադժվար հասանելի շուկաներում բացերը լրացնելու համար:

2009թ. սկսած Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվել տարածաշրջանի ավելի քան 9,200 փոքր և միջին ձեռնարկություններին՝ ավելի քան 26 միլիարդ արժողությամբ մոտ 14,000 գործարքներում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ապրանքները, բժշկական սարքավորումները և սպառողական ապրանքները:

Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք ԱՖԾ ինտերնետային կայքը՝ http://www.adb.org/tfp:

Տեսանյութեր

Լրահոս