Եվրոպան Ասիայի հետ կապող երկաթուղային կամուրջի մաս կարող է դառնալ նաև Հայաստանը

Հոկտեմբերի 30-ին գործարկվեց Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա երրորդ խոշոր տնտեսական նախագիծը՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարից և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղից հետո: Խոսքը Եվրոպան Ասիային կապող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի մասին է, որն անցնելով այս երեք երկրների տարածքով, տնտեսական նոր հեռանկարներ բացելով Եվրոպայից Չինաստան՝ միևնույն ժամանակ՝ շրջանցում է Հայաստանն ու Ռուսաստանը:

Հարկ է նշել, որ երկաթգծի փոխադրման կարողությունը գնահատվում է տարեկան մինչև 1 մլն ուղևոր և 5 մլն տոննա բեռնափոխադրման հնարավորություն: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին հնարավորություն է ստեղծելու, որպեսզի Կենտրոնական Ասիայի երկրները՝ Թուրքմենստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը, ինչպես նաև՝ Աֆղանստանը, եվրոպական շուկա մուտք գործեն: Նախատեսվում է, որ գնացքները կբեռնավորվեն Չինաստանում, ապա կանցնեն դեպի Ղազախստան, Կասպից ծովով կտեղափոխվեն Բաքու, ապա՝ Վրաստանով և Թուրքիայով կհասնեն Եվրոպա:

2007 թվականից ի վեր, երբ սկսվեց այս նախագծի իրականացումը՝ ձգվելով 10 տարի, հայկական քաղաքական և փորձագիտական շրջանակները ծրագիրը տարբեր կերպ մեկնաբանեցին՝ այն որակելով Հայաստանի շուրջ տրանսպորտային օղակի սեղմում, ինչպես նաև՝ Հայաստանի համար հնարավորություն:

Այս օրերին ևս` երկաթգծի հանդիսավոր բացման արարողությանը զուգահեռ, ակտիվորեն քննարկվում է երկաթգծին միանալու կամ չմիանալու նպատակահարմարությունը: Նախագծի իրականացման սկզբնական տարիներին Հայաստանը դեմ էր արտահայտվել ծրագրին՝ առաջարկելով շահագործել գոյություն ունեցող Կարս-Գյումրի երկաթգիծը:

Ավելին, շատերը կհիշեն, որ Հայաստանի հորդորով, ԱՄՆ-ը և Եվրամիությունն անգամ զերծ մնացին աջակցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցմանը: Այդ տարիներին որպես նախագծի գլխավոր նպատակ էր դիտարկվում Հայաստանի մեկուսացումը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից՝ Վրաստանի միջոցով, և Ռուսաստանից «վրեժխնդիր» լինելու ցանկությունը՝ Վրաստանի կողմից: Սակայն ներկայումս ակտիվորեն քննարկվում է երկաթգծին Հայաստանի միանալու հեռանկարը, ինչը բավականին աղոտ է ուրվագծվում` հաշվի առնելով Հայաստանի անցյալի քննադատությունները: Այնուամենայնիվ, արդարացված կարծիքներ են հնչում այն մասին, որ Հայաստանի մասնակցությունն այս պրոյեկտին կմեղմի Հայաստանի շրջափակումը նույն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից:

«168 Ժամի» հետ զրույցում, անդրադառնալով տեսակետներին, թե այս ծրագրով փորձ է արվում խորացնել Հայաստանի շրջափակման օղակը, Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին դրանք անիմաստ որակեց:

Նա պնդում է, որ Վրաստանն այս նախագծին համաձայնել է՝ ելնելով տնտեսական և առևտրային շահերից, չհետապնդելով որևէ քաղաքական նպատակ: Թեև, ըստ նրա, Վրաստանում ևս Սահակաշվիլիի օրոք քննարկվում էր Ռուսաստանից «վրեժխնդիր» լինելու նպատակը, սակայն դա ևս անմիտ է, քանի որ նման նպատակի դեպքում այս պրոյեկտը պարզապես հնարավոր չէր լինի իրագործել Ռուսաստանի դիմադրության պատճառով:

«Ռուսաստանը սա չի դիտարկում՝ որպես լուրջ, մրցակցային պրոյեկտ, առավել ևս չի դիտարկում սրա քաղաքական հիմքերը, քանի որ նման հիմքեր չկան: Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները չափազանց լավ են, հատկապես՝ ռուս-վրացական պատերազմից հետո, Վրաստանը նման նպատակով պրոյեկտի, պարզ է, որ չէր համաձայնի:

Մյուս կողմն այն է, որ, եթե Հայաստանի հետ Թուրքիան և Ադրբեջանը խնդիրներ ունեն, սա ինքնըստինքյան դիտարկվում է՝ որպես Հայաստանի մեկուսացման փորձ, այնինչ իրականում նման նպատակ չկա»,- վստահեցրեց Մենագարիշվիլին՝ հղում կատարելով նաև իրեն հայտնի դիվանագիտական աղբյուրներին: Նրա խոսքով, երեք երկրների փակ բանակցություններում երբեք նման հարց չի քննարկվել, Վրաստանը դրան դեմ կլիներ, ծրագրի նպատակն է եղել՝ երեք երկրների միջև տնտեսական, առևտրային կապերի ամրապնդումը հետագա հեռանկարներով:

Իրակլի Մենագարիշվիլին դրական է վերաբերվում այս պրոյեկտին Հայաստանի մասնակցության հեռանկարին: Սակայն, ըստ Վրաստանի ԱԳ նախկին նախարարի, դժվար է ասել, թե ինչպես կարձագանքեն այդ հեռանկարին Թուրքիան և Ադրբեջանը: «Գիտենք, որ Վրաստանը կարող է միջնորդել, բայց նախագծի կառավարումն իրականացնում է Ադրբեջանը, այս պրոյեկտում ավելի մեծ գումարներ են ներդրել Թուրքիան և Ադրբեջանը, կարելի է ասել, որ տնտեսապես Վրաստանը կախված է իր երկու հարևաններից:

Վրաստանը կարող է նման հարց բարձրացնել, բայց վստահ եմ, որ դա արդյունք չի ունենա, հենց այդ պատճառով նման հարց չի բարձրացվի: Վրացական կողմը պետք է լսի նաև հայկական կողմի ցանկությունը, իսկ ներկայումս հայտնի չէ, թե ինչ է ցանկանում հայկական կողմը: Եթե հայկական կողմը ցանկություն հայտնի, այս հարցը հնարավոր կլինի շրջանառության մեջ դնել, աշխատել այն ուղղությամբ, որ ծրագրի նպատակը Հայաստանի մեկուսացումը չէ: Կարծում եմ, անհրաժեշտության դեպքում կարող են բանակցություններ տեղի ունենալ այս հարցի շուրջ, որով այս պրոյեկտն էլ ավելի հզոր կդառնա»,- նման տեսակետ հայտնեց Իրակլի Մենագարիշվիլին:

Մեզ հետ զրույցում թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթարը ևս չբացառեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն Հայաստանի միանալու հնարավորությունը:

Ըստ նրա՝ դա հատկապես գրավիչ պետք է լինի Հայաստանի համար, քանի որ Ախալքալաքը Հայաստանից բաժանում է մի քանի տասնյակ կիլոմետր, և այստեղ փոքր ներդրումներով հնարավոր կլինի կառուցել նոր գիծ: Սակայն, Աքթարի խոսքով, Հայաստանը ցանկության դեպքում պետք է պատրաստ լինի նաև դիմադրությանը, որը վստահաբար կլինի Ադրբեջանից և Թուրքիայից:

«Կարծում եմ` այս հարցում Հայաստանի գործընկերը Վրաստանը կարող է լինել, Վրաստանը կարող է միջնորդել, որպեսզի Հայաստան-Ադրբեջան բանակցություններ սկսվեն այս հարցի շուրջ, կարծում եմ` էականն այստեղ Ադրբեջանի դիրքորոշումն է, Ադրբեջանը կարող է մի շարք պատճառաբանություններ ներկայացնել, թե ինչու Հայաստանը չի կարող միանալ այս պրոյեկտին: Իմ համոզմամբ՝ Թուրքիան լուրջ պատճառներ չունի ընդդիմանալու այս պրոյեկտին, միակ պատճառն Ադրբեջանը կարող է լինել, որից կախված է նաև Թուրքիան:

Այս ուղղությամբ աշխատանք տանելու դեպքում Վրաստանը և Հայաստանը կարող են հաջողել, բայց այն պետք է անընդհատ աշխատանք լինի: Այնինչ այս պահին հայտնի չէ, թե ինչ է ցանկանում հայկական կողմը»,- ասաց թուրք քաղաքագետը:

Վերջինիս կարծիքով՝ այս պրոյեկտի նպատակը Հայաստանի մեկուսացումը չի եղել, ինչպես Հայաստանում շատերն են պնդում:

«Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը նմանատիպ մի քանի պրոյեկտներ ունեն, քանի որ կարողանում են ակտիվ համագործակցել, այդ համագործակցությունը տեղափոխել են նաև ռազմական ոլորտ, որպեսզի ապահովեն այս պրոյեկտների անձեռնմխելիությունը, քանի որ հայաստանցի մի շարք ռազմական գործիչներ տարիներ շարունակ սպառնում էին թիրախի տակ առնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանի անհեռատես գործողությունների դեպքում:

Ետին պլանում Ադրբեջանը ցանկանում է մեկուսացնել Հայաստանին, ինչը ենթադրում է թուլացում՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, որն էլ կթուլացնի հայկական կողմի դիրքերը հայ-ադրբեջանական բանակցություններում; Սակայն այս մասին իրավունք ունեն խոսել միայն ադրբեջանցի փորձագետները, և ոչ՝ իշխանությունները, քանի որ իշխանությունները Թուրքիայից և Վրաստանից նման վետո չեն ստացել, դա մարտահրավեր կդիտարկվի և կտապալի այս պրոյեկտի հեռանկարները»,- նկատեց թուրք վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս