«Գյուղացիական վարկերը շատ են, հասնում են միլիարդների». Իգնատի Առաքելյան
«Դուք գիտեք, որ հանրապետությունում ընդհանուր առմամբ կա 1 միլիոն 450 հազար վարկառու. գյուղացիական վարկառուները քանի՞ տոկոս են կազմում, արդյոք դուք ուսումնասիրե՞լ եք, թե վարկերի տակ կքված ընտանիքներից քանիսն են հարկադիրի տակ»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ի պատասխան՝ նախարարն ասաց` ինքը գիտի, որ Կենտրոնական բանկն է ուսումնասիրում այդ տվյալները.
«Պարբերաբար մեզ էլ են տալիս այդ տեղեկատվությունը: Իհարկե, վարկերը շատ են, հասնում են միլիարդների, այնուամենայնիվ, այսօր մենք չունենք լուծում, թե հարկադիրում եղած վարկերն ինչպես պետք է փակվեն, բայց մենք ունենք լուծում, որ մթերվող ապրանքի դիմաց ժամանակին վճարումը թույլ կտա թեթևացնել այդ բեռը, գյուղացիներին՝ շուտ ձերբազատվել այդ վարկերից»: