Վանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ Հայաստան. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է՝ 71-ամյակը: Արդեն 18 տարի է, ինչ նա գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Առ այսօր ակտիվորեն ծավալվում են Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին խոսակցությունները:

Այս տարիներին մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ Վանո Սիրադեղյանի նկատմամբ չի կարող կիրառվել «վաղեմության ժամկետ» հասկացությունը, քանի որ այն հետախուզման պահից կասեցվում է:

Այնինչ, եթե քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը քննությունից թաքնվելու պահից կասեցվում է, ապա սահմանված է ժամկետ, որն անցնելուց հետո անձն ազատվում է պատասխանատվությունից անգամ թաքնվելու ու հետախուզման մեջ գտնվելու պարագայում։ Եթե նախկին քրեական օրենսգրքով այդ ժամկետը 15 տարի էր, ապա գործող օրենսգիրքը սահմանում է 20 տարի։

Մեր զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը մանրամասնել է, թե ինչ իրավական ընթացակարգեր կլինեն, եթե, այնուամենայնիվ, Վանո Սիրադեղյանը որոշի վերադառնալ:

– Պարոն Վարոսյան, ասում են, որ ցանկացած պարագայում Վանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ: Իրավական առումով կարո՞ղ է վերադառնալ, թե՝ ոչ:

– Ինձ թվում է, որ կարող է վերադառնալ՝ հաշվի առնելով այն ժամանակահատվածը, որ ինքը թաքնվում է քննությունից: Այսինքն՝ վաղեմության ժամկետները անձանց նկատմամբ, ովքեր գտնվում են հետախուզման մեջ, թաքնվում են քննությունից, նախկինում գործող քրեական օրենսգրքով սահմանված է եղել 15 տարի, ներկայումս գործող քրեական օրենսգրքով սահմանված է 20 տարին:

– Այսինքն՝ իր պարագայում պետք է կիրառել 15 տարվա՞ վաղության ժամկետ, քանի որ 20 տարվա ծանրացնող դրույթը հետադարձ ուժ չի կարող ունենալ:

– Այո, կարծում եմ, որ պետք է կիրառվի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով պատասխանատվությունից ազատելու դրույթը: Այստեղ խնդիրն այն է, թե երբվանից պետք է հաշվել վաղեմության ժամկետը: Վաղեմության ժամկետը, ըստ քրեական օրենսգրքի, պետք է հաշվվի մեղսագրվող վերջին արարքի կատարումից սկսած, բացի դրանից անձը պետք է թաքնվելու ընթացքում այլ հանցագործություններ կատարած չլինի: Եթե անձին վերագրվում է այնպիսի արարքների կատարում, որոնց համար նախկին քրեական օրենսգրքի կիրառմամբ կարող էր նշանակվել մահապատիժ, ապա նախկին քրեական օրենսգրքրի համաձայն՝ այդ պարագայում վաղեմություն կիրառել-չկիրառելու հարցը պետք է լուծի դատարանը: Մենք գիտենք, որ Հայաստանում մահապատիժը որպես պատժատեսակ վերացված է, ուստի, անկախ դատարանի հայեցողությունից՝ վաղեմության ժամկետները ենթակա են կիրառման։ Այսինքն՝ այն մեղադրանքերով, որոնք իրեն առաջադրվել են, նախկին քրեական օրենսգրքով սահմանվում էր մահապատիժ:

– Եթե Վանո Սիրադեղյանը վերադառնա, ի՞նչ իրավական ընթացակարգեր է նախատեսվում:

– Ես կարծում եմ, որ վերադառնալը պետք է ձեւակերպվի քրեական գործով, համապատասխան կերպ, դա ինչպես պետք է լինի՝ չգիտեմ՝ հայտնաբերում, ներկայացում, կամովին ներկայացում: Որից հետո դատարանը պետք է համապատասխան որոշում կայացնի, այն դատարանը, որի վարույթում է գտնվում քրեական գործը: Ինքը կարող է ներակայանալ ցանկացած իրավապահ մարմնի, որովհետեւ հետախուզումը իրականացվում է Հայաստանի Հանարպետության իրավապահ մարմինների կողմից եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետության: Թե ինչ որոշում կլինի, չգիտեմ, սակայն ենթադրում եմ, որ պետք է լինի քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում. պատաճառաբանությունները պետք է դատարանը ներկայացնի:

– Իսկ հնարավո՞ր է որ դատարանը որոշում կայացնի ոչ թե քրեական հետապնդումը դադարեցնելու, այլ նրան կալանավորելու վերաբերյալ:

– Ես ասացի այն, ինչ նախատեսված է օրենքով: Գիտեմ նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունում, այնուամենայնիվ, այդ հարցը լինելու է քաղաքական որոշման մակարդակով, ուստի ինչ կկիրառվի, ինչ չի կիրառվի, ինչ ավարտ, հանգուցալուծում կունենա ՀՀ-ում, կանխատեսելի չէ:

– Ենթադրենք իրավիճակ, որ Վանո Սիրադեղյանը վերադառնում է եւ չի ներկայանում իրավապահ մարմիններին, այդ դեպքում ի՞նչ է լինում:

-Կարծում եմ՝ նման ցանկության դեպքում, անձը կբացահայտի իր գտնվելու վայրն ու նախապես կդիմի Հայաստանի համապատասխան մարմիններին: Նամակ կգրի կամ հյուպատոսարան կգնա, որ այսինչ օրը գալիս եմ:

Վանո Սիրադեղյանը որպես մեղադրյալ ներգրավվել է դեռեւս 1999 թվականի փետրվարի 19-ին եւ նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հայտնաբերվել եւ ձերբակալվել է 1999 թվականի մայիսի 3-ին: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 72 հոդվածով, 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ կետերով, 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 8-րդ կետով, 17-99 հոդվածի 4-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 3-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, 185 հոդվածի 3-րդ, 182 հոդվածի 1-ին, 17-96 հոդվածի 2-րդ մասերով: 07.05.99թ ազատվել է ձերբակալումից եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորություն՝ մինչեւ 2000 թվականի ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարեց դատախազության միջնորդությունը եւ զրկեց Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից: Խորհրդարանի որոշմանն անմիջապես հաջորդեց Վանո Սիրադեղյանի փախուստը: Այսպիսով՝ Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքը բաղկացած է 9 դրվագից:

Նրա եւ եւս 11 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատարան էր ուղարկվել 1999 թվականի հուլիսին: Մեղադրյալների թվում էին ՀՀ ՆԳՆ Ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանն ու ներքին զորքերի այլ ներկայացուցիչներ: (Արմեն Տեր-Սահակյանի (սույն գործով ցմահ ազատազրկման դատապարտված,-հեղ.) եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը դատարան էր ուղարկվել ավել վաղ եւ լսվել է այլ դատարանում): 2000 թվականին Վանո Սիրադեղյանը հեռացել է Հայաստանից, նրա վերաբերյալ մասն անջատվել էր Վահան Հարությունյանի եւ մյուսների գործից: Վ. Սիրադեղյանի վերաբերյալ մասով գործի քննությունը դատարանում կասեցվել էր՝ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով: Եթե հիմք ընդունենք Երվանդ Վարոսյանի ասածը, Սիրադեղյանի գործով վաղեմության ժամկետը լրացել է 2015 թվականին: Տվյալ դեպքում, սակայն, կիրառել, թե չկիրառել նրա նկատմամբ վաղեմության ժամկետը, պետք է որոշի դատարանը: Սա փաստացի նշանակում է, որ պետք է լինի քաղաքական որոշում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս