ՆԱՏՕ-ի նավերը մտել են Բաթումի նավահանգիստ
Regele Ferdinand ռումինական ֆրեգատը եւ Թուրքիայի դրոշի ներքո նավարկող ՆԱՏՕ-ի ռազմանավը մտել են Բաթումի նավահանգիստ. սպասվում է դաշինքի եւս երկու նավերի ժամանումը: Այդ մասին հայտնել է Վրաստանի ՆԳ նախարարությունը:
«Օրվա ընթացքում սպասվում է ՆԱՏՕ-ի եւս երկու նավերի ժամանումը: Պատվիրակությունը գլխավորելու է ՆԱՏՕ-ի միավորված ծովային ուժերի հրամանատարի տեղակալ, փոխծովակալ Էրվի Բրեժոնը: Փոխծովակալին եւ ՆԱՏՕ-ի պատվիրակությանն ընդունում է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլին եւ Վրաստանում Բուլղարիայի դեսպանությունը»,-ասված է նախարարության հայտարարության մեջ:
Նավերը Բաթումում կմնան մինչեւ նոյեմբերի 6-ը: Պատվիրակության անդամները նաեւ կայցելեն ծովային կառավարման համատեղ կենտրոն: Այցի արդյունքների շուրջ կկայանա կողմերի համատեղ մամուլի ասուլիս:
Սա ՆԱՏՕ-ի երկրորդ նպատակային մշտական խմբի նավերի երրորդ այցն է Վրաստան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: