Սիրային կախվածություն

Մեր իրականության մեջ բազմաթիվ դեպքեր կան, երբ զույգերն առանց միմյանց չեն կարող ապրել, սակայն, միասին լինելով հանդերձ, չգիտեն՝ ինչ է իրական երջանկությունը: Իրար հակասող հասկացություններ, որոնք իրենց տրամաբանական պատճառն ունեն: Պատճառն այն է, որ նման հարաբերություններում, սիրո փոխարեն, գերակշռում է կախվածությունն անձից: Դա նշանակում է, որ մենք այս պահին ոչ թե սիրում ենք, այլ ուղղակի սովորել ենք այդ մարդու ներկայությանը:

Փորձենք հասկանալ անձի հոգեբանական մեխանիզմները՝ ով ունի սիրային կախվածություն:

Դիմացինին կորցնելու վախը հետապնդում է նրանց, ովքեր դեռ չունեն ինքնաճանաչում: Սիրային կախվածությունը բաց չի թողնում այն մարդուն, ով քեզնից ավելի կարևոր անհատականություն է:

Առհասարակ, մարդկանց մեծամասնությունը փնտրում է իր երկրորդ կեսին, քանի որ իրեն չի համարում ամբողջություն: Նա փնտրում է կայացած և ինքնաստեղծ մեկի, ով ունի առավելություններ, ում հետևում կարելի է թաքնվել, և, միաժամանակ, լինել նրա երկրորդ կեսը: Հենց այդ ժամանակ էլ առաջ է գալիս սիրային կախվածությունը:

Ինքնահաստատված մարդիկ միշտ կյանքի ուղեկից են փնտրում, ով չի ընկալվում՝ որպես կյանքի իմաստ:

Փորձենք հասկանալ՝ ո՞րն է ամուսնական զույգերի իրական երջանկության և փոխհասկացվածության գաղտնիքը: Որպես կանոն, ամուսնական զույգերի մոտ լիարժեքություն, իրական սիրով համակվածություն, փոխհարաբերություններում երկկողմանի բավարարվածություն դրսևորվում է այն ժամանակ, երբ նրանցից յուրաքանչյուրն իր հերթին՝ հանդիսանում է անձ, ով հոգեբանորեն հասուն է, սեփական պահանջները գիտակցող, դրանք ինքնուրույն իրականացնող, ինքն իրեն գնահատող և կողակցին վստահող: Նման մարդիկ գիտակցաբար են կատարում ընտրություն և պատրաստ են լինում ամբողջ կյանքում պատասխանատվություն կրել դրա համար: Եթե առավել հակիրճ մեկնաբանենք, ապա նման մարդիկ արդեն իսկ երջանիկ են և պատրաստ են կիսել իրենց երջանկությունը կյանքի ուղեկցի հետ:

Այնուամենայնիվ, նման գիտակցական կյանք վարելուն զուգահեռ՝ շատերն իրենց հոգում ցանկանում են հեքիաթային կերպով հանդիպել իրենց ընտրյալին, ով կփրկի իրենց ինչ-որ չարագործից: Նման երևակայական իրականության սպասումը ծիլեր է առնում վաղ մանկությունից: Նրանք երեխաներ են, ովքեր այդպես էլ մանկության տարիներին չեն ստացել մոր կողմից անհատույց սեր, և նրանց սիրել են հստակ ինչ-որ բանի համար:

Նրանց արգելել են արտահայտել հույզերն ու պահանջները, թույլ չեն տվել ինքնուրույն բացահայտել աշխարհը, հնարավորություն ունենալ սխալվելու, գործել իրենց հնարավորությունների սահմաններում: Սա մանկական հասակում ստացած անառողջ սերն է, իսկ ահա առողջ ծնողական սերը համարժեք է ապահովության զգացողությանը, այն առաջացնում է վստահություն շրջապատի նատմամբ, նպաստում է երեխայի ակտիվությանը, նրա ուսուցմանը, սեփական հնարավորությունների գիտակցմանը և ինքնավստահությանը: Նման երեխաները, մեծանալով, լինում են հասուն, ամբողջական անհատ, ով լիիրավ արտահայտում է սեփական պահանջները, զգացմունքները և հույզերը:

Որպես կանոն, այն անձինք, ովքեր դեռ մանկուց հնարավորություն չեն ունեցել արտահայտել սեփական մտքերն ու զգացողությունները, չեն արժևորում նաև դիմացինի նման պահանջների իրականացման կարևորությունը: Հետևաբար՝ նաև իրենց կողակցի, ում նրանք ընտրել են: Իրականում այն զգացումներն ու վերաբերմունքը, որ ծնողներից չեն ստացել, սիրային կախվածություն ունեցող անձինք փորձում և պահանջում են ստանալ ամուսնուց կամ կնոջից:

Հարց է առաջանում. ինչպե՞ս հաղթահարել անձնային նման դրսևորումները և ամուսնական փոխհարաբերություններում հասնել հասուն, տրամադրող ներդաշնակության:

Նախ և առաջ՝ պետք է հնարավորություն տալ ինքդ քեզ, լինել սեփական տեսակին հավատարիմ, գիտակցել քո լինելիության արժեքն ու իմաստը: Այսինքն՝ վերագտնել և լրացնել այն բացը, որը ձևավորվել է մանկության տարիներին: Եթե ավելի կոնկրետ նկարագրենք, հասուն անձը, ով պատրաստ է իրական սիրո, ամենաառաջինը կգիտակցի սեփական զգացմունքները, պահանջմունքները, հնարավորությունները, ունակությունները, ուժեղ և թույլ կողմերը: Նման մարդիկ ունենում են իրական և ամուր ինքնագնահատական: Երկրորդ քայլն այն է, որ հուզականորեն լիարժեք անձը ստանձնում է սեփական արարքների համար՝ մասնակի, և կյանքի համար՝ ամբողջական պատասխանատվություն:

Նա հասկանում և բնական է համարում սխալական լինելը և դրականորեն է վերաբերվում ինքն իրեն: Ինչպես նաև՝ անձին հասունություն է բերում ինքնազարգացումը, ինչը հանգեցնում է սեփական ունակությունների բացահայտմանը, հնարավորությունների իրականացմանը, սեփական արժեքների գիտակցմանը և կյանքում սեփական տեղը վերագտնելուն:

Այս ամենը մարդուն իրավունք է տալիս վստահել ներքին ուժին և ձայնին, վստահել սեփական ցանկություններին և պահանջմունքներին, ուղղել սեփական կենսական ակտիվությունն այդ ամենն իրականացնելուն: Հնարավորություն է տալիս գործել սեփական հետաքրքրություններին համապատասխան, դառնալ ինքն իր հրաշագործը: Չէ՞ որ երջանիկ մարդը ոչ միայն ապրում է ամբողջական և հետաքրքիր կյանք, այլև ունակ է կիսել այդ երջանկությունն իր սիրելիի հետ:

Տեսանյութեր

Լրահոս