Ռոուհանին և Մակրոնը քննարկել են իրանական միջուկային գործարքը
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է միջուկային համաձայնագիրը: Այդ մասին ասված է Իրանի նախագահի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
«Իրանի տեսանկյունից, մի կողմից՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական իրագործումը կարեւոր միջազգային համագործակցության լուրջ փորձությունն է Մյուս կողմից՝ ԳՀՀԾ-ին ինչ-որ մասեր ավելացնելը կամ դրանց բացառումը կբերի համաձայնագրի լիակատար վիժեցման»,-նշել է Ռոուհանին նոյեմբերի 21-ին:
Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա նաեւ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային եւ Եվրամիությանը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային համաձայնագիրն ամրապնդելու ձգտման համար եւ հայտարարել է, որ Իրանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները փոխադարձ հարգանքի եւ համատեղ շահերի հիման վրա:
Կողմերն արծարծել են նաեւ մերձավորարեւելյան թեմատիկան: Ռոուհանին ընդգծել է, որ Իրանը չի ձգտում գերիշխանության եւ գերազանցության հասնել Մերձավոր Արեւելքում, Թեհրանի նպատակը տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը օժանդակելն է, ինչպես նաեւ երկրների տրոհում թույլ չտալը եւ ահաբեկչության դեմ պայքարը:
«Տարածաշրջանում Իրանի հիմնական նպատակը պայքարն է ահաբեկչության դեմ: Մենք համոզված ենք, որ ԻՊ-ի ջախջախումից հետո անհրաժեշտ է պայքարել ահաբեկչական մյուս խմբավորումների դեմ»,-նշել է Ռոուհանին: Խոսելով Սիրիայում եւ Իրաքում Իրանի ներկայության մասին՝ նախագահն ընդգծել է, որ Թեհրանն այնտեղէր գտնվում այդ երկրների իշխանութունների պաշտոնական հրավերով:
Ռոուհանին հավելել է, որ Ֆրանսիան կարող է կառուցողական դեր խաղալ տարածաշրջանում, եթե իրատեսական եւ անկողմնակալ մոտեցում դրսեւորի: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: