Կառավարությունում քննարկվել է բազմաբնակարան շենքերից զվարճանքի ակումբները տեղափոխելու մասին օրենսդրական փաթեթը
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է «Ատևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:
Այն մշակվել է ի կատարումն վարչապետի՝ բազմաբնակարան շենքերում և դրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և զվարճանքի այլ օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու հանձնարարականի:
Զեկուցվել է, որ օրենսդրական փաթեթի միջոցով ՀՀ օրենսդրությամբ առաջին անգամ տրվում են հանրապետությունում լայն տարածում ստացած առևտրային ծառայությունների մի շարք օբյեկտների՝ սահմանումներ, մասնավորապես, «հեստապարային ակումբ», «կարաոկե», «դիսկոտեկ»: Օրենքով հստակ սահմանվում է, որ նշված օբյեկտները, ինչպես նաև սաունան, բաղնիքը և շոգեբաղնիքը հանդիսանում են սահմանափակումների ենթակա օբյեկտներ և արգելվում է դրանց տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի և ոչ բնակելի տարածքում: Միաժամանակ հաշվի առնելով, որ նման տեսակի ծառայությունների իրականացման թույլտվությունները տրամադրվում են տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հիման վրա, օրենքով սահմանվել է նաև, որ նման օբյեկտների տեղակայմանը ներկայացվող ընդհանուր պահանջները սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է օրենսդրական փաթեթը սեղմ ժամկետներում բերել վերջնական տեսքի և ներկայացնել կառավարության աշխատակազմ: