«Երբ նախկին թաղապետին նշանակում են Վրաստանում ՀՀ դեսպան, սա ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունները լուրջ չեն վերաբերվում ստեղծված իրավիճակին». Արա Պապյան

«Ակնհայտ է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին քաղաքական ծրագիր է, ոչ թե տնտեսական։ Այդ երկաթուղին չպետք է մեկուսի դիտարկենք, այն մաս է կազմում Չինաստան-Ղազախստան-Բաքու հատվածի»,- այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Նրա խոսքով՝ Իրանը չի կարող այս ամենից դուրս մնալ, քանի որ Աստարա-Ռեշտ երկաթգծի կառուցումը նշանակում է, որ սա Հայաստանին մեկուսացնող ծրագիր է.

«Հաստատ հայաստանյան բեռները չեն անցնելու այդ երկաթգծով։ Հայաստանը հարավից և հյուսիսից շրջանցող երկու երկաթգիծ է կառուցում Ադրբեջանը։ Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանի խնդիրը Հայաստանի մեկուսացումն ու քայքայումն է։ Արցախի հակամարտությունը վաղուց այլևս լոկ Արցախի հակամարտություն չէ:

Ադրբեջանի խնդիրն է՝ քառօրյա պատերազմների, նշանառուների կրակոցների, նման ծրագրերից դուրս թողնելու միջոցով՝ հասնել նրան, ինչ մենք տեսնում ենք՝ արտագաղթ և մեկուսացում։ Իշխանությունները պետք է փորձեն սրա դեմ ինչ-որ բան անել: Բայց երբ Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետին նշանակում են Վրաստանում Հայաստանի դեսպան, սա ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունները լուրջ չեն վերաբերվում ստեղծված իրավիճակին»։

Կարդացեք նաև

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանն էլ մի քանի դիտարկում արեց արտաքին դերակատարների վերաբերմունքի վերաբերյալ.

«Արևմուտքի վերաբերմունքն այս նախագծի նկատմամբ վերին աստիճանի զուսպ է եղել, նույնիսկ վարկեր չեն տվել, և սա արդեն վերաբերմունք է: Ես կարծում եմ՝ սա պատահականություն չէ, որովհետև այս նախագիծը միայն Հայաստանի դեմ ուղղված վտանգներ չէ, որ պարունակում է։ Սա նաև հակաարևմտյան դրսևորումներ է ստանալու, որովհետև Թուրքիան և Ադրբեջանը բավականին տեսանելիորեն հակաարևմտյան հունի մեջ են»։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նա ասաց, որ հենց որ նրան դուրս թողնող նախագծեր են իրագործվում, այդ երկիրը միանգամից հիշում է Կասպից ծովի ավազանի բաշխման հարցը.

«Ռուսաստանը որոշել է ռիսկերի կառավարում կատարել, իսկ դրա լավագույն օրինակը չկարգավորված կոնֆլիկտներն ու վեճերն են՝ Կասպից ծովի ավազան, Արցախի խնդիր։ Հետևաբար, որքան էլ բացահայտ դեմ կամ մրցակցային վերաբերմունք նոր նախագծի հանդեպ չկա, հասկանալի է, որ զուսպ լավատեսության տակ կա լուրջ մրցակցություն»։

Տեսանյութեր

Լրահոս