Հարված բոլորիս և մեզանից յուրաքանչյուրին

«Հայաստանի պատմությունը, ողջ մարդկության քաղաքակրթական ժառանգությունն է, քաղաքական համատեքստում՝ մեր երկրի ներքին գործը:

Հարգելի տիկին Կրաշեննիկովա,

«Զվեզդա» հեռուստաընկերության հարգելի խմբագրություն,

Նոր և նորագույն պատմության մեծագույն պատմական գործիչներից մեկին՝ Օտտո ֆոն Բիսմարկին են պատկանում հետևյալ խոսքերը. «Քաղաքականությունը հնարավորի արվեստ է»: Հուսամ՝ գերմանացի քաղաքական գործչի օրինակը չի վիրավորում ձեր զգացմունքները, և մեծապես հույս ունեմ, որ բավականաչափ տեղեկացված եք, որ ականավոր կանցլերը պատմա-քաղաքական որևէ կապ չունի ֆաշիզմի և նացիզմի գաղափարախոսությունների հետ:

Եկեք համաձայնենք, որ երբ խոսք է գնում պատմության մասին, մենք չպետք է անտեսենք չափազանց կարևոր նրբությունները: Պետք է նաև համաձայնենք նրա հետ, որ պատմությունը քաղաքականության փաստերի վերլուծությունը չէ, այլ դրանց մեկնաբանումը՝ հիմնված սուբյեկտիվ կոնյուկտուրային շահերի վրա:

Հայաստանը և հայ ժողովուրդն իրենց երկարատև պատմության ընթացքում մեծագույն հարգանք են ցուցաբերել Ռուսաստանի և ռուս ժողովրդի շահերի նկատմամբ՝ իրենց ներդրումը բերելով մեր ընդհանուր ժառանգության ձևավորման հարցում: Մենք երբևէ չենք փորձել նվաստացնել ռուսական պատմությունը, չնայած՝  այնտեղ քիչ չեն գործողությունները, որոնց պատճառով հայկական քրիստոնեական պետության պատմական տարածքների մեծ մասը հայտնվեցին քրիստոնեական Ռուսական կայսրության դարավոր ռազմավարական հակառակորդի՝ Թուրքիայի կառավարման ներքո: Այնուամենայնիվ, մենք խորապես արժևորում ենք մեր ընդհանուր ներկան և ձգտում ենք կառուցել ընդհանուր ապագա՝ հիմնված հավասարության, փոխադարձ հարգանքի ու քաղաքական, տնտեսական, հումանիտար և քաղաքակրթական լայն շրջանակի հարցերում փոխադարձ շահերի ճանաչման սկզբունքների վրա:

Ժամանակակից Ռուսաստանը, արդարացիորեն, իրեն դիրքավորում է որպես բարձր բարոյական սկիզբ ունեցող գերտերություն՝ մերժելով երկակի ստանդարտների «անբարո» քաղաքականությունը և հանդես գալով ի պաշտպանություն միջազգային հարաբերությունների սրբազան կանոնի՝ ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի: Հույս ունեմ, որ դուք՝ տիկին Կրաշեննիկովա, որպես կառավարող քաղաքական կուսակցության անդամ, և դուք՝ պետական հեռուստաընկերության խմբագրություն, չեք ժխտի այդ սկզբունքները, որոնք բազմիցս բարձրաձայնվել են երկրի և կուսակցության ղեկավարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:

Բարեբախտաբար, Հայաստանի պատմությունը համայն մարդկության քաղաքակրթական ժառանգությունն է, իսկ քաղաքական համատեքստում դասվում է մեր երկրի ներքին գործերի շարքին: Մեզ համար վիրավորական է օտարերկրյա պետական շրջանակների ներկայացուցիչների (անգամ ամենամոտ ռազմավարական գործընկերների) կողմից մեր ժողովրդի ազգային հերոսներին նացիստական հանցագործների հետ համեմատելու և մեր սրբազան խորհրդանիշները (որոնք հայտնի են ավելի քան հինգ հազար տարի) հանցագործ ռեժիմների քաղաքական ատրիբուտներին հավասարեցնելու ցանկացած փորձ:

Պատմականորեն հայ ժողովուրդը ձևավորել է այնպես, որ մեր բնույթում օբյեկտիվորեն չի կարող գոյություն ունենալ «հակա»  նախածանցը: Մեր պատմության հինգ հազար տարվա ընթացքում անցել ենք բոլոր հնարավոր դժվարությունները՝ կորցնելով մեր բնակության բնական քաղաքակրթական տարածությունը, ինչպես նաև միլիոնավոր մարդկային կյանքեր, հետևել ենք մեր պատմությանը, արժեքներին և իդեալներին հավատարիմ մնալու սրբազան սկզբունքին: Արդյոք ո՞ր տրամաբանության համաձայն հայ ժողովուրդը, որը դարձավ անցյալ հարյուրամյակի առաջին ցեղասպանության վկան, կարող է համագործակցել հանցագործ ռեժիմի հետ, ով մեղավոր է միլիոնավոր մարդկանց ոչնչացման համար:

Դուք կարող եք առարկել, թե խոսքը Գարեգին Նժդեհի (ով, ի դեպ, պարգևատրվել է Ռուսական կայսրության բարձրագույն ռազմական շքանշաններով) մասին է, այլ ոչ թե հայ ժողովրդի: Բարեբախտաբար, մեր ժողովուրդն իրեն երբեք չի տարանջատել իր հերոսներից: Նժդեհը պարզապես զինվորական հրամանատար չէ. նա հայ ժողովրդի և նրա իրավունքների, արժեքների և իդեալների համար պայքարի հավաքական կերպարն է: Դուք պետք է հստակ գիտակցեք, որ հարվածը մեր պատմության սրբություններից մեկին, հարված է բոլորիս և մեզանից յուրաքանչյուրին:

Վերադառնալով հայկական բնույթում «հակա»-յի թեմային՝ անհրաժեշտ եմ համարում նշել, որ Հայաստանի և հայ ժողովրդի պատմական և քաղաքակրթական առաքելությունը տարբեր աշխարհները միմյանց կապելն է: Մենք խաղաղության և երկխոսության հաղորդիչներ ենք, և ոչ թե քաոսի և պատերազմի: Այդ առումով մենք հանդիսանում ենք Ռուսաստանի բնական դաշնակիցը, ով ամեն օր փաստարկում է միջազգային հանրությանը, որ բոլոր աշխարհաքաղաքական վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ միմյանց շահերը հարգելու և հավասարության հիման վրա:

Մտնելով Մաքսային միություն և Եվրասիական տնտեսական միություն՝ Հայաստանը հաստատեց իր ռազմավարական ընտրությունը՝ ի օգուտ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման և ամրապնդման: Ի տարբերություն հարևան Ադրբեջանի, որտեղ գերակշռում են հակառուսական տրամադրությունները, և ով կողոմնորոշված է դեպի ՆԱՏՕ (ի դեպ՝ Ռուսաստանի գլխավոր ռազմավարական հակառակորդն է) մտնելուն, Հայաստանում հետևողականորեն խոսում են Ռուսաստանի Դաշնության հետ միջպետական հարաբերությունների ամրապնդման և բարեկամության մասին:

Ձեր հաջորդ թեզիսը՝ Հայաստանի ուկրաինական ուղղով շարժվելու մասին, նույնպես չափազանց անհիմն է: Մենք շնորհակալ ենք Ռուսաստանի ղեկավարության բարձրաստիճան քաղաքական գործիչներին, ովքեր շնորհավորեցին Հայաստանին՝ Եվրոպական Միության հետ բացառիկ և պատմական համաձայնագիրը ստորագրելու կապակցությամբ: Դա ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի հաղթանակն է, այլ նաև եվրասիական ինտեգրացիոն նախագծերի հաջողությունը:

Հայաստանը գործնականում իրագործեց իր առաքելությունը՝ դառնալով կամուրջ երկու ինտեգրացիոն նախագծերի՝ Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական Միության միջև: Ի՞նչ հակառուսական և հակաեվրասիական բան եք դուք տեսնում մեր երկրների և ժողովուրդների զարգացման և խաղաղության հույսի դռնից:

Դրա հետ կապված, իմ պարտքն եմ համարում դիպչել ձեր բանական մտածողության խորքերին, որը տվյալ իրավիճակում պետք է բերի հրապարակային ներողությունների՝ ամբողջ հայ ժողովրդից: Ինչպես ասում էր հայտնի դասականը՝ ներողություն խնդրելը ոչ թե թուլության, այլ ուժի և խիզախության նշան է: Ես և հայ ժողովուրդը հույս ունենք, որ դուք ուժեղ և խիզախ մարդիկ եք»:

Մհեր Տերտերյան

Տեսանյութեր

Լրահոս