Չինաստանը կկառուցի աշխարհի առաջին արևային էլեկտրակայանը տիեզերքում
Չինաստանը կդառնա աշխարհի առաջին երկիրը, որն արեւային էլեկտրակայան կզետեղի բաց տիեզերքում: Այդ մասին Science and Technology Daily հանդեսին տված հարցազրույցում պատմել է Չինաստանի տիեզերական տեխնոլոգիաների ակադեմիայի գիտաշխատող Լի Մինը:
«Ներկայում Չինաստանը տեղ է գրավել տիեզերական արեւային էներգիայի բնագավառի հետազոտություններում առաջատար երկրների շարքում՝ զգալիորեն կրճատելով խզումը այդ ոլորտում գործող մյուս երկրներից»,-հայտարարել է Լի Մինը: Ի տարբերություն հանածո վառելիքի, որի օգտագործումը բերում է շրջակա միջավայրի աղտոտման, տիեզերական տարածությունում արեւային էներգիայի կիրառումը շատ ավելի արդյունավետ է, ավելի մաքուր եւ ավելի կայուն:
Գիտնականի կարծիքով, ի տարբերություն ցամաքային արեւային եւ հողմային էլեկտրակայանների, տիեզերական Էլեկտրակայանի աշխատանքի վրա բնական գործոնները չեն ազդում, դրանով իսկ այն կարող Է Երկրին մատակարարել վիթխարի էներգիա: Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ճապոնիան ներկայում ներդրումներ են կատարում այդ ոլորտի զարգացման մեջ, Հնդկաստանի, Հարավային Կորեայի եւ Եվրոպայի տիեզերական գերատեսչությունները նույնպես մասնակցում են նման հետազոտությունների անցկացմանը:
Չինաստանը տիեզերական էլեկտրակայանների ստեղծմանն ուղղված գործնական քայլերն սկսել է 2008 թվականին եւ արդեն զգալի արդյունքների է հասել էլեկտրաէներգիայի անհաղորդալար փոխանցման տեխնոլոգիայում: Չինաստանի տիեզերական տեխնոլոգիաների ակադեմիայի աշխատակից Վան Լիի խոսքով, «օտարերկրյա եւ չինացի գիտնականները վստահ են արեւային տիեզերական էլեկտրակայանների բնագավառում ՉԺՀ-ի առաջատար դերին»:
«Բացի տեխնոլոգիաների մշակումից, տիեզերական տարածությունում արեւային էլեկտրակայանի կառուցումը հսկայական ներդրումներ եւ աջակցում է պահանջում կառավարության կողմից. այդ ամենը Չինաստանը միանգամայն կարող է ապահովել»,-ասել էՎան Լին: Տիեզերական արեւային էլեկտրաէներգիան, ըստ մասնագետների գնահատումների, կարող է բարելավել Չինաստանի էկոլոգիական եւ էներգետիկական իրադրությունը, ինչպես նաեւ կնպաստի ինովացիաների ներդրմանը եւ արդյունաբերության նոր ճյուղերի ստեղծմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: