«Մինչ բրյուսելյան գագաթաժողովը ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման համար ամեն ինչ պատրաստ կլինի». Չարնեցկի

«ԵՄ-ն փորձում է անել ամեն բան, որպեսզի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվի նոյեմբերի 24-ին Բրյուսելում սպասվող Արևելյան գործընկերության շրջանակներում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին՝ անդրադառնալով համաձայնագրին և դրա ստորագրման շուրջ առկա դիսկուրսին:

Չարնեցկին ասաց, որ ինչպես և ինքն էր ակնկալում՝ համաձայնագիրը կոնկրետ պարտավորություններ է ներառում երկու կողմերից, այդ թվում՝ տնտեսական ոլորտում, որը շատերը «խաղից դուրս» էին դիտարկում, կոնկրետ, բայց հսկայական աշխատանք, լուրջ ներդրումներ` թե ֆինանսական, թե կադրային, թե տեսական, թե պրակտիկ:

Ըստ նրա՝ համաձայնագիրը մեծ աշխատանք է պահանջում հայկական կողմից, որից կախված կլինի ՀՀ-ԵՄ հարաբերությունների որակը:

«Ես լավատեսորեն եմ տրամադրված այնպես, ինչպես երկու տարի առաջ, երբ պնդում էի, որ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսվեն, այն ավարտուն տեսք կունենա և կստորագրվի շատ շուտով, թեև Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, որը սահմանափակում է Հայաստանի մեծ առաջընթացը ԵՄ-ի հետ հարաբերություններում:

Այնուամենայնիվ, հայ ժողովուրդը խելացի ժողովուրդ է, եթե ԵՄ-ն Հայաստանի քաղաքակրթական ընտրությունն է, ինչպես ՀՀ իշխանություններն են պնդում, ապա այս համաձայնագրի վավերացումից անմիջապես հետո ՀՀ-ԵՄ հարաբերություններում կգա զարգացման հաջորդ փուլը` վիզաների ազատականացման գործընթացը, առանց որի՝ նախատեսվող բարեփոխումները կիսատ կլինեն, հայ ժողովուրդը պետք է առնչվի եվրոպական մշակույթին մոտիկից»,- ասաց Չարնեցկին:

Եվրոպական խորհրդարանի պատգամավորը չի կարծում, որ Հայաստանն ամբողջությամբ չի վավերացնի համաձայնագիրը: Նրա խոսքով՝ ոչինչ չի խանգարում համաձայնագրի վավերացմանը, դա ժամանակի հարց է, ինչպես Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի դեպքում:

«Այդ համաձայնագիրը Հայաստանի ցանկությունն է, այն, ինչ ներառվել է համաձայնագրում, եղել է Հայաստանի ցանկությունը: Ի դեպ, այս ամենը՝ այն բանից հետո, որ Հայաստանը մերժեց ԵՄ-ի հետ տարիներ շարունակ մշակված մի փաստաթուղթ: Կարծում եմ` հայկական կողմը գնահատում է դա»,- ասաց Չարնեցկին: ԵԽ փոխնախագահը բացառում է, որ Հայաստանը կրկին հրաժարվի ստորագրել համաձայնագիր ԵՄ-ի հետ:

«Ես հրաժարման պատճառներ չեմ տեսնում: 2013 թվականին իրավիճակն այլ էր, Հայաստանը որոշեց միանալ ԵՏՄ-ին, մենք դա հասկացանք, որից հետո նոր համաձայնագիր բանակցվեց՝ հաշվի առնելով Հայաստանի սահմանափակումները: Բայց հայկական կողմը նաև պնդում է, որ Հայաստանի արտաքին հարաբերությունները պետք է հավասարակշռված լինեն, պետք է հարաբերություններ լինեն և Ռուսաստանի, և ԵՄ-ի հետ, մեկը մյուսին չի խանգարում, և այս համաձայնագիրը դրա ապացույցն է: Չստորագրելու պատճառ պարզապես չկա: Այն, ինչ հարմար չի եղել Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը, հանվել է համաձայնագրից, և մնացել է համագործակցությունն այն ոլորտներում, որտեղ Հայաստանն ազատ է»,- ասաց եվրոպացի պատգամավորը:

Հարցին` հնարավո՞ր է՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` նոյեմբերի 15-ին կայանալիք աշխատանքային այցը Ռուսաստան ավարտվի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի խափանմամբ, ինչպես 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, Ռիչարդ Չարնեցկին պատասխանեց, որ ոչ:

«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այնպիսի բնույթ ունեն, որ երկու երկրների նախագահները կարող են երկկողմ այցեր ունենալ հաճախ, և դա կարող է բացարձակ որևէ կապ չունենալ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետ, գուցեև այս դեպքում ունենա, քանի որ առաջիկայում Արևելյան գործընկերության գագաթաժողովն է, նախագահները կարող են միմյանց հետ քննարկել մի շարք հարցեր, այդ թվում՝ նոր համաձայնագիրը, դրա բովանդակությունը, բայց դա չի նշանակում, որ Հայաստանն այդ այցից հետո կհրաժարվի փաստաթղթից, քանի որ իրավիճակն այսօր այլ է, մշակվել է Հայաստանին հարմար փաստաթուղթ, դրանից հրաժարվելու պատճառներ չկան, այնուամենայնիվ, ընտրությունը միշտ Հայաստանինն է, սպասենք ստորագրման արարողությանը»,- ասաց Չարնեցկին:

Վերջինիս կարծիքով՝ ՀՀ ԵՄ համաձայնագիրը կստորագրվի Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում: Ըստ նրա՝ կոնկրետ ժամկետ հնարավոր կլինի նշել, երբ ողջ աշխատանքն ավարտված լինի անդամ երկրների կողմից: «Վստահ եմ, որ հաշվի առնելով անցյալը՝ հանձնաժողովը ջանում է, որպեսզի ստորագրման արարողությունը չձգձգվի, քանի որ քաղաքականության մեջ իրավիճակները կարող են արագորեն փոխվել, այլ գործոններ կարող են ի հայտ գալ:

Բայց ԵՄ-ում կան համապատասխան ընթացակարգեր, որքան էլ որ դրանք ձանձրալի են, դրանք ԵՄ-ի էությունն են, բնույթը, այդ ընթացակարգերը փոխել հնարավոր չէ, քանի որ ԵՄ յուրաքանչյուր երկիր հարցերին անդրադառնալու իր արագությունն ունի, սա բարդ մեխանիզմ է, բայց այլ տարբերակ, այլ լուծում դեռ չի գտնվել, ուստի պետք է համակերպվել սրա հետ: Ես կարծում եմ, որ, երբ այդ աշխատանքն ավարտվի, համաձայնագիրը ստորագրվելու է՝ անկախ Բրյուսելում կայանալիք ԱլԳ գագաթաժողովից, կարևորը համաձայնագրի ստորագրումն է, սակայն կարծում եմ, որ մինչ գագաթաժողովն ամեն բան պատրաստ կլինի»,- ասաց Չարնեցկին:

Տեսանյութեր

Լրահոս