«Ղարաբաղի վերաբերյալ ԱՄՆ նախորդ վարչակազմի քաղաքականությունից էականորեն տարբերվող որոշումներ չեն կայացվել». փորձագետ

«Թրամփի վարչակազմը սկսել է իր արտաքին քաղաքականության վերանայման գործընթացը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Օքսֆորդի համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր, Ռուսաստանի և Հարավային Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտայի դիտարկումներին:

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան հետաքրքրական բացահայտում է արել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականության մասին: Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեսպանը նշել է.

«Մենք շարունակում ենք Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար աջակցություն ցուցաբերել երկրների նախագահներին»: Սեկուտան նաև ընդգծել է, որ Վաշինգտոն կատարած վերջին այցի ընթացքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի հետ:

«Մենք նրա հետ մտքեր ենք փոխանակել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել գործընթացը խթանելու համար: Միացյալ Նահանգներում նոր ադմինիստրացիայի իշխանության գալուց հետո որոշում է կայացվել, թե տվյալ գործընթացն ինչ ձևով է անհրաժեշտ շարունակել: Մենք շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել»,- նշել է դեսպանը` չմանրամասնելով, թե խոսքն ինչպիսի որոշումների մասին է: Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ Թրամփի վարչակազմի հաստատմամբ ԱՄՆ արտաքին քաղաքականության մի շարք ոլորտներում անհասկանալի իրավիճակ էր ստեղծվել, չհաշված այն ոլորտները, որոնցում ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը հստակ ծրագիր էր ներկայացրել, մանրամասնել, թե ինչպիսին պետք է լինի այդ հարցում ԱՄՆ դիրքորոշումը:

Սակայն Մաքֆարլեյնը հիշեցրեց, որ Թրամփի վարչակազմը որևէ անդրադարձ չկատարեց Հարավային Կովկասին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որից տպավորություն էր ստեղծվում, թե ԱՄՆ նորընտիր նախագահը որոշել է չզբաղվել այն հարցերով, որոնք վերաբերում են Ռուսաստանի հետ ազդեցությունների բաշխմանը:

«Պարզ է, որ ԼՂ հակամարտության գոտում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դիրքերը որոշակիորեն մրցակցային են եղել, Ռուսաստանը փորձել է մշտապես շեշտել իր դոմինանտ դիրքերը, իսկ ԱՄՆ-ը փորձել է ցույց տալ, որ ԱՄՆ-ը ևս դիրքորոշում ունի այս հակամարտության հարցում, որը պետք է հարգել և ընդունել: Տպավորություն էր, որ Թրամփը բավականին թուլացնելու է ԱՄՆ քաղաքականության դիրքերը ԱՄՆ-ի հետ շփման այն կետերում, որտեղ կա մրցակցություն Ռուսաստանի հետ, և որտեղ կա Ռուսաստանի ազդեցությունը:

Սակայն ակնհայտ էր գոնե ինձ համար, որ էական փոփոխություններ չեն կարող լինել, և Թրամփի նախընտրական հռետորաբանությունը պարզապես պոպուլիզմ էր, և ԱՄՆ-ը չէր կարող զիջել իր դիրքերն աշխարհում»,- նման տեսակետ հայտնեց Նեյլ Մաքֆարլեյնը:

Վերջինիս կարծիքով՝ Թրամփի Պետքարտուղարությունը սկսեց վերանայման քաղաքականությունը:  «Կարծում եմ` վերջին ամիսների դադարից հետո, որը վերցրել էր ամերիկյան դիվանագիտությունը, վերանայել է իր քաղաքականությունը, ռազմավարություն մշակել, որոշումներ կայացրել, հենց դրա մասին է խոսում Սեկուտան:

Բայց ես չեմ կարծում, որ սրանք նախորդ վարչակազմից էականորեն տարբերվող որոշումներ կարող են լինել, որի վերաբերյալ ես պնդում եմ անում՝ հաշվի առնելով Ռեքս Թիլերսոնի հայտարարությունները ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, ԱՄՆ նոր վարչակարգը ևս հետաքրքրված է կարգավորմամբ և խաղաղությամբ Ղարաբաղում: Կարծում եմ` որոշումների էությունը բանակցություններն ինտենսիվացնելն է ու հետաքննական մեխանիզմների ներդրումը, քանի որ դա ամերիկյան վերջին նախաձեռնությունն է եղել, որից Ռեքս Թիլերսոնը կարծես չի հրաժարվում»,- ասաց Մաքֆարլեյնը:

Տեսանյութեր

Լրահոս