«Որոշ ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը չի ենթադրում, թե դրանք անպայմանորեն կթանկանան». Միրումյան
Հաջորդ տարվա սկզբից որոշ ապրանքների ու ծառայությունների մասով մաքսատուրքերի բարձրացումն անպայմանորեն չի ենթադրելու, թե տվյալ ապրանքատեսակները թանկանալու են: Այսօր ասուլիսում այս մասին ասաց ՀՀ ԿԱ Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:
«2015-ին, երբ անդամակցեցինք Եվրասիական տնտեսական միությանը, որոշ ապրանքների և ծառայությունների մաքսատուրքերի մասով բացառություններ ենք ստացել, որոնք պետք է վերանան աստիճանաբար: Մինչև 2022 թվականն աստիճանաբար անցում ենք կատարելու միասնական տարիֆին: Հասարակության մեջ այսպիսի կարծիք կա, թե երբ մաքսատուրքերի դրույքաչափերը սահմանվում են միասնական մաքսատուրքին համապատասխան, այսինքն` բարձրանում են, դա նշանակում է, որ ապրանքների գները միանշանակորեն թանկանալու են: Ուզում եմ նշել, որ այդ տեսակետը ճիշտ չէ, և առնվազն մի քանի հանգամանքներ պետք է հաշվի առնվեն»,- ասաց նա:
Նա նշեց, որ դրույքաչափերի բարձրացումը վերաբերում է երրորդ երկրներից ներմուծումներին, հետևաբար, դա հնարավորություն է ստեղծելու, որ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներից այդ ապրանքները ներկրվեն Հայաստան արդեն առանց մաքսատուրքերի: «Եթե բարձրացված մաքսատուրքով ապրանքատեսակը ներմուծվում է ոչ թե երրորդ երկրից, այլ ԵԱՏՄ-ից, ապա մաքսատուրքի դրույքաչափը կլինի 18 տոկոս, թե 36 տոկոս, դա ապրանքի գնի վրա ազդեցություն չի կարող ունենալ, որովհետև այդ երկրներից ապրանքները ներմուծվում են առանց մաքսատուրքերի վճարման»,-հավելեց ՊԵԿ փոխնախագահը:
Նա հիշեցրեց, որ Հայաստանն ունի ազատ առևտրի համաձայնագրեր երրորդ երկրների հետ, որոնք այս պարագայում ևս կարող են պիտանի լինել: «Եթե ներմուծման փոխարինումը կատարվի այնպես, որ այդ ապրանքները ներմուծվեն այն երկրներից, որոնց հետ Հայաստանն ունի ազատ առևտրի համաձայնագիր, ապա ակնհայտ է, որ մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացումը նույնպես որևէ ազդեցություն չի կարող ունենալ այդ ապրանքների թանկացման վրա»,-ասաց Վախթանգ Միրումյանը:
Նա նշեց նաև, որ մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացումը նոր հնարավորություն է տեղական արտադրողների համար, որոնք կարող են ավելացնել իրենց արտադրական ծավալներն ու շուկան գրավել:
Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսման` ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխությամբ ակնկալվում է սպառողական զամբյուղի շուրջ 30 անուն ապրանքատեսակների մասով մաքսատուրքերի դրույքաչափերի աճ, ինչի ընդհանուր ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է 0.4 տոկոսային կետ: Հարկ է նշել, որ ԵԱՏՄ շրջանակում 2018 թվականից բարձրանալու են մոտ 200 ապրանքատեսակների մաքսատուրքերի դրույքաչափերը, որոնք ազդելու են ՀՀ սպառողական զամբյուղի շուրջ 30 անուն ապրանքատեսակի վրա: