ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը կոչ է արել իրականացնել ԼՂ հարցով Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները. Panorama.am

Panorama.am-ը տեղեկացնում է, որ ԵԱՀԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Հարրի Քամիանը նոյեմբերի 9-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ ողջունելով ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերին:

Հարրի Քամիանը նշել է, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, վերահաստատում է իր խիստ աջակցությունը Շոֆերի աշխատանքին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Այս մասին ասվում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչության կայքում:

ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ը ողջունում է հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը, որը կարևոր ազդանշան է, որ կողմերը պատրաստ են բարեխղճորեն ներգրավվել բանակցություններում:

«Մենք ուրախ ենք, որ նախագահները համաձայնել են հրատապ քայլեր ձեռնարկել՝ շփման գծի երկայնքով լարվածության թուլացման համար, ու մենք կողմերին խրախուսում ենք օգտագործել այս դրական պահն ու զերծ մնալ փոխադարձ մեղադրանքներից: Մենք վերահաստատում ենք մեր կոչը կողմերին՝ իրականացնել 2016թ.-ի մայիսին ու հունիսին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում համաձայնեցված քայլերը. ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգը, որը, հույս ունենք, ի վերջո կարտացոլվի ԵԱՀԿ 2018թ.-ի բյուջեում: ԱՄՆ-ը նաև կողմերին կոչ է անում աշխատել ԵԱՀԿ-ի հետաքննության մեխանիզմների ներդրման առաջարկի վրա»,-ասել է Հարրի Քամիանը:

Կարդացեք նաև

Քամիանը կարևորել է տեղում դեսպան  Անջեյ Կասպրշիկի կողմից իրավիճակի գնահատումը, որը «համեմատաբար կայուն է, սակայն լարված ու որ նույնիսկ հրադադարի փոքրիկ խախտումը կարող է արագ դուրս գալ վերահսկողությունից»:

Նշվել է, որ ԱՄՆ-ը նաև աջակցում է հայերի ու ադրբեջանցիների միջև վստահության ամրապնդման քայլերին, որոնք կարող են նպաստել անվտանգության իրավիճակի կայունացմանը ու ստեղծել առավել կառուցողական մթնոլորտ բանակցությունների համար:

Վերջում, Հարրի Քամիանը նշել է, որ կիսում են կողմերի հիասթափությունը, որ այս հակամարտությունը չափազանց երկար է տևում, ու որ ստատուս-քվոն անընդունելի է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս