«Որևէ մեկը երեխայի թևից քաշելու համար պատասխանատվության չի ենթարկվի». Վիգեն Քոչարյանը
Ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակում շեշտը դրվել է Հայաստանի քրեական օրենսդրության մեջ գոյություն ունեցող ձևակերպումների վրա. նախագծում որևէ նոր տարր` կապված քրեական օրենսդրության մեջ առկա «ֆիզիկական բռնություն» եզրույթին չի ավելացվել:
«Մեր քրեական օրենսդրության մեջ երկար տարիներ գոյություն ունի «ծեծը և այլ բռնի գործողություններ» եզրույթը: Բնականաբար, այս եզրույթը, որը մենք ներառել ենք նաև առաջարկվող նախագծում, պետք է մեկնաբանվի այնպես, ինչպես մեկնաբանվել է երկար տարիներ շարունակ»,- նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը` պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հարցին, թե ի՞նչ կարելի է հասկանալ «այլ բռնի գործողություններ» եզրույթի տակ:
Նախագծում ներառված է նաև «սեռական բռնություն» եզրույթը, որը նույնպես պետք է մեկնաբանել այնպես, ինչպես տարիներ շարունակ մեկնաբանվել է քրեական օրենսդրության մեջ:
Ռուստամ Մախմուդյանն ընդգծեց, որ առաջարկվող նախագծում «այլ բռնի գործողություններ» եզրույթը հասարակության շրջանում մտավախությունների առիթ է տվել, քանի որ ի տարբերություն քրեաիրավական հարաբերությունների` ընտանիքում բռնությունների դեպքում չափից ավելի դժվար կլինի այդ եզրույթը մեկնաբանելն այն դեպքում, երբ դա լինելու է ոստիկանության կամ աջակցման կենտրոնի որոշման դաշտում: «Եթե, օրինակ, երեխան ցանկանում է գիշերվա ժամը 01:30-ին տանից դուրս գալ, ծնողը թևից քաշում ներս է բերում ու ասում՝ այս գիշերվա կեսին ո՞ւր ես գնում, սա այլ բռնի գործողությո՞ւն է, թե ոչ»,- հարցրեց պատգամավորը:
Ի պատասխան՝ Վիգեն Քոչարյանը ևս մեկ անգամ նշեց, որ այդ նույն ձևակերպումները կան ՀՀ քրեական օրենսգրքում: «Եթե ոչ ոքի մտքով չի անցնում այդ թևից քաշելը մտցնել «այլ բռնի գործողություններ» եզրույթի տակ, ինչո՞ւ պետք է այս օրենքի պարագայում այդպես համարվի: Իսկ եթե փորձենք ավելի ընդլայնել, ապա ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ այս օրենքի համատեքստում այդ ձևակերպումն ավելի մտահոգիչ է, քան քրեական օրենսգրքում: Այս օրենքի համատեքստում առավելագույնը, որ կարող է անձին սպառնալ, ժամանակավոր սահմանափակումներն են, սակայն քրեական իրավունքի ոչ ճիշտ մեկնաբանման դեպքում համապատասխան անձը կարող է երկար տարիներ հայտնվել ճաղերի ետևում:
Սակայն և՛ մեր քրեաիրավական պրակտիկայում, և՛ այստեղ մենք նման դրսևորումներ չենք ունենա, և ոչ ոք երեխայի թևից քաշելու համար ոչ քրեական պատասխանատվության կենթարկվի, ոչ էլ այս օրենքից բխող ժամանակավոր սահմանափակումներին»,- պարզաբանեց փոխնախարարը: