Կենտրոնական բանկի անկախությունը և կառավարությունների ախորժակի զսպման կարևորությունը
Կենտրոնական բանկ. ՀՀ վարչապետների մշտական գայթակղությունը
2014 թվականի դեկտեմբերի 18-ին, ինֆլյացիոն ճնշման և դրամի արժեզրկման հզոր ալիքի օրերին, Երևանի խոշոր սուպերմարկետներում անձամբ գնագոյացման շտկումներ անող վարչապետ Հովիկ Աբրահամյանը «տեղն էր դնում» արտարժույթի փոխանակման կետերի աշխատողներին, իսկ մեկ օր առաջ էլ հրապարակված ՀՀ վարչապետի հայտարարության մեջ ասվում էր. «ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը»: Պարզ չէր, իհարկե, ինչ գործիքով է ՀՀ կառավարությունը հավատարիմ մնում մի քաղաքականության, որն իրականացնում է իրենից անկախ Կենտրոնական բանկը, կամ ինչ լծակներ նկատի ուներ վարչապետը, երբ փոխանակման կետերի աշխատակիցներին սպառնում էր լիցենզիայից զրկել։
2016 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածում, որում կարդում ենք.
«Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ և բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն: Վարչապետը կարևորել է ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումը և ընդգծել, որ ակնկալում է գործնական, նաև ոչ ստանդարտ լուծումներ պարունակող առաջարկություններ…»։
Հանդիպման ֆոտոն էլ ուշագրավ էր՝ վարչապետն ու փոխվարչապետը սեղանի գլխին, Կենտրոնական բանկի նախագահը, խորհրդի անդամներն ու բանկերի կառավարիչները՝ աջ ու ձախ կողմերի շարքերով։ Կարծես Ազգային ժողովի հետ հանդիպմանը ԱԺ նախագահին ու պատգամավորներին էլ կամ հոգևոր դասի հետ հանդիպմանը Վեհափառին ու բարձրաստիճան եկեղեցականներին էլ նույնատիպ պրոտոկոլային դասավորություն կկարողանային առաջարկել կամ հայտարարել «Վարչապետը ակնկալում է գործնական, նաև ոչ ստանդարտ լուծումներ պարունակող առաջարկություններ»։
Սրանք երկու փոքր դրվագներ են այն բազմաթիվ դեպքերից, երբ Հայաստանի վարչապետները գիտակցված, բայց շատ դեպքերում նաև ենթագիտակցաբար, Կենտրոնական բանկի վրա իրենց իշխանությունը տարածելու հավակնություններ են հրապարակավ ցույց տվել։ Այլ հարց է, որ երբեք էլ որևէ հաջողության չեն հասել, որքան էլ ՀՀ կենտրոնական բանկն արտաքուստ համեստ է թվում։
Կենտրոնական բանկն անկախ է, գործադիր իշխանության ներկա և ապագա հարգարժա՛ն ներկայացուցիչներ
Կենտրոնական բանկի անկախության մասին շատ է խոսվել։ Բայց փորձը ցույց է տալիս, որ դրա մասին անընդհատ է պետք խոսել։ Փորձենք զուգահեռներ անցկացնել։
Որևէ երկրի ղեկավարի ցանկացած քայլ կարող է կանգնեցնել միայն մեկ կառույց՝ իր իսկ անվտանգության ծառայությունը։ Նա է, որ կարող է պետության գլխին արգելել ցանկացած հանդիպման գնալ կամ ինչ-որ միջոցառման մասնակցել, եթե տվյալներ ունի ռիսկայնության մասին և համարում է, որ վտանգ կա։
Որևէ երկրի կառավարության կողմից իրականացվող քաղաքականության համար էլ կա անվտանգության ծառայություն՝ տվյալ երկրի Կենտրոնական բանկն է։ Նա է, որ կարող է կանգնեցնել կամ իր գործիքներով զսպել անգամ լավ նպատակների ուղղված՝ կառավարության ցանկացած քայլ, եթե տվյալներ ունի ռիսկայնության մասին և համարում է, որ վտանգ կա։
Երկրների ղեկավարները շատ հաճախ տհաճությամբ են ընդունում իրենց անվտանգության ծառայությունների սահմանափակող որոշումները, որոնց պարտավոր են ենթարկվել։ Երկրների կառավարությունները երբեմն «ատամները կռճտացնելով» են ընդունում կենտրոնական բանկերի սահմանափակող որոշումները, բայց շատ ավելի հաճախ փորձում են իրենց «ենթարկեցնել» կենտրոնական դրամատներին՝ ենթագիտակցորեն չցանկանալով որևէ մեկի հետ կիսել տնտեսական քաղաքականության մենաշնորհի փառքն ու իշխանությունը։
Իսկ իրականությունն այն է, որ որքան դե ֆակտո պինդ ու անկախ է տվյալ երկրի կենտրոնական բանկը, այնքան պաշտպանված է նրա տնտեսությունը ամենատարբեր կատակլիզմներից։
Բաց նամակ գործադիր և օրենսդիր իշխանություններին
Հայաստանի խորհրդարանի յուրաքանչյուր նոր գումարման աշխատանքներն սկսելուց պատգամավորների հետ դրամավարկային քաղաքականության և բանկային համակարգի գործառույթների մասին ընդհանուր մեթոդոլոգիական քննարկում-սեմինարը բավական կարևոր կարող է լինել։ Միևնույն ժամանակ խորհրդարանում հստակ գիտակցում պետք է լինի, որ ապաքաղաքական կենտրոնական բանկն օբյեկտիվորեն չի կարող այնպիսի ինստիտուցիոնալ հենարան ունենալ պառլամենտում, ինչպիսին սովորաբար ունենում են կառավարությունները, մինչդեռ օրենսդրի կողմից կառավարության իրականացրած քաղաքականությունը վերահսկելու գործում անփոխարինելի դաշնակից է հենց Կենտրոնական բանկը։
Հայաստանի կառավարությունները պետք է սովորեն միշտ և ամեն քայլում հարաբերվել Կենտրոնական բանկի հետ որպես հավասարը հավասարի՝ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների համադրումից մինչև հարաբերությունների ամենապարզ ձևական կողմ՝ բանկային համակարգի հետ աշխատանքը հասցնելով սեղանի երկու կողմում դեմ դիմաց նստած երկկողմ հանդիպումների՝ վարչապետ-ԿԲ նախագահ ձևաչափով։
Մարդկային զարգացման միջազգային կենտրոն