
Ինչո՞ւ են Սփյուռքի նախարարությանը տրամադրվող հատկացումները մի քանի տարի շարունակ կրկնվում

ՀՀ սփյուռքի նախարարությանը 2018 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է տրամադրել 1 միլիարդ 44 միլիոն դրամի հատկացումներ: Այսօր Ազգային ժողովում նախագծի քննարկման ժամանակ նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ իրենք 25 ծրագիր են նախատեսում իրականացնել:
Հայաստանի Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը նախարարից հետաքրքրվեց, թե Սփյուռքում մեր համայնքների համագործակցությունն ինչպիսի՞ն է իրենց ազգային պետությունը չունեցող այլ համայնքների հետ, ունե՞նք համագործակցության ձևաչափեր ասորական, քրդական, եզդիական համայնքների հետ:
Ի պատասխան՝ Հ. Հակոբյանն ասաց. «Այո, մեր համայնքները, այն երկրներում, ուր կան ազգային փորքամասնություններ, խմբեր, շատ հետաքրքիր ձևով համագործակցում են, հատկապես՝ այն ազգերի հետ, որոնց հետ մեր շահերը համընկնում են»:
Հ. Հակոբյանի դիտարկմամբ՝ առաջին խնդիրը Սփյուռքի հետ կապված լեզվի կորուստն է. «Մենք պետք է ամեն միջոց ներդնենք, որ երիտասարդ մարդը լեզուն իմանա: Մենք ունենք շատ դպրոցներ, որոնք փակման եզրին են, այդ առումով ևս աշխատանքներ են տարվում մեր կողմից»:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նկատեց, որ վերջին մի քանի տարիներին Սփյուռքի նախարարությանը տրամադրվող հատկացումները, ինչպես նաև բյուջեի կատարողականները նույնությամբ կրկնվում են: Նա հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը:
Հ. Հակոբյանն ասաց, որ մեր բյուջեն շատ փորք է, և այդ բյուջեի փոքրությունը հնարավորություն չի տալիս ընդլայնել հատկացումները: Նրա խոսքով՝ իրենք տասնյակ անգամ ավել անում են ոչ բյուջետային միջոցներով: