«Հայաստանն անվտանգության բաղադրիչի դիվերսիֆիկացման փորձեր է անում». Բրիտանացի վերլուծաբան

Հայաստանում ՆԱՏՕ-ի 11-րդ շաբաթն ուշագրավ լուրով սկսվեց: Հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության շրջանակում Հայաստանում խաղաղապահների բացառիկ ուսումնական կենտրոն է ստեղծվում: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը նախօրեին տեղեկացրել է, որ կենտրոնի կառուցումն իրականացվում է հայ-ամերիկյան ծրագրերի շրջանակներում՝ երկու երկրների ներդրման արդյունքում, որի նպատակն է՝ ստեղծել խաղաղապահ գործողությունների ուսումնական կենտրոն: Նրա խոսքով, կա հեռահար նպատակ՝ ունենալ խաղաղապահ գործողությունների վարժանքի կարողություններ:

«Մինչ օրս մեր խաղաղապահներն իրենց վարժանքներն անցկացնում են արտերկրում: Այդ ուսումնական կենտրոնի վերջնական կառուցումից հետո միգուցե այն սերտիֆիկացնենք, և դառնա միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն: Արդեն հաջորդ տարի կենտրոնում կանցկացնենք զորավարժություն: Մեր խաղաղապահ կարողությունները գնահատման գործընթաց են անցնում ՆԱՏՕ-ի չափանիշերին համապատասխան, և հերթական փուլը կանցկացվի այդ կենտրոնում»,- ասել է ՊՆ պաշտոնյան:

168.am-ի հետ զրույցում բրիտանական «Քինգզ» քոլեջի դոկտոր, ռազմական վերլուծաբան Թրեյսի Ջերմանն ասաց, որ Ռուսաստանի հետ ռազմական ալյանսի մեջ գտնվող Հայաստանի կողմից այս քայլը ուշադրության է արժանի մի քանի տեսանկյունից:

Ըստ նրա՝ խաղաղապահների ուսումնական կենտրոնը Հայաստանում, հաշվի առնելով Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությունը, Հայաստանի անվտանգության դիվերսիֆիկացման փորձ է, ուսումնական կենտրոնի ստեղծման պարագայում կարելի է խոսել ռազմական բաղադրիչի որոշակի հավասարակշռման մասին, մինչ այս Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը կարելի է համարել, որ հեռու էր մնում Հայաստանում ռուսական շահերի ու հավակնությունների սահմաններին մոտենալուց:

«Սա արևմտյան նախաձեռնություն է, այստեղ պատրաստված խաղաղապահները պետք է առաքելության մեկնեն այն գոտիներ, որոնցում ՆԱՏՕ-ն է խաղաղապահ առաքելություն իրականացնում, բայց այս հարցում կա լուրջ ռուսական վերաբերմունք, և վստահ չեմ, որ այս կենտրոնի կառուցման աշխատանքները և հետագայում կենտրոնի լիարժեք աշխատանքը հնարավոր է»,- ասաց Թրեյսի Ջերմանը:

Նրա խոսքով, այս քայլն ուշագրավ է մեկ այլ տեսանկյունից ևս: «Հայաստանն այս քայլով աննկատելիորեն ամրապնդում է իր անվտանգությունը, քանի որ այս կենտրոնը պետք է անընդհատ աշխատող ռազմական միավոր դառնա, այստեղ անընդհատ լինելու է ռազմական կոնտինգենտ ՆԱՏՕ անդամ երկրներից և գործընկեր երկրներից, որը կրկին լուրջ գործոն է դառնալու, Հայաստանը սրանով կհավակնի ունենալ ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոն, ոչ այնպիսին, ինչպիսին Վրաստանի Վազիանիում, բայց նմանատիպ մի միավոր, ինչը չի կարող չմտահոգել թե Ռուսաստանին, թե Ադրբեջանին, քանի որ Հայաստանը հակամարտություն ունի Ադրբեջանի հետ: Հայաստանը կարող էր ունենալ նման կենտրոն, բայց ընդգծվում է, որ կա նպատակ՝ միջազգային հավաստագիր ստանալ այդ կենտրոնի համար, որը փաստորեն կդառնա հասանելի շատ երկրների համար, Հայաստանը կարող է յուրատեսակ կենտրոն դառնալ»,- ասաց Ջերմանը:

Սակայն, բրիտանացի վերլուծաբանի խոսքով, հաշվի առնելով Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում առկա լարվածությունը՝ այս քայլը գուցեև այլ կերպ մեկնաբանվի Ռուսաստանի կողմից:

«Չի բացառվում, որ Հայաստանին մեղադրեն «դավաճանության» մեջ կամ թույլ չտան շարունակել այս ծրագիրը, ինչպես պատահեց Ասոցացման համաձայնագրի դեպքում, քանի որ հատկապես ՆԱՏՕ-ի քաղաքականությունն այս տարածաշրջանում մշտապես լուրջ ռուսական հակազդեցության է արժանացել, սպառնալիքների:

Ուստի, եթե Հայաստանին հաջողվի իր շահերը ճիշտ ներկայացնել իր գործընկերոջը, կարողանալով ավարտին հասցնել այս կենտրոնի կառուցումը, սա մեծ առաջընթաց կարելի է համարել Հայաստան-ՆԱՏՕ և Հայաստան-Արևմուտք հարաբերությունների համար անվտանգության ոլորտում»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս