
Հայկական երկու հավելված՝ Google Play-ի՝ տարվա լավագույնների շարքում

Ամեն տարի դեկտեմբերին Google Play-ը ներկայացնում է տարվա լավագույն հավելվածները՝ տարբեր անվանակարգերում:
Հայկական երկու հավելված այս տարի լավագույնների թվում են:
Google-ը հայկական PicsArt Animator հավելվածը ճանաչել է տարվա լավագույն ժամանցային հավելված։ PicsArt-ն ամբողջ աշխարհում ներբեռնվել է 450 միլիոն անգամ, ավելի քան 30 լեզուներով: Այն ամսական ունի օգտատերերի կողմից խմբագրված նկարների 850 միլիոնից ավելի հսկայական բազա: Օգտատերերի կողմից ստեղծված տասնյակ միլիոնավոր ազատ օգտագործման համար հասանելի պատկերների ու սթիքերների շնորհիվ՝ PicsArt-ը դարձել է աշխարհում անվճար նկարների ամենածավալուն հավաքածուներից մեկը:
Google Play-ում նշում են, որ սա հավելված է, որը ժամանակ սպանելու համար չէ:
Իսկ հայկական Shadowmatic խաղը մի շարք երկրներում ճանաչվել է լավագույն նորարարական խաղ:
Triada Studio ընկերության կողմից թողարկված Shadowmatic խաղն Android-ի օգտատերերի համար հասանելի դարձավ միայն այս տարվա մարտին: Այն տեղ էր գտել նաև App Store Best of 2015 լավագույն հավելվածների ցանկում՝ որպես լավագույն դիզայնն ունեցող, ինչպես նաև՝ որպես լավագույն նոր խաղ:
Սիրարփի Աղաբաբյան