Իրան-5+1 համաձայնագիր. Լինե՞լ, թե՞ չլինել

Ամփոփ կետեր

  • ԱՄՆ նախագահական ընտրարշավի շրջանում Դոնալդ Թրամփի կողմից Իրան-5+1 համաձայնագրի վերագնահատման հայտարարությունները նրա կողմից պաշտոնը ստանձնելուց հետո աստիճանաբար վերաճեցին այն վերանայելու գործընթացի,
  • Իրանի հանդեպ Թրամփի նոր ռազմավարությունը շարունակում է բախվել ներքին ու արտաքին լուրջ դիմադրության ոչ միայն ներամերիկյան քաղաքական պայքարի հորձանուտում, այլև համաձայնագրի մյուս կողմերի կողմից,
  • Իրանը և միջուկային գործարքի մյուս կողմերը ջանքեր են գործադրում պահպանել համաձայնագիրը՝ չբացառելով ԱՄՆ նոր դիրքորոշումներին այլ կերպ արձագանքելու հեռանկարը,
  • Թեպետ տակավին դժվար է ասել, թե ներքին ու արտաքին բազում գործոններն ինչպես կկանխորոշեն ԱՄՆ Կոնգրեսի որոշումը, այն կարող է ճակատագրական լինել բոլորի ու հատկապես տարածաշրջանի համար:

Նախաբան

2013թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա նստաշրջանի շրջանակներում  Իրանի միջուկային ծրագրերի շուրջ վերջինիս և ՄԱԿ-ի 5 մշտական անդամներ՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Գերմանիայի միջև սկսվեց բանակցությունների նոր փուլ՝ դրական միտումներով: Դա պայմանավորված էր ԱՄՆ-ում նախագահ Բարաք Օբամայի գլխավորությամբ դեմոկրատների ղեկավարությամբ և Իրանում չափավորական կողմնորոշմամբ նախագահ Հասան Ռոուհանիի իշխանության գալով: Բանակցություններն  ընթանում էին գլխավոր դերակատարներ ԱՄՆ-ի և Իրանի վրա ներքին ու արտաքին լուրջ ճնշումների պայմաններում: Դրանց խիստ դեմ էին ԱՄՆ-ի նոր պահպանողականները, իսկ Իրանում՝ իշխանական առավել հզոր լծակներ ունեցող սկզբունքայիններ անվամբ հայտնի ուժերը:

Բացի այդ բանակցություններին դեմ էին նաև տարածաշրջանային մի շարք երկրներ, որոնցից որոշները բարձրաձայնում էին այդ մասին, ինչպես Իսրայելն ու Սաուդյան Արաբիան, իսկ ոմանք էլ իրենց շահերին համահունչ չլինելու պատճառով լռելյայն դեմ էին, ինչպես օրինակ Թուրքիան, Ադրբեջանը և այլ երկրներ: Համաձայնագրի ստորագրումից հետո էլ այն շարունակաբար քննադատելով՝ վերջիններս պահանջում էին չեղարկել կամ հիմնովին վերանայել:

Այսուհանդերձ, բանակցությունները լարված մթնոլորտում ու լուրջ ելևէջներով շարունակվեցին, և 2015թ. հուլիսի 14-ին Վիեննայում Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ստորագրվեց Իրան-5+1 համաձայնագիրը (Joint Comprehensive Plan of Action, JCPOA), ինչը լայն արձագանք ունեցավ միջազգային մակարդակով: Ավելին, այն հաճախ գնահատվել է որպես պատմական: Սակայն այսօր մեծ ջանքերի գնով ու դժվարությամբ ստորագրված համաձայնագիրը հայտնվել է անորոշության, «լինել, թե չլինել»  հարցի  առջև:

Նույն թվականի հուլիսի 20-ին համաձայնագիրը (JCPOA) հաստատվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում թիվ 2231 բանաձևով: Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ դրանից 90 օր անց համաձայնագիրը հաստատվել է նաև ԱՄՆ-ի և Իրանի օրենսդիրների կողմից: JCPOA-ը կյանքի է կոչվել 2016թ. հունվարի 16-ին, որի իրականացումը երկու նպատակ է հետապնդում.

ա) Իրանը 15 տարով խիստ սահմանափակելու է ուրանի հարստացման գործընթացը, կրճատելու է կենտրոնախույս (ցենտրիֆուգային) սարքերի արտադրությունը: Բացի այդ ՄԱԳԱՏԵ-ն (IAEA) իրավասու է լինելու ստուգել Իրանի միջուկային բոլոր օբյեկտները,

բ) ի պատասխան նշյալ քայլերի՝ վերացվելու են Իրանի դեմ ՄԱԿ-ի, Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից տնտեսական ու քաղաքական շուրջ 25 տարբեր ոլորտներում խիստ սահմանափակումները, որոնք կիրառվել են ‎ֆիզիկական ու իրավաբանական անձանց և պետության հանդեպ:

ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն մինչև այսօր Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ հրապարակել է 8 զեկուցագիր, որոնցում նշվում է, որ իրանական կողմը լիովին կատարել է JCPOA-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունները: Իրանը մտավախություն ուներ վերջին զեկուցագրի առնչությամբ, որը հրապարակվել է ընթացիկ տարվա օգոստոսի 31-ին, ինչը պայմանավորված էր վերջին զեկուցագրի հրապարակման նախաշեմին Ամանոի հետ հարցի շուրջ բանակցելու նպատակով ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հիլիի՝ Վիեննա կատարած այցով:

Թեհրանն այն գնահատեց IAEA-ի և Ամանոի վրա ճնշում գործադրելու անթույլատրելի քայլ: Իսկ  իրանական ԶԼՄ-ները շեշտեցին, որ 8-րդ զեկուցագիրը կդառնա IAEA-ի անկողմնակալության չափանիշ: Թեհրանը, ընդհանուր առմամբ, որոշ վերապահումներով անաչառ է գնահատել Ամանոի զեկուցագրերը:

Բացի այդ Հիլին Ամանոից պահանջել էր ստուգումներ կատարել նաև Իրանի ռազմական օբյեկտներում, ինչը զայրացրել է վերջինիս: Ի պատասխան դրա՝ տարբեր մակարդակներով խիստ քննադատելով նման պահանջի ներկայացումը՝ Թեհրանում դեմ են արտահայտվել, շեշտել, որ դա բացառվում է և անհնարին է: Իրանի ներկայացուցիչն IAEA-ում պաշտոնապես իր դժգոհությունն է հայտնել և զինվորական օբյեկտների ստուգումը բացառել, քանի որ դա նախատեսված չէ համաձայնագրով:

Միջուկային համաձայնագիրը` վերանայման վտանգի տակ

Եթե ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա վարչակազմը բարձր էին գնահատում JCPOA-ը, ապա նախագահ Դոնալդ Թրամփը, դեռևս 2016թ. նախընտրական քարոզարշավի ընթացքում այն համարելով «վատթարագույն» համաձայնագիր, խոստացել էր, որ ընտրվելու դեպքում իր առաջին գործը կլինի ԱՄՆ-ի՝ JCPOA-ից դուրս գալը: Մինչդեռ Կոնգրեսում և Թրամփի վարչակազմում, քաղաքագետների շրջանակներում այդ քայլին դեմ հանդես եկան բավական ազդեցիկ դեմքեր, ինչի պատճառով հարցը ժամանակավորապես դուրս բերվեց Թրամփի կառավարության օրակարգից, և Կոնգրեսին երկու անգամ ներկայացվող զեկուցումը հաստատեց, որ Իրանը կատարում է համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:

Միաժամանակ հայտարարվեց, թե որդեգրվելու է այնպիսի քաղաքականություն, ինչն Իրանին կստիպի չեղարկել համաձայնագիրը, և որի համաձայն՝ տարբեր պատճառներով JCPOA-ի շրջանակներից դուրս Թեհրանի դեմ նորանոր սահմանափակումներ են կիրառվում: Իրանը, ի պատասխան այդ քայլերի, բազմիցս պնդել է, որ Թեհրանը երբեք առաջինը չի խախտելու համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Ահավասիկ, օգոստոսի 29-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կառավարության նոր կազմով աշխատանքը սկսելու առիթով ուղիղ եթերով իր առաջին հեռուստազրույցի ընթացքում կրկին հայտարարել է.

«Մենք երբեք առաջինը չենք խախտելու համաձայնագիրը, սակայն այլոց խախտումների դեպքում էլ ձեռքներս ծալած չենք նստելու»:

Մյուս կողմից, նախագահ Թրամփը հատուկ հանձնաժողովին հանձնարարել էր ուսումնասիրել  JCPOA-ն վերանայելու ուղիները: Ավելին, դեռևս օգոստոսի 20-ին «Վաշինգտոն թայմս» օրաթերթում նա հայտնել էր, թե մինչև ընթացիկ տարվա հոկտեմբեր ամիսը կարող են ապացուցել, որ Իրանը չի կատարում ստանձնած պարտավորությունները, սակայն իրականում որևէ նոր բան, քան բալիստիկ հրթռների փորձարկումն էր, ինչը Վաշինգտոնը համարում է համաձայնագրի խախտում,  չներկայացվեց: Ավելին, օրաթերթը հավելել էր, թե առանց հիմնավորելու և լուրջ ապացույցներ ներկայացնելու Եվրոպան, Ռուսաստանն ու Չինաստանը չեն աջակցի ԱՄՆ-ի որոշումներին, ուստի մտավախություն կա, որ Թրամփը կարող է «վատ» որոշում ընդունել:

Իրանում պահպանողականներն ի սկզբանե դեմ էին համաձայնագրի ստորագրմանը: Հետևաբար Իրանի նախորդ խորհրդարանը, որտեղ պահպանողականները մեծամասնություն էին կազմում, JCPOA-ի ստորագրումից հետո այն քննարկման առարկա դարձնելով՝ հաստատեց «Իրանի կառավարության նպատակահարմար և համապատասխան քայլերը JCPOA-ի իրականացման առնչությամբ» մասին օրենքը: Այդ օրենքի համաձայն՝ ԱԳ նախարարը յուրաքանչյուր եռամսյակ պետք է զեկուցագիր ներկայացնի խորհրդարանի Անվտանգության ու արտաքին հարցերի հանձնաժողովին, իսկ վերջինս էլ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ  խորհրդարանին է ներկայացնելու այս առնչությամբ իր զեկույցը:

Եվ ահա ընթացիկ տարվա օգոստոսի 29-ին խորհրդարանի նշյալ հանձնաժողովը ներկայացրել է իր երկրորդ 6-ամսյա զեկույցը, որտեղ Ռոուհանիի կառավարությանը մեղադրում է ԱՄՆ-ի կողմից JCPOA-ի խախտումներին ոչ համարժեք և համեմատաբար մեղմ քայլերի համար, այդ թվում՝ Կոնգրեսի կողմից Իրանի դեմ նախկին պատժամիջոցների երկարաձգումը, իրանցի իրավաբանական ու ‎ֆիզիկական որոշ անձանց նկատմամբ JCPOA-ից դուրս սահմանափակումների կիրառումը, Իրանի շուրջ 2 միլիարդ 800 միլիոն դոլար արժողությամբ ունեցվածքի բռնագրավումը և այլն: Բացի այդ զեկույցում դժգոհություն է արտահայտվել նաև սահմանափակումների ոչ լիարժեք վերացման առնչությամբ:

ԱՄՆ Կոնգրեսի որոշման համաձայն՝ Պետքարտուղարությունը ևս պետք է յուրաքանչյուր 90 օրը մեկ զեկուցագիր ներկայացնի Կոնգրեսին, թե Իրանն ինչպես է իրականացրել համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:

Հոկտեմբերի 15-ին պետքարտուղար Թիլերսոնը պետք է Կոնգրեսին ներկայացներ հերթական զեկուցագիրը, որտեղ, ինչպես արդեն ենթադրվում էր, բացասական է գնահատվել Իրանի կողմից  JCPOA-ով ստանձնված պարտավորությունների իրականացումը, ինչի մասին հոկտեմբերի 13-ին խոսել է նախագահ Թրամփը, երբ հայտարարել է այդ երկրի հանդեպ ԱՄՆ-ի նոր ռազմավարության մասին: Վերջինիս նման դիրքորոշումը կանխատեսելի էր ոչ միայն այն պատճառով, որ նա իր քարոզարշավի ընթացքում էր խոստացել JCPOA-ից դուրս գալ և այնուհետև բազմիցս շեշտել այդ մասին, այլև ընթացիկ տարվա սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նրա ելույթից:

Թրամփն Իրանի Իսլամական Հանրապետությունը խիստ քննադատաբար անվանեց «հանցագործ վարչակարգ»,  «օրինազանց» և այլն, նշելով, թե չպետք է թույլ տալ, որ Թեհրանը շարունակի իր ապակայունացնող գործողությունները: Իսկ JCPOA-ն համարեց ԱՄՆ դիվանագիտության պատմության մեջ վատթարագույն համաձայնագիր, որը վերջինիս համար «ամոթալի» եւ «ստորացուցիչ» է:  Սա այն դեպքում, երբ  ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, JCPOA-ի կյանքի կոչումը բարձր գնահատելով, այն «պատմական հաղթանակ» համարեց և «ԱՄՆ դիվանագիտության հզորության» ապացույց:

Այսուհանդերձ, Թրամփն իր ելույթում համաձայնագրից դուրս գալու մասին հստակ չակնարկեց, ինչը տեղի ունեցավ նաև Իրանի հանդեպ ԱՄՆ-ի նոր ռազմավարության մասին հայտարարելիս: Վերլուծաբաններից  ոմանց, այդ թվում՝ անվտանգության հարցերով փորձագետ Արաշ Արամեշի կարծիքով՝ Թրամփի ելույթից ակնհայտ է, որ նա JCPOA-ի դեմ է հանդես գալու: Նա Թրամփի  նման հնչեղ ելույթը պայմանավորում էր նաև վերջինիս միջինարևելյան քաղաքականությամբ, այն է՝ ցանկացել է գոհացնել ռազմավարական գործընկեր երկրներին՝ Իսրայելին ու Սաուդյան Արաբիային, քանի որ նպատակամղված է վերջինիս և Եգիպտոսի առանցքով սուննի Արաբական աշխարհի միջոցով «զսպել» Իրանին:

Իրականում Թրամփի նոր ռազմավարությունն Իրանի դեմ ողջունել են միայն Թել Ավիվն ու Էր Ռիյադը: Սաուդյան Արաբիայի կառավարությունն այդ առիթով հրապարակել է հայտարարություն, որտեղ շեշտվել է, թե Իրանը, սահմանափակումների վերացումը չարաշահելով, ապակայունացնում է տարածաշրջանը և զարկ տալով հրթիռաշինությանը՝ վերածվել է տարածաշրջանի համար լուրջ սպառնալիքի:

Իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն, նախագահ Թրամփի ելույթից հետո ողջունելով նրա կառավարության նոր ռազմավարությունն Իրանի դեմ, շնորհակալություն է հայտնել ու շնորհավորել նրան, թեև Սաուդյան Արաբիա-Եգիպտոս առանցքի ձևավորումը, հաշվի առնելով որոշ հանգամանքներ,  նաև այն, որ Կահիրեն  ևս Կատարից պահանջել էր դադարեցնել Իրանի հետ փոխհարաբերությունները, հավանական է թվում:

Սակայն Թիլերսոնի միջինարևելյան շրջայցի նպատակը, որը սկսվել էր ընթացիկ տարվա հոկտեմբերի 23-ին Էր Ռիյադից, և որի շրջանակներում նա մասնակցել էր  նորաստեղծ «Իրաք-Սաուդյան Արաբիա համագործակցությունների կոմիտեի» նիստին՝ ընդդեմ Իրանի, Էր Ռիյադ-Բաղդադ առանցքի ձևավորումն է եղել:

Այս մասին հոկտեմբերի 21-ին հայտնել է «The Associated Press» գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ որոշ պաշտոնյաների, որոնք ցանկացել են անհայտ մնալ: Ըստ այդ գործակալության՝ դա Թրամփի կառավարության համար նորություն չէ, քանի որ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականներն ամիսներ շարունակ աշխատել են Բաղդադ-Էր Ռիյադ մերձեցման նախագծի վրա:

Նախագիծ, որի իրականացումը բավական դժվար է լինելու՝ հաշվի առնելով Թեհրանի լուրջ ազդեցությունն Իրաքում: Այս առնչությամբ բացառված չէ, որ կրկին տուժող դառնան քրդերը:

ՄԱԿ-ում Իրանի դեմ Թրամփի խստաշունչ ելույթը բավական ծանր վիճակում էր դրել այդ երկրի նախագահ Հասան Ռոուհանիին, ով պետք է ելույթ ունենար սեպտեմբերի 20-ին՝ հաշվի առնելով այն, որ ոչ միայն Թրամփի ելույթում հնչեցված մեղադրանքների պատասխանը պետք է գոհացներ ընդդիմադիր պահպանողական ուժերին, այլև ի նկատի ունենար Իրանի խորհրդարանի գնահատականը՝ JCPOA-ի հարցում իր գլխավորած կառավարության գործունեության վերաբերյալ: Սակայն, ինչպես նշում են փորձագետները, նախագահ Ռոուհանիի ելույթը հաջողված էր:

Միջազգային ճգնաժամային  խմբի Իրանի հարցերով ավագ փորձագետ Ալի Վաադի կարծիքով՝ Ռոուհանին իր ելույթի հետ կապված լուրջ մարտահրավերների առջև էր հայտնվել: Քանզի նա պետք է լիներ չափավորական, որպեսզի արևմտյան ներդրողներին չմտահոգեր, մյուս կողմից պետք է Թրամփին պատասխանելու հարցում բավական կտրուկ լիներ, որպեսզի ընդդիմադիրներն ու քննադատողները չմեղադրեին Թրամփի հարձակողական դիրքավորման հանդեպ զիջող ու թույլ հանդես գալու համար:

Ուստի, հաշվի առնելով նշյալ հանգամանքները՝ պետք է նշել, որ ՄԱԿ-ում Ռոուհանիի ելույթը հաջողված էր: Նա շեշտել էր, թե Իրանը երբեք առաջինը չի խախտելու JCPO-ը, սակայն խախտողներին պատասխանելու է համարժեք  ու վճռական քայլերով: Ռոուհանին հավելել  է, որ եթե այն անխոհեմների միջոցով ոչնչանա «քաղաքական դաշտում», ապա ցավալի կլինի, և աշխարհը կկորցնի լուրջ հնարավորություն, բայց ի զորու չի լինի Իրանի առաջխաղացումն ու զարգացումը կասեցնելու: Նա նախազգուշացրել է նաև, որ դժվար չէ պատկերացնել, թե ինչ իրավիճակում կհայտնվեր Արևմտյան Ասիան, որտեղ տիրում է քաղաքական, տնտեսական բարդ իրավիճակ ու հումանիտար  ճգնաժամ, եթե առկա լիներ նաև միջուկային «շինծու» հարցը:

Իրանի հանդեպ Թրամփի նոր ռազմավարությունը՝ ներքին ու արտաքին դիմադրության միջև

Եվրամիությունը ոչ միայն կարևորում է JCPOA-ը, այլև այն համարում է Իրանի միջուկային ծրագրերի առնչությամբ իր արտաքին քաղաքականության ուղղվածությունը: Այս մասին օգոստոսի 27-ին Եվրամիության դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել էր գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և շեշտել, որ այն միջազգային համաձայնագիր է:  Բացի այդ օգոստոսի 29-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուլ Մակրոնը, բարձր գնահատելով JCPOA-ը, ընդգծել է, որ այն համատեղ լուրջ ջանքերի արդյունք է, որն այլընտրանք չունի: Նա հավելել է, թե դրա շրջանակներում հնարավոր է դարձել Իրանի հետ կառուցողական երկխոսությունը: Իսկ ՄԱԿ-ի ամբիոնից նա հայտարարել է, թե  JCPOA-ի ոչնչացումը վտանգավոր սխալ կլինի: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Ռոուհանիի հետ հանդիպմանը նա անիմաստ է համարել ցանկացած կրկնական բանակցություններ:

Հատկանշական է նաև, որ Ռուսաստանը և Չինաստանը ևս խիստ դեմ են նոր բանակցություններին, իսկ Թեհրանը, այն գնահատելով հաղթանակ-հաղթանակ, կտրականապես դեմ է նման քայլին: Սեպտեմբերի 19-ին Իրանի ռազմաքաղաքական առաջին դեմք, հեղափոխության առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեի միջազգային հարցերով խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, թե Իրանը երբեք կրկնակի բանակցությունների չի մասնակցելու: Նման տեսակետ է հայտնել նաև երկրի նախագահը:

Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության դեսպանները դեռևս սեպտեմբերի 26-ին Վաշինգտոնում Ատլանտիկ խորհրդի նիստում միահամուռ շեշտել են, թե քանի դեռ Իրանը չի խախտել պայմանագիրը, մյուս պետությունները ևս պետք է հավատարիմ մնան իրենց ստանձնած պարտավորություններին:

Հետագայում նշյալ երկրների բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես, պաշտպանելով JCPOA-ը, մտահոգություն են հայտնել ԱՄՆ-ի՝ դրանից հնարավոր դուրս գալու առնչությամբ: Հոկտեմբերի 8-ին Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը, նշելով, թե  Գերմանիան հավատարիմ է մնալու համաձայնագրին, շեշտել է, որ իր համար մեծագույն մտահոգություն է ԱՄՆ-ի դուրս գալը, ինչի հավանականությունը մեծ է:

Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հոկտեմբերի 10-ին Թրամփի հետ ունցած հեռախոսազրույցում շեշտել է, որ Լոնդոնը հավատարիմ է մնալու JCPOA-ին, որը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար: Այս մասին ասված է Մեյի գրասենյակի հրապարակած հայտարարությունում: Բացի այդ ինչպես հոկտեմբերի 5-ին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը, նշյալ դեսպանները ջանքեր են գործադրել նաև ԱՄՆ Կոնգրեսին համոզելու, որ հովանավորի  JCPOA-ը, այդ նպատակով հանդիպումներ են ունեցել նաև առանձին հանրապետական ու դեմոկրատ սենատորների հետ:

Եվ ահա հոկտեմբերի 13-ին նախագահ Թրամփը պաշտոնապես հայտարարել է Իրանի վերաբերյալ ԱՄՆ նոր ռազմավարության մասին, որտեղ այդ երկրի իշխանություններին խստիվ քննադատելով՝ անհրաժեշտ է համարել Թեհրանի նկատմամբ նոր սահմանափակումներ կիրառել, խափանել զենք արտադրելը  և այլն, ինչը մեծ հաշվով նշանակում է մեկուսացնել Իրանին: Նա, անդրադառնալով  JCPOA-ին, համաձայնագրին կրկին տալով շատ վատ գնահատական, շեշտել է, թե Իրանը հավատարիմ չի մնացել դրա ոգուն և այն բազմիցս խախտել է:

Միաժամանակ, այն ընդունելով իբրև կատարված փաստ, ինչպես և ենթադրվում էր, Իրանի ռազմական օբյետների ստուգումը համարել է անհրաժեշտություն: Նա Կոնգրեսից պահանջել է վերանայել JCPOA-ը՝ հավելելով, որ եթե այդ հարցում ընդհանուր հայտարարի չգան, ապա որպես երկրի նախագահ՝ այն չեղյալ է հայտարարելու: Իսկ Ֆինանսների նախարարությունից պահանջել է Հեղափոխության պահապան գվարդիայի դեմ նոր և ավելի խիստ սահմանափակումներ կիրառել, ինչն ի կատար է ածվել, թեև նախապես խոսվում էր նշյալ գվարդիան ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու մասին, ինչին ի պատասխան Թեհրանը հայտարարել էր, թե դա ընկալելու է որպես Իրանին պատերազմի հայտարարություն:

Թրամփի նոր ռազմավարությունն ու JCPOA-ի վերաբերյալ դիրքորոշումը հակասական արձագանքներ են ունեցել ԱՄՆ-ի, միջազգային քաղաքական գործիչների, վերլուծաբանների ու ԶԼՄ-ների շրջանում: ԱՄՆ պահպանողական քաղաքական գործիչները ողջունել են այն, դրական գնահատականներ են հնչեցրել նաև աջակողմյան ԶԼՄ-ները, ինչպես օրինակ՝ «Fox News» հեռուստատեսությունը, «Red State-ը», որը  համաձայնագիրը «հիմարություն» է անվանել և այլն:  ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Էնթնի Բլինքենի (Antony Blinken) կարծիքով՝ Թրամփի քաղաքականությամբ ԱՄՆ-ն է, որ խախտում է պայմանավորվածությունը և ոչ թե Իրանը:

Ավելին, նույնիսկ պահպանողականների շրջանում եղան խիստ քննադատողներ, այդ թվում՝ «Վաշինգտոն թայմս» օրաթերթի պահպանողական կողմնորոշմամբ վերլուծաբան Ջենիֆեր Ռաբինը գրել է, որ Թրամփը մեկուսացրել է ԱՄՆ-ին և Կոնգրեսում կորցրել երկու կուսակցությունների հովանավորությունը: Բնականաբար, Իրանում պահպանողականների ու բարենորոգիչների շրջանակներում ևս արձագանքները խիստ տարբերվում էին միմյանցից:

ԱՄՆ գործադիրը, փաստորեն, հայտնեց, թե Իրանը չի կատարել JCPOA-ով ստանձնած պարտավորությունները, ինչը նշանակում է, թե այժմ գնդակը Կոնգրեսի դաշտում է, քանի որ, եթե կառավարությունը բացասական եզրակացություն ներկայացնի այդ մասին, ապա Կոնգրեսը 60 օրվա ընթացքում պետք է որոշում ընդունի՝ Իրանի դեմ սահմանափակումների առկախումը պահպանե՞լ, թե՞ վերականգնել:

Դեռևս հոկտեմբերի 20-ին «Associated press» գործակալությունը տեղեկացրել է Կոնգրեսի նախագծի վերաբերյալ, որը կազմել են Սենատի արտաքին հարցերի կոմիտեի նախագահ Բոբ Քորքերը (Bob Corker) և հանրապետական  սենատոր Թոմ Քոթենը (Tom Cotton)՝ հաշվի առնելով նախագահ Թրամփի կառավարության տեսակետները: Եթե հրապարակված նախագիծն օրենք դառնա, ապա ուղղակիորեն չի խախտվելու JCPOA-ը, սակայն դրան զուգահեռ կիրառվելու են միջոցառումներ, որոնք հանգեցնելու են դրա ոչնչացմանը: Այնուհետև հոկտեմբերի 24-ին «Ռոյթերս» գործակալությունը հրապարակել է Կոնգրեսի նախագիծը, որը գրեթե չի տարբերվում «Ասոշեյթդ պրես» գործակալության հրապարակած տարբերակից:

Փաստորեն պահանջվում է վերանայել համաձայնագիրը, ինչը բացառում է ոչ միայն Իրանը, այլև 5+1-ի այլ անդամներ: Նշյալ օրինագծով 10 տարվա կտրվածքով նախատեսվում է վերանայել Իրանի միջուկային գործունեության սահմանափակումը և այն դարձնել մշտապես, ՄԱԳԱՏԵ-ին իրավունք վերագրել Իրանում ցանկացած օբյեկտի, այդ թվում՝ ռազմակայանների ստուգումը, արգելել  բալiստիկ հրթիռների արտադրությունը և այլն, քայլեր, որոնք բացակայում են առկա համաձայնագրում: Դեմոկրատ սենատորները հայտարարել են, թե հնարավոր է բոլոր միջոցներից օգտվեն՝ համաձայնագիրը վերանայելու օրինագիծը չհաստատելու նպատակով: Այս դեպքում նրանք կարող են օգտվել «Filibuster»-ից, ինչով կարող են հետաձգել օրինագիծը քվեարկության դնելու հանգամանքը:

Ճիգեր՝ միջուկային համաձայնագիրը պահպանելու ուղղությամբ

Նկարագրվածից զատ միջազգային հանրությունը, ԱՄՆ դաշնակից երկրները լուրջ ջանքեր են գործադրել  JCPOA-ի պահպանման ուղղությամբ՝ նախագահ Թրամփի իրանյան նոր ռազմավարությունը հայտարարելուց առաջ և հետո՝ թերևս հաշվի առնելով դրա չգոյության լուրջ հետևանքները, ինչպես օրինակ, միջազգային մակարդակով ստորագրված համաձայնագրերի և խնդիրների բանակցային լուծման լիովին արժեզրկումն ու անվստահության մթնոլորտի ստեղծումը:

Բացի այդ առանց այն էլ բազում հիմնահարցերով «հարուստ» միջինարևելյան տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը հարցականի տակ են դրվելու, մեծ հավանականությամբ միջուկային սպառազինությունների մրցավազք է սկսվելու. ահա JCPOA-ի չեղարկման առավել ակնհայտ հետևանքները տարածաշրջանի համար:

Մինչդեռ  փորձագետները գրեթե բացառում են, որ եթե անգամ Իրանը միջուկային զենք արտադրի, հազիվ թե այն կիրառի Իսրայելի դեմ: Հավելենք, որ  նախ Իրանը վերջին շուրջ 250 տարվա ընթացքում որևէ հարձակողական պատերազմ չի վարել, ապա միջուկային զենքի կիրառման անկանխատեսելի հետևանքները ողջ տարածաշրջանի և անգամ աշխարհի համար դժվար չէ գուշակել: Ահա թե ինչու միջազգային հանրությունը շարունակում է պայքարել համաձայնագրի փրկության համար:

Դեռևս հոկտեմբերի 9-ին IAEA-ի գլխավոր տնօրեն Ամանոն Հռոմում տեղի ունեցած «Միջուկային զենքերի զինաթափման» համաժողովում մեկ անգամ ևս շեշտել է, որ Իրանը լիովին կատարում է JCPOA-ով ստանձնած պարտավորությունները: Նույն համաժողովում Իրանի Միջուկային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին  կրկնել և նախազգուշացրել  է, որ Իրանը կկատարի իր պարտավորությունները, քանի դեռ այլ երկրները ևս հավատարիմ են JCPOA-ին, հակառակ դեպքում համարժեք հակազդեցություն է ցուցաբերելու:

Այնուհետև Ամանոն իր տեսակետները  կրկնել է հոկտեմբերի 31-ին Աբու Դաբիում՝ Իրան կատարած այցից հետո, որտեղ մասնակցել է էներգետիկայի համաժողովի շրջանակներում ԶԼՄ-ների հետ ՄԱԿ-ի կազմակերպած հանդիպմանը: Ամանոն շեշտել է, թե IAEA-ի տեսուչներն Իրանում ստուգումներ կատարելու հարցում որրեւէ խնդիր չունեն:

Հատկանշական է նաև, որ ICG-ի ավագ փորձագետ Վաադի կարծիքով՝ Վաշինգտոնն այլ ելք, քան JCPOA-ն պահպանելը, չունի, քանզի Իրանից ավելի շատ արտոնություններ ստանալու ջանքերը, առանց Թեհրանին նորերը տալու, լիովին ապարդյուն կլինեն: Նա նշել է նաև, որ ավելի լավ համաձայնագիր կնքելու հարցում Թրամփի ջանքերը սին հույսեր են: Ի պաշտպանություն JCPOA-ի՝ հանդես է եկել նաև 2017թ. Նոբելյան խաղաղության մրցանակակիր, Միջազգային պայքար հանուն միջուկային զենքերի ոչնչացման (The International Campaigan for Destruction of Nuclear Weapons, ICAN) վերպետական հասարակական կազմակերպությունը, որը 100 երկրում ներկայացուցչություն ունի:

Դեռևս հոկտեմբերին 11-ին «Ռոյթերս» գործակալությունը, հենվելով եվրոպացի պաշտոնյաների տեսակետների վրա, հայտնել էր, որ եվրոպական երկրներն ուղիներ են փնտրում ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու դեպքում պահպանել համաձայնագիրը: Բացի այդ Թրամփի հոկտեմբերի 13-ի ելույթին նախորդել է Մեծ Բրիտանիա-Գերմանիա-Ֆրանսիա պաշտոնական հայտարարությունը, որտեղ խիստ կարևորվել են հայաձայնագիրն ու դրա պահպանումը:

JCPOA-ը նաև ԱՄՆ-ում լուրջ կողմնակիցներ ունի, այդ թվում՝ Պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը, ով հոկտեմբերի 3-ին Սենատում շեշտել է, թե քանի դեռ Իրանը հավատարմորեն իրականացնում է պայմանագիրը, ԱՄՆ-ը ևս պետք է հավատարիմ մնա դրան, եթե հակառակը չի ապացուցվել: ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Ջոզեֆ Դանորթի կարծիքով ևս JCPOA-ի իրականացումն ԱՄՆ շահերին համընթաց է: ԱՄՆ բանակի ռազմավարական կառավարման կենտրոնի հրամանատար գեներալ Ջոն Հիթմանը Հուդզոնի հետազոտությունների կենտրոնում իր ելույթում նշել է, որ համաձայնագիրը ստորագրել  են ամերիկացիները, ուստի երբ ստորագրվում է համաձայնագիր, պետք է ընդունել ու իրականացնել դրա պայմանները: Բացի այդ Դեմոկրատական կուսակցության 180 կոնգրեսականներ նամակով դիմել են Թրամփին՝ շեշտել JCPOA-ի պահպանման անհրաժեշտությունը:

Հոկտեմբերի 13-ից հետո էլ 5+1-ի մյուս անդամների դիրքորոշումը Թրամփի՝ JCPOA-ի վերաբերյալ որոշման մասին ոչ քննադատական է, այլև ջանքեր են գործադրում այն պահպանելու ուղղությանբ: Հոկտեմբերի 18-ին ԱՄՆ նախկին պետքարտուղարներ, այդ թվում՝ Մադլեն Օլբրայթը, և արևմտյան երկրների ԱԳ նախկին նախարարներ՝ 25 բարձրաստիճան պաշտոնյա, դիմելով Կոնգրեսի հանրապետականների ու դեմոկրատների ղեկավարներին, պահանջել են պաշտպանել համաձայնագիրը և չդիմել այնպիսի միակողմանի քայլերի, որոնցով դրանում որոշ կետերի փոփոխությունը կամ կրկին բանակցումն անհրաժեշտ կլինի:

Նրանք միաժամանակ նշել են, թե ԱՄՆ-ի հեռանալը համաձայնագրից անվտանգության և միջազգային մակարդակով իր դիրքերի համար բազմաթիվ բացասական հետևանքներ է ունենալու: Եվրամիության արտաքին հարցերի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին տարբեր առիթներով հայտարարել է, թե համաձայնագիրը ոչ ոք չի կարող չեղարկել: Իսկ նոյեմբերի 10-ին նա Սամարղանդում շեշտել է, թե Իրան-5+1 համաձայնագիրը լուրջ հաջողություն է Եվրամիության և միջազգային բազմակողմանի դիվանագիտության համար, որի արդյունքներն արդեն տեսանելի են դառնում:

Այժմ, կարելի ասել, որ ոչ միայն 5+1-ի մյուս անդամներն ու միջազգային հանրությունը, այլև բազմաթիվ խոշոր ընկերություններ, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել Իրանում, սպասում են JCPOA-ի մասին ԱՄՆ Կոնգրեսի որոշմանը: Այլ կերպ ասած՝ թեև գործնականում ուժի մեջ է համաձայնագիրը, սակայն լուրջ տեղաշարժեր չեն նկատվում Իրանում ներդրումներ կատարելու ոլորտում, ինչը կարող էր դրական ազդեցություն ունենալ այդ երկրի տնտեսության վրա: Հանգամանք, ինչի պատճառով Ռոուհանիի կառավարությունը հաճախ դառնում է պահպանողականների սուր քննադատությունների թիրախը:

Կոնգրեսի որոշումն Իրան-5+1 համաձայնագրի համար ճակատագրական կլինի՞. Համաձայնագրի չեղարկման անկանխատեսելի հետևանքները

Թեև համաձայնագիրը ստորագրած մյուս 5 երկրները (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Գերմանիա և Չինաստան) ջանք չեն խնայելու համաձայնագիրը պահպանելու ուղղությամբ, սակայն  ինչպես նշվել է, դրա գլխավոր դերակատարներն Իրանն ու ԱՄՆ-ն են, հետևաբար, եթե վերջինս դուրս գա, ապա այն պահպանելը նույն ձևով թերևս շատ դժվար կլինի, քանի որ ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում ոչ միայն Իրանի դեմ կառավարության ճնշումների ներքո երկու ամսվա ընթացքում Կոնգրեսը վերականգնելու է նախկին սահմանափակումները, այլև նորերն են լինելու:

Բնականաբար, եվրոպական և հեռավոր Ասիայի երկրների ընկերություններն աստիճանաբար հրաժարվելու են Իրանի հետ կնքած միլիարդավոր դոլար արժողությամբ համաձայնագրերից: Տնտեսապես շատ երկրներ ու խոշոր ընկերություններ են տուժելու, որոնց տնտեսական փոխհարաբերությունների ծավալը սահմանափակումների վերացումից հետո Իրանի հետ զգալիորեն աճել է, այդ թվում՝ մեր հարևաններ Ադրբեջանի, Թուրքիայի, անգամ Վրաստանի հետ:

Սակայն այս տեսանկյունից, կարելի է ասել, որ Հայաստանին որևէ վտանգ չի սպառնում, եթե հաշվի առնենք, որ 2016թ., երբ սահմանափակումները վերացան, Հայաստան-Իրան տնտեսական փոխհարաբերությունների ծավալը ոչ միայն չընդլայնվեց, այլև պաշտոնական տվյալների համաձայն՝ 13-15 տոկոսով կրճատվել է: Բացի այդ հաշվի առնելով Հայաստանի փոքր շուկան և շրջափակման մեջ գտնվելու հանգամանքը՝ գերտերությունները միշտ էլ չեն կարևորել Իրան-Հայաստան տնտեսական կապերը:

Մյուս կողմից, հաշվի առնելով Միջին Արևելքում սրընթաց զարգացումները, որոնք հղի են նոր ճգնաժամերով ու տարածաշրջանային անկայունությամբ, եթե Կոնգրեսն Իրանի դեմ  սահմանափակումները վերականգնելու որոշում ընդունի, ապա այն կհանգեցնի ողջ տարածաշրջանում իրավիճակի առավել բարդացման՝ անկայունացման անկանխատեսելի հետևանքներով: Նկատի ունենալով տարածաշրջանային գերտերությունների առաջատար դիրք ունենալու ձգտումները՝ այստեղ,  մեծ հավանականությամբ, սպառազինությունների մրցավազք է սկսվելու:  Հետևաբար, կարելի է ենթադրել, որ այդ հարցի քննարկումը Կոնգրեսում  կարող է ձգձգվել,  քանի որ վերանայման որոշումը հավասար է դրանից դուրս գալուն:

Մինչդեռ նախագահ Թրամփը սպառնացել է, որ եթե Կոնգրեսը համաձայնագրի վերանայման կամ չեղարկման որոշում չընդունի, ապա ինքը որպես նախագահ է այն չեղյալ հայտարարելու: Իսկ Հայաստանի հարևանությամբ տիրող նման իրավիճակը, երբ բացառված չէ նաև Իրանի անկայունացումը, չի կարող չանդրադառնալ մեր երկրի վրա: Ավելին, հնարավոր է նաև, որ Ադրբեջանի համար «պղտոր ջրից ձուկ բռնելու» առիթ ստեղծվի: Այսուամենայնիվ, հավանաբար JCPOA-ը կհարատևի, բայց ընթացքը ելևէջումներով ու դժվարին է լինելու:

Էմմա Բեգիջանյան
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Տեսանյութեր

Լրահոս