Բաժիններ՝

«Կինոյի այդ հանձնակատարն իր ծրագրերի մասին դեռևս ելույթներ չի ունեցել, դուք կարող եք նրան ստիպել, որ իր կարծիքները հայտարարի, և մենք էլ ձեր շնորհիվ կիմանանք դրանց մասին». Հարություն Խաչատրյան

Այսօր Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում հրավիրված ասուլիսի ընթացքում միության նորընտիր ղեկավար Հարություն Խաչատրյանն անդրադարձ կատարեց նաև կինոկենտրոնին ներկայացված ֆիլմերի հայտերի ընտրության ընթացքին և սկզբունքներին:

Հ. Խաչատրյանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց կինոկենտրոնի որդեգրած քաղաքականության որոշ կետերին.

«Կինեմատոգրաֆիստների միությունում կինոկենտրոնին ներկայացված ֆիլմերի հայտերի երկու քննարկում է եղել: Թե ինչպես է կատարվելու վերջնական ընտրությունը՝ դեռ հայտնի չէ: Արդյո՞ք դա տեղի կունենա մշակույթի նախարարի տված նախնական խոստումների համաձայն՝ բաց ու թափանցիկ, ինչպես ակնկալվում էր, ես չգիտեմ: Ես հայտերի քննարկմանը չեմ մասնակցել, որովհետև ինքս հայտ էի ներկայացրել, որը կարծես չի անցել, համենայն դեպս, օֆիցիալ այդ մասին դեռևս ոչինչ հայտարարված չէ: Ես շատ զարմացած եմ, որովհետև մեր ողջ պայքարը նրանում էր, որպեսզի նախագծերի պաշտպանությունները լինեին բաց՝ լրատվամիջոցների ներկայությամբ:

Բալային սիստեմ է մշակվել, և մեզ խնդրել են, որպեսզի մենք այդ սիստեմով ուղարկենք մեր կարծիքը այս կամ այն նախագծի վերաբերյալ: Թե հետո ի՞նչ է լինելու, ես չգիտեմ, որովհետև դժբախտաբար կինոկենտրոնից իրենց ծրագրերին մեզ չեն ծանոթացնում: Խոսք էին տվել, որ կինոյի օրենքի վերջնական ավարտից հետո գալու են մեզ մոտ պրեզենտացիա անեն, բայց թե ինչպե՞ս են ֆինանսավորվելու այդ ֆիլմերը, որովհետև օրենքի համար դա ևս շատ կարևոր դրույթ է, դեռ ոչինչ հայտնի չէ, չգիտենք: Կինոյի այդ հանձնակատարը (նկատի ունի Ազգային կինոկենտրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանին.- Ն.Մ.), որ նոր է եկել այստեղ, իր ծրագրերի մասին դեռևս ելույթներ չի ունեցել, և կարծեմ՝ դուք կարող եք նրան ստիպել, որ իր կարծիքները հայտարարի, և մենք էլ ձեր շնորհիվ կիմանանք դրանց մասին»:

Անդրադառնալով կինոյի օրենքի վերաբերյալ քննարկումների ընթացքին՝ Հարություն Խաչատրյանը նկատում է.

«Կինոյի օրենքը երկու անգամ քննարկվել է Կինեմատոգրաֆիստների միությունում՝ Կինոակադեմիայի ներկայացուցիչների, երիտասարդ կինոգործիչների և բոլոր հետաքրքրված մարդկանց ներգրավվածությամբ: Մենք ամեն կետի և օրենքի յուրաքանչյուր տարրի վերաբերյալ շատ լրջորեն մեր առաջարկությունները ուղարկեցինք և խնդրեցինք, որ անդրադառնան այդ ուղղություններին, որովհետև դա դա բոլորիս կարծիքն էր:

Այդ մասին ևս որևէ լուր չունենք այս պահի դրությամբ: Ես տեղյակ եմ, որ Ֆրանսիայի կինեմատոգրաֆիայի և անիմացիայի ազգային կինոկենտրոնը (CNC) սեփական նախաձեռնությամբ և նաև ֆինանսավորմամբ հայկական կողմին առաջարկել է կինոյի օրենքի համատեղ քննարկումներ իրականացնել, բայց տեղյակ չեմ, թե ի՞նչ պատասխան է տվել հայկական կողմը: Հույս ունեմ, որ այս համագործակցությունն անպայման կկայանա, սա նաև էապես կօգնի, որպեսզի մեր օրենքը միայն մեր մեջ չքննարկվի, այլ նաև եվրոպական կինոփորձ ներգրավվի: Այսքան տարի կինոյի օրենք չենք ունեցել, և հիմա, կարծում եմ, դա պետք է վերջնական տեսքի բերել՝ մաքսիմում կատարյալ և համակողմանի քննարկումների արդյունքում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս