Խոշոր բիզնեսի կողմից հարկային գերավճարների նվազումն արդյունք է նրանց օրինական դաշտ մղելու ՊԵԿ-ի քաղաքականության
Խոշոր ու միջին հարկ վճարողների կողմից հարկային գերավճարները նվազել են 2017-ի 11 ամիսներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Խոշոր և միջին հարկ վճարողների տեսչության պետ Արմեն Սաֆարյանը դա բացատրեց նրանով, որ հարկային մարմինների կողմից որդեգրված քաղաքականությունն ուղղված է բիզնեսին օրինական դաշտ մղելուն, ոչ թե նրանցից գերավճարներ հավաքելուն: «Գերավճարները նվազում են այն պարզ պատճառով, որ հարկային մարմինների նպատակը ոչ թե նրանցից գերավճարներ հավաքելն է, այլ խոշոր բիզնեսին մղել իր հաշվարկ-հաշվետվություններում լինել թափանցիկ ու ներկայացնել գործունեության իրական վիճակը»,-նշեց ՊԵԿ պաշտոնյան:
2017-ի հունվար-նոյեմբերին գերավճարները նվազել են 4.7 միլիարդ դրամով, 2016-ի 11 ամիսների ընթացքում հարկային գերավճարներն աճել են 16.4 դրամով: Մեկ տարվա կտրվածքով (01.12.2016-01.12.2017) բոլոր հարկատեսակների և վճարների գծով գերավճարների հանրագումարը նվազել է 13.7 միլիարդ դրամով կամ 7.3 տոկոսով: