«Այս մարդն իր ողջ գործունեությունն անցկացրել է տարբեր պաշտոնյաների ընդունարաններում, հիմա ասում է՝ քաղաքական գործիչ եմ». Նիկոլ Փաշինյանը՝ Վիգեն Սարգսյանի մասին
«Անհասկանալի է Պաշտպանության նախարարի բացակայությունն այս քննարկումից, մանավանդ, առաջին ընթերցման ժամանակ նրա ցինիկ եզրափակիչ խոսքից հետո»,- այսօր Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարն այս ամբիոնից արեց մի շարք հայտարարություններ, որոնք խաշած հավի ծիծաղը կհարուցեին. «Վիգեն Սարգսյանը մնում-մնում է, այս ամբիոնից ասում է՝ «ես՝ որպես քաղաքական գործիչ», այ ժողովուրդ ջան, այս մարդն իր ողջ գործունեությունն անցկացրել է տարբեր պաշտոնյաների ընդունարաններում, ԱԺ նախագահի ընդունարանից դուրս է եկել, մտել է ՊՆ-ի ընդունարան, ՊՆ ընդունարանից դուրս է եկել, մտել է նախագահականում ինչ-որ մի հարկի ընդունարան, հետո` տակի հարկի ընդունարան, հիմա կանգնել է դեմներս, ասում է՝ ես քաղաքական գործիչ եմ: Ասում է՝ «ինչ պայմաններում ես ծառայել եմ Հայոց բանակում, նույն պայմաններում ես ծառայություն եմ առաջարկում ՀՀ քաղաքացիներին»:
Այսինքն՝ Վիգեն Սարգսյանն առաջարկում է՝ հազարավոր զորակոչիկներ դառնան Սերժ Սարգսյանի ռեֆերե՞նտ: Վիգեն Սարգսյանը, ինչպես չակերտավոր քաղաքական գործունեությունը, այնպես էլ՝ զինվորական ծառայությունը, անց է կացրել Սերժ Սարգսյանի ընդունարանում՝ էլի որպես ռեֆերենտ: Վիգեն Սարգսյանն այսօր էլ Սերժ Սարգսյանի ռեֆերենտն է, ուղղակի աշխատում է ՊՆ-ի կաբինետում: Դուք քաղաքական գործիչ դառնալու համար դեռ այնքան հաց ու պանիր պետք է ուտեք, իսկ ձեր նուրբ քիմքը, կարծում եմ, հաց ու պանրին չի դիմանա, «жога» կստանաք ու կտեղափոխվեք վերակենդանացման բաժանմունք»:
Ն. Փաշինյանը նաև հայտարարեց, որ ազգ-բանակ գաղափարախոսությունը ՀՀԿ-ինը չէ. «Կանգնում-ասում է՝ «իմ ազգ-բանակ կոնցեպցիան, մեր ազգ-բանակ կոնցեպցիան», այդ կոնցեպտի մասին ես առաջին անգամ լսել եմ Նախախորհրդարանի շենքում, Ժիրայր Սէֆիլյանն ինձ ներկայացրել է փաստաթուղթ և առաջարկել է խումբ ստեղծել՝ դրա շուրջ աշխատելու՝ վերևը գրած՝ «ազգ-բանակ»: Էս իշխանությունը որտեղից մի բան իր դուրը գալիս է, վերցնում է, Հ1-ով ասում՝ նոր բան առաջարկեցինք: Այստեղ էլ հեղինակային իրավունքի խնդիրը կա, գողացել է ու դրոշ սարքած պտտում է»: