««Հանուն Հայաստան պետության» ճակատի ներկայացուցիչներն արդեն մեկ շաբաթ կապի մեջ են ուսանողական շարժման անդամների, ղեկավարների հետ». Ալեք Ենիգոմշյան
Ժիրայր Սէֆիլյանի կոչով ձևավորված «Հանուն Հայաստան պետության» ճակատը ողջունում է տարկետման իրավունքի դեմ պայքարող ուսանողական շարժումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սասնա ծռերի» քաղաքական խորհրդի անդամ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ ուսանողների շարժումը գիտակից մարդկանց շարժում է:
«Երիտասարդների շրջանում ակտիվության ձևավորումը ողջունելի է: Մենք խորապես ըմբռնում ենք այն շարժառիթները, որ մղում են երիտասարդ ուսանողներին՝ նախաձեռնելու այս պայքարը»,- նշեց Ա. Ենիգոմշյանը:
168.am-ի հարցին, թե՝ հնարավո՞ր է՝ իրենք ևս միանան ուսանողների շարժմանը, Ա. Ենիգոմշյանն այսպես պատասխանեց. «Ուսանողները ողջունել են քաղաքական ուժերի համերաշխությունն իրենց շարժման հետ, բայց, միաժամանակ, նրանք շարունակում են շեշտել, որ այս շարժումն ուսանողական է: Մենք՝ որպես ճակատ, մեր ամբողջական աջակցությունն այդ պահանջատիրական շարժմանը հղում ենք, բայց այս փուլում մենք չենք ուզում, որ այդ շարժումը քաղաքական ուժերի կողմից վերահսկվի:
Այս շարժման ամենակարևոր հանգամանքն այն է, որ որոշակի ժամանակ լճացումից հետո մեր հասարակության մեջ՝ երիտասարդների մոտ, առաջացել է շարժում իրենց նախաձեռնությամբ, և, անկախ իր բովանդակությունից, այս երևույթը կարևոր է: Մենք նախանձախնդիր ենք, որ այս շարժումը մնա մինչև վերջ իրենց նախաձեռնությամբ, այսինքն՝ ոչ ոք չփորձի դա իր հովանու տակ վերցնել, հետևաբար՝ մենք աջակցում ենք պահանջատիրական շարժմանը, խրախուսում ենք ուսանողներին, սակայն իրենց վրա հովանոց բացելու քայլի երբեք չենք գնա»:
Միաժամանակ, Ա. Ենիգոմշյանը նշեց, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատի ներկայացուցիչներն արդեն մեկ շաբաթ կապի մեջ են շարժման անդամների, ղեկավարների հետ. «Կապը, հաղորդակցությունը, խորհրդակցությունները, քննարկումները կան և շարունակվում են: Այնպես չէ, որ մենք չենք միանալու այս շարժմանը, այն պահին, երբ ուսանողները տեսնեն, որ ակտիվ մասնակցությունը պահանջվում է, մենք այս հանգամանքը լրջորեն հաշվի կառնենք, բայց մինչև այս պահը հիմնականում իրենց ուսանողական պայքարն է»: