«Հռչակագրում որևէ վտանգավոր կետ չկա»
Նոյեմբերի 24-ին Բրյուսելյան գագաթաժողովի ժամանակ նախատեսվում է ստորագրել «Արևելյան գործընկերության» եզրափակիչ հռչակագիրը, որում սովորաբար անդրադարձ է լինում հակամարտություններին, այդ թվում՝ ԼՂ հակամարտությանը:
Լուրեր են շրջանառվում, որ հռչակագրում տհաճ անակնկալներ կան հայկական կողմի համար, քանի որ Ադրբեջանն ակտիվորեն աշխատել է այդ ուղղությամբ: Այս անակնկալները չեզոքացնելու համար եվրոպացի դիվանագետները, մասնավորապես` Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, լեհ քաղաքական գործիչ Ռիչարդ Չարնեցկին, հայկական կողմին խորհուրդ են տալիս նույնպես ակտիվություն ցուցաբերել, բացատրել` ինչու է դիրքորոշումն այսպիսին, աշխատել համախոհներ գտնել այդ դիրքորոշման համար, որոնք, թեև քիչ չեն, բայց էլ ավելի կշատանան ակտիվ աշխատանքի դեպքում:
ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը «168 Ժամի» հետ զրույցում հավաստիացրեց, որ Հայաստանն իր աշխատանքն ամբողջությամբ կատարել է. «Վստահ եղեք, որ հայկական դիվանագիտությունն անում է ամեն ինչ, որպեսզի փաստաթղթի ձևակերպումները համարժեք լինեն մեր պետական շահերին և Եվրամիությունից մեր ակնկալիքներին, հատկապես՝ նոր ստորագրվելիք համաձայնագրի համատեքստում»:
Նա հիշեցրեց, որ իր գլխավորած հանձնաժողովը` Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի հետ միասին, այս թեմայով դեկտեմբերի 1-ին խորհրդարանական լսումներ է կազմակերպում: Այս քայլն Ա.Աշոտյանը «քաղաքական ավանս» որակեց, որը եվրոպացի գործընկերներին պետք է ևս 1 անգամ համոզի, որ գագաթաժողովի հռչակագրում ներառվեն Հայաստանին անմիջականորեն վերաբերող հարցերով այնպիսի ձևակերպումներ, որոնք բխում են մեր ազգային և պետական շահերից, այսինքն` Արցախյան հարցը հայկական կողմի համար աքսիոմատիկ գերակայություն է, և այն քննարկման ենթակա չէ. «Դրանից ելնելով էլ՝ ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրման թեորեմը պետք է ապացուցվի Հայաստանի ԵՄ գործընկերների հետ»:
Այս առումով և ի պատասխան Չարնեցկիի հորդորների՝ Ա.Աշոտյանը հայտարարեց, որ ԵՄ գործընկերներն իրենք ևս պետք է ջանքեր գործադրեն: Նա չհստակեցրեց` հայկական կողմին հաջողվե՞լ է հռչակագրից հանել մեզ անցանկալի դրույթը տարածքային ամբողջականության վերաբերյալ: Ամեն դեպքում, ըստ նրա, դեռ հնարավոր է առաջարկություններ անել և փոփոխել հռչակագրի տեքստը. «Փաստաթուղթը ստատիկ չէ»:
Հռչակագրում ոչ հայանպաստ ձևակերպումների պատճառով ԵՄ-ՀՀ համաձայնագրի չստորագրման հավանականության մասին ՀՀԿ փոխնախագահը հրաժարվեց խոսել՝ համարելով, որ դա հնարավոր սցենարների վերաբերյալ ժամանակավրեպ մեկնաբանություն կլիներ։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ևս մեզ հետ զրույցում ԱԼԳ հռչակագրի վերաբերյալ մտահոգություններ չհայտնեց։
«Այս պահին մեր ունեցած տեղեկություններով՝ հռչակագրում որևէ վտանգավոր կետ չկա, որը կխանգարի Հայաստանին ստորագրել համաձայնագիրը Եվրամիության հետ կամ մասնակցել գագաթաժողովին։ Հայկական դիվանագիտության աշխատանքները, կապված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) հետ, ես կարծում եմ, շատ դրական են, որովհետև մենք հասցրեցինք մինչև գագաթաժողովն ավարտին հասցնել փաստաթուղթը, ավելին՝ այն արդեն նաև նախաստորագրված է, մնում է միայն ստորագրել, հետևաբար՝ ստորագրումը դրական կլինի»։
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե հնարավոր է՝ ԱլԳ հռչակագրի պատճառով հայկական կողմը չստորագրի ԵՄ-ի հետ համաձայնագիրը, Է.Մարուքյանը դա անլուրջ համարեց. «Ես այս պահին արդեն դրան լուրջ չեմ վերաբերվում, որովհետև, ինչպես նշեցի, որևէ խնդիր չկա։ Ավելին, անգամ, եթե հայկական կողմը չցանկանա հռչակագրին միանալ, ապա համաձայնագիրը կարող է ամեն դեպքում ստորագրել։ Բայց այս պահին որևէ խնդիր չկա։ Հայկական կողմը մասնակցելու է, համաձայնագիրը ստորագրվելու է, նաև հռչակագրին է միանալու»։
Մեր հարցին, թե՝ հռչակագրում տարածքային ամբողջականության վերաբերյալ որևէ դրույթ չկա՞, թե՞ դա վտանգավոր չեք համարում, Է.Մարուքյանը պատասխանեց. «Հռչակագրի տեքստը հրապարակված չէ։ Ամեն դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված՝ Մինսկի խմբի կողմից ընդունելի դրույթները պետք է լինեն, կամ չի կարող միայն մեկ դրույթ լինել»։