Րաֆֆի Հովհաննիսյանն ու Պետրոս Մակեյանը կհանդիպեն՝ խոսելու Ազգային դիմադրության ճակատի մասին
Ազգային դիմադրության ճակատը ձգձգում է իրենց կողմից մշակված հռչակագրի տեքստի հրապարակումը տեխնիկական խնդիրների պատճառով: 168.am-ի հետ զրույցում ճակատի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այս պահին վերջին ճշգրտումներն են անում, իսկ թե ինչ կլինի հետո, զարգացումները ցույց կտան:
Հիշեցնենք, որ անազատության մեջ գտնվող Ժիրայր Սէֆիլյանի կոչով ձևավորված Ազգային դիմադրական ճակատը դեռ շաբաթվա սկզբին պետք է հրապարակեր հռչակագիրը:
Հարցին, թե՝ հռչակագրի հրապարակումից հետո հանրային հանդիպումներ, հանրահավաքներ նախատեսվո՞ւմ են, Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Ճանապարհային քարտեզը դեռ չենք մշակել, դա հաջորդ փուլն է լինելու, որին, կարծում եմ՝ շատ ավելի մեծ մասնակցություն պետք է լինի, քան այն հատվածը, որն այս պահին աշխատում է»:
Նա նաև նշեց, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստան է վերադարձել, բայց ինքը դեռ նրա հետ չի խոսել ու տեղյակ չէ նրա դիրքորոշման մասին:
Ազգային դիմադրական ճակատի համակարգող Պետրոս Մակեյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին եկող շաբաթվա մեջ. «Երկուշաբթի օրը կիրազեկենք հանդիպման օրն ու ժամը: Հիմա չեմ կարող ասել իր դիրքորոշումը»:
Պ. Մակեյանը նաև չհստակեցրեց, թե քանի հոգի են ստորագրելու հռչակագրի տակ, քանի որ դեռ գործընթացը շարունակվում է: