«Կառավարությունը պատրաստվո՞ւմ է լսել նախագահի հորդորը և հրաժարական տալ». Գևորգ Պետրոսյանը՝ կառավարությանը
«2013 թվականի մարտի 18-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բառացիորեն հանդես է եկել հետևյալ հանձնարարականով, որ ՀՀ այն կառավարությունները, որոնք չեն ապահովի 7 տոկոսանոց տնտեսական աճ, պետք է հրաժարական տան»,- այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ նախագահը պետության գլուխն է, այս տարի կառավարությունը 7 տոկոսանոց աճ չի ապահովել. «Արդյոք կառավարությունը կատարելո՞ւ է պետության գլխի հորդորը»:
Ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ասաց, որ կառավարությունները ձևավորվում են քաղաքական գործընթացների արդյունքում, ներկայացնում են ծրագիր, որը հաստատում է ԱԺ-ն.
«Այս կառավարության ծրագրով հաստատված թիրախներում այլ տնտեսական ցուցանիշներ են տրվել, որը տարբերվում է այլ ժամանակահատվածների տնտեսական իրավիճակներից»:
«Շնորհակալություն՝ հարցիս չպատասխանելու համար»,- արձագանքեց Գ. Պետրոսյանը: