Բաժիններ՝

«Բայց ինչի՞ համար եք նյարդայնանում, պարոն Բագրատյան». 2018 թվականի բյուջեի թեժ քննարկումն ԱԺ-ում

«Բնական մենաշնորհները խոշոր հարկատուների ցանկում առաջիններն են, եթե խոսքն այլ մենաշնորհների մասին է, ես նրանց կձևակերպեի՝ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, նրանք եղել և մնալու են մեր ֆոկուսի հիմնական կենտրոնում»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը 2018 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ:

Նախարարի խոսքով՝ խաղի կանոնները բոլորի համար պետք է նույնը լինեն, ու իրենք ջանում են՝ այդպես լինի:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցով դիմեց նախարարին. «Պարոն նախարար, ես հարցերս շատ հստակ եմ ձևակերպում. Դուք ասում եք՝ գերիշխող դիրք, ես ասում եմ՝ մենաշնորհ: Ես կոնկրետ ոլորտ եմ ասում, եթե վառելիքի ոլորտում կա 3 ընկերություն՝ տվել եք՝ 60 տոկոս՝ CPS, 34 տոկոս՝ «Ֆլեշ», 6 տոկոս՝ «Մաքս Պետրոլ»: Ինչ-որ մեկը տեսե՞լ է, որ մարդիկ մրցակցեն, բայց շուկայում 1 դրամի տարբերություն չլինի: Տենց մրցակցություն աշխարհում կա՞: Ո՞նց է, որ միայն 400 է 3-ի մոտ էլ ու տարիներ շարունակ: Այսինքն՝ մենք մեզ ձե՞ռ ենք առնում, պարոն նախարար: Դուք ասում եք՝ երկհարթակը քննարկում է: Երկհարթակ գանգատարկման ընթացքում դիմում են Քննչական կոմիտե, զուգահեռ՝ տնօրենին հիվանդ վիճակում, վզից բռնած՝ տանում են Քննչական, ընդեղից շպրտում են Պետեկամուտներ: Եթե մենք ուզում ենք ձև անենք, եկեք այս քննարկումը չանենք, եթե ուզում ենք խնդիր լուծել, եկեք բաց խոսենք»:

Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Բայց ինչի՞ համար եք նյարդայնանում, պարոն Բագրատյան: Էմոցիաները դնենք մի կողմ, ուղղակի ես նորից եմ ուզում ասել՝ մենաշնորհը տնտեսագիտական ձևակերպմամբ՝ երբ կա մեկ մատակարար ու բազում սպառողներ, և մատակարարը գին է թելադրում: Ձեր ասածը կարող է լինել նաև օլիգոպոլիստական շուկաների դրսևորման ձևեր: Եթե կա 3 խաղացող, նման դրսևորում հնարավոր է, որ գների նույնականացում լինի, ու մարդիկ իրար հետ մրցեն ծավալներով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս