«Րաֆֆի Հովհաննիսյանն առայժմ խուսափում է հանդիպումներից այդ օրակարգի շուրջ». Պետրոս Մակեյան
Ինչպես հայտնի է, «Հանուն Հայաստան Պետության» ճակատն անցյալ շաբաթ հրապարակեց հռչակագիրը, որում համայն հայությանը կոչ են անում համախմբվել:
Հիշեցնենք նաև, որ ճակատը ձևավորվել էր անազատության մեջ գտնվող Ժիրայր Սէֆիլյանի հորդորով ու միտված է իշխանափոխություն իրականացնելուն:
168.am-ը ճակատը համակարգող Պետրոս Մակեյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է իրենց նախաձեռնած գործընթացը, և ե՞րբ նրանք կունենան ճանապարհային քարտեզ:
Ի պատասխան՝ Պ. Մակեյանն ասաց, որ գործընթացը շատ ինտենսիվ է զարգանում.
«Հիմա մենք շատ հաճախակի ենք հավաքվում, որպեսզի շատ արագ հասցնենք ճանապարհային քարտեզի մշակումը, շաբաթը մինիմում 2 անգամ հանդիպում ենք: Զուգահեռ դրան՝ մենք նաև շարունակում ենք արձագանքել ներքաղաքական և արտաքին քաղաքական որոշ կարևորագույն օրակարգային հարցերին, որոնք կարող են վտանգել մեր պետության շահերը»:
Մենք Պ. Մակեյանին խնդրեցինք բացել փակագծերը և հստակեցնել, թե ի՞նչ է նախատեսվում:
Նա նախ ասաց, որ իրենք պատրաստվում են արձագանքել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությանը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ.
«Մենք, բնականաբար, ուսումնասիրում ենք, այդ հարցի քննարկման փուլում ենք, համապատասխան գնահատականների պետք է արժանացնենք և հանրությանը դիմենք՝ կախված իրավիճակի զարգացումներից: Մենք նաև պատրաստվում ենք հետևել, թե ինչպիսին կլինի Եվրամիություն-Հայաստան պայմանագրի ճակատագիրը: Զուգահեռ՝ շատ ինտենսիվ գնում է նաև կազմակերպչական գործընթացը և ճանապարհային քարտեզի քննարկումը»:
Հարցին, թե՝ հռչակագրի հրապարակումից հետո նոր անդամակցողներ եղա՞ն, Պ. Մակեյանը պատասխանեց, որ այդ գործընթացը շատ ինտենսիվ է զարգանում. «Հատկապես՝ Ֆեյսբուքում համակիրների ընդլայնումը շատ արագ է տեղի ունենում, իսկ ցուցակն անդամակցողների թիվն արդեն 6 տասնյակից անցել է: Հիմա խնդիր է նաև մեր հանրության որոշակի շերտերին հայտնի մարդկանց մասնակցության ապահովումը»:
Մենք նկատեցինք, որ Պ. Մակեյանը նախորդ շաբաթ նախատեսում էր հանդիպել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ և քննարկել ճակատի վերաբերյալ որոշակի հարցեր: Հարցին՝ արդյոք հանդիպումը տեղի ունեցա՞վ, Պ. Մակեյանն այսպես պատասխանեց. «Ես կարող եմ արձանագրել գոնե ինձ համար, որ Րաֆֆի Հովհաննիսյանն առայժմ խուսափում է հանդիպումներից այդ օրակարգի շուրջ»:
Պ. Մակեյանն ասաց, որ ինքը չգիտի՝ ինչն է պատճառը, որ «Ժառանգության» առաջնորդը խուսափում է հանդիպել, բայց նկատեց, որ կուսակցության 3-4 անդամներ ակտիվ մասնակցում են իրենց ճակատի աշխատանքներին: