
«Հայաստանը չի պատրաստվում արգելափակել Արևելյան գործընկերության ամփոփիչ հռչակագիրը». Սերժ Սարգսյան

Հայաստանը չի պատրաստվում արգելափակել Եվրամիության Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի վերջնական հռչակագրի ընդունումը:
Բրյուսելում այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե պատրաստվո՞ւմ է Հայաստանն արգելափակել Արևելյան գործընկերության հռչակագրի ընդունումը:
«Ոչ, ինչո՞ւ պետք է արգելափակենք: Կարծում եմ, որ այն փոխզիջումային տարբերակով կանցնի»,- ասել է Ս. Սարգսյանը:
Դիտարկմանը, թե Ադրբեջանն առաջ է մղում բավականին դժվար ձևակերպումներ, Ս. Սարգսյանն ասել է. «Ադրբեջանը կարող է առաջ մղել, սակայն ո՞վ պետք է ընդունի այդ ձևակերպումները: Եվ չեմ կարծում, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովն այն հարթակն է, որտեղ պետք է քննարկենք մեր հարաբերությունները»:
Սերժ Սարգսյանը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, իսկ Եվրամիությունն այդ հարցում ամբողջովին սատարում է Մինսկի խմբին: ՀՀ Նախագահի խոսքով` հայկական կողմից սա ամբողջովին բավարարում է: