Առողջապահության ոլորտի և կենսաթոշակների համար նախատեսված հատկացումները 2018-ին կնվազեն
2018 թվականի պետական բյուջեի նախագծով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվելու է 408.7 միլիարդ դրամ, որը գրեթե նույնն է, ինչ 2017 թվականի բյուջեի հատկացումներն էին:
Այսօր Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ այդ գումարից 236 միլիարդն օգտագործվելու է կենսաթոշակների համար: Նրա խոսքով՝ 2017 թվականին կենսաթոշակների համար նախատեսվող գումարը եղել է 248 միլիարդ, բայց հավաստիացրեց, որ կենսաթոշակները որքան եղել են, այնքան էլ պահպանվելու են:
2018 թվականի բյուջեի նախագծով նպաստների համար նախատեսվում է 78.6 միլիարդ դրամ, ինչը, Ա. Ջանջուղազյանի խոսքով, գրեթե նույն է, ինչ 2017-ին էր:
Փոխնախարարը նշեց, որ առողջապահության բանագավառին եկող տարի հատկացվելու է 80.1 միլիարդ դրամ, որը 5.1 միլիարդ դրամով պակաս է, քան 2017-ի բյուջեով հաստատված մեծությունն էր.
«Սա չի նշանակում, որ այս բնագավառում շահառուներին մատուցվող ծառայությունները կվաթարացվեն, համոզմունք կա, որ ավելի փոքր բյուջեով կարելի է ավելի մեծ արդյունավետություն ապահովել»: