«Ռուսաստանը դեմ չէ, որպեսզի Հայաստանը ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրի». Սկակով
«Եթե ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նախաստորագրվել է, այն կստորագրվի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանն ու դրանից առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարելիք այցին։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերին աշխատանքային այցով կժամանի Ռուսաստանի Դաշնություն։ Այդ մասին օրերս հայտնել էր Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։ «Մենք ակնկալում ենք, որ «Հայաստանի մշակութային օրեր Ռուսաստանում» միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա կլինի նաև մեր նախագահը, հետևաբար՝ ենթադրում ենք, որ նա աշխատանքային այցով Մոսկվա կժամանի նոյեմբերի 15-16-ը»,- ասել էր Տողանյանը մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ այցի օրակարգի մասին խոսել դեռ վաղ է։
Ուշագրավն այն է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա կապվում է նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի հետ, որի շրջանակներում հայկական կողմը ցանկանում է ԵՄ-ի հետ ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Ըստ շրջանառվող տեսակետների, հայկական կողմը մինչ համաձայնագրի ստորագրումը, ինչպես 2013թ. սեպտեմբերի 3-ին, փորձում է Ռուսաստանից վերջնական համաձայնություն ստանալ համաձայնագրի ստորագրման համար: Որոշ կարծիքների համաձայն, չի բացառվում, որ ռուսական կողմը խնդիրներ հարուցի, ինչպես ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման արարողությունից առաջ, ինչը նախատեսվում էր իրականացնել ԱլԳ Վիլնյուսյան գագաթաժողովի ժամանակ:
Ալեքսանդր Սկակովն ասաց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցի նպատակն այդ համաձայնագրի ստորագրման հարցը բանակցելը չէ, քանի որ այդ հարցում վաղուց կա որոշակի համաձայնություն Հայաստանի և Ռուսաստանի միջև: Դրա ապացույցը, ըստ նրա՝ այն է, որ համաձայնագիրն արդեն իսկ նախաստորագրվել է և պատրաստ է ստորագրման համար, այդ մասին բացեիբաց ՀՀ իշխանություններն են խոսում։
«Եթե այդ համաձայնագիրը հակասեր հայ-ռուսական հարաբերություններին կամ Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը, այն չէր նախաստորագրվի, ինչպես 2013 թվականին, երբ կողմերը որոշակի համաձայնության եկան՝ փոփոխել ստորագրվելիք համաձայնագրի բովանդակությունը մասամբ, քանի որ այն հակասում էր ձևավորվելիք միությանը՝ ԵՏՄ-ին, քանի որ խորը առևտրատնտեսական համագործակցություն էր ենթադրում ԵՄ-ի հետ:
Հայաստանն Ասոցացման համաձայնագրի հետ պետք է ստորագրեր ԽՀԱԱԳ պայմանագիր, ինչը անհնարին կդարձներ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը: Պետք է նաև նշեմ, որ այս համաձայնագիրը, ինչպես նաև Ասոցացման համաձայնագիրը, չեն ենթադրում ՀՀ անդամակցություն Եվրոպական միությանը, պարզապես 2013 թվականին մի շարք այլ գործոններ ևս դերակատարություն ունեցան, որպեսզի Հայաստանը հրաժարվեր ասոցիացվել ԵՄ-ին»,- ասաց Սկակովը:
Ռուս քաղաքագետն այն կարծիքին է, որ փոփոխված համաձայնագրի բովանդակությունն արդեն իսկ քննարկված է ռուսական կողմի հետ, հետևաբար՝ չի կարող խոչընդոտել երկկողմ հարաբերություններին, այսինքն՝ համաձայնագրում բավականին նվազեցված է անվտանգության և տնտեսության բաժինը, որը բավականին ցայտուն տեսք ուներ ԱՀ-ում: Նա ուշադրություն հրավիրեց նաև այն մթնոլորտի վրա, որն այսօր կա ՌԴ-ԵՄ հարաբերություններում: Ըստ վերլուծաբանի՝ սա պակաս կարևոր հանգամանք չէ, քանի որ ՌԴ-ԵՄ լարվածությունն անդրադառնում է նաև այս կողմերի և երրորդ երկրների հարաբերությունների վրա, ինչպես 2013 թվականին:
Սկակովը նշեց, որ 2013 թվականի լարվածությունը նվազել է, ԵՄ-ն փոխել է իր քաղաքականությունը՝ բավականին նվազեցնելով նաև իր հավակնություններն Արևելյան Եվրոպայում:
«Ի վերջո, Հայաստանն ազատ է տնօրինել իր արտաքին քաղաքականությունը, հաշվի առնելով այն տեխնիկատնտեսական սահմանափակումները, որոնք առաջանում են ԵՏՄ անդամակցության արդյունքում: Չեմ կարծում, որ Ռուսաստանն այս հարցում որոշիչ գործոն է, պարզապես քաղաքականությունը երկու ռազմավարական գործընկերների միջև դրական ուղիով է զարգանում, երբ այդ հարաբերություններն անկեղծ են և բաց, ինչը ներկայումս կա հայ-ռուսական հարաբերություններում»,- ասաց Սկակովը: